Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Հունիս 30,2001 00:00

ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ՊՈԵՏԻԿ ՇՈՒՆՉԸ Հարցազրույց վաստակաշատ դերասան Բաբկեն Ներսիսյանի որդու՝ դերասան Տիգրան Ներսիսյանի հետ։ -Ինչպիսի՞ն է այսօր թատրոնի վիճակը։ – Այսօր ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի արվեստագետը չզբաղվի արվեստով։ Դժվարություններ միշտ էլ եղել են եւ ոչ ոք էլ չի ակնկալում հեշտ ճանապարհ։ Սակայն այս խոչընդոտները արհեստածին բնույթ են կրում։ Դերասանն այսօր աշխատում է էքստրեմալ պայմաններում. չկա հարմարավետություն՝ ո՛չ հանդիսատեսի եւ ո՛չ էլ դերասանի համար։ Եվ այս ամենի առկայության դեպքում հերոսություն է լեցուն դահլիճ ապահովելը, որը, բարեբախտաբար, դեռ մեզ հաջողվում է։ Չնայած հանրապետությունից հեռացողների թիվը գնալով մեծանում է, որոնց մեջ են, անշուշտ, նաեւ իմ հանդիսականները։ – Կա՞, արդյոք, հանդիսատեսի սերնդափոխություն։ – Կոնկրետ իմ՝ Տիգրան Ներսիսյանի հանդիսատեսը երիտասարդությունն է։ Ամեն ներկայացումից հետո ինձ տասնյակ երիտասարդներ են սպասում թատրոնի մուտքի մոտ։ Երբեմն բազմաբնույթ խոսակցություններ են լինում այն մասին, որ դահլիճում գերակշիռ մաս են կազմում դպրոցականները։ Բայց չէ՞ որ նրանք են մեր վաղվա հանդիսատեսը, հարկավոր է այսօրվանից նրանց մեջ գեղագիտական ճաշակ ձեւավորել։ – Ի՞նչն է պատճառը, որ արվեստագետը, գնալով արտերկիր, մի քանի ամիս անց ճանաչում է գտնում։ Մի՞թե այստեղ ինքնարտահայտման հնարավորություն չկա։ – Պարզապես մեր միջի օտարապաշտությունն է խոսում։ Գուցե մեր կողքին ավելի խելացի, տաղանդավոր մարդիկ կան, որոնց չենք նկատում, իսկ եթե արտերկրից եկած է, ուրեմն անպայման հանճարեղ մարդ է։ Այս հարցին կարելի է նաեւ այլ տեսանկյունից նայել. ինստիտուտն ավարտած երիտասարդը գալով թատրոն, տեսնելով մեր կրած դժվարությունները՝ կարծես հայելու մեջ տեսնում է իրեն եւ հեռանում թատրոնից, գուցե եւ հանրապետությունից։ Իսկ դրսում բարենպաստ պայմաններ գտնելով՝ սկսում է զբաղվել իր մասնագիտությամբ, ճանաչում նվաճել։ – Երկիրը գնում է դեպի շուկայական հարաբերություններ։ Ինչպիսի՞ն է այդ հարաբերությունների եւ արվեստագետի բախումը։ – Շուկայական հարաբերությունները վաղուց են ներթափանցել թատրոն։ Սա բնական երեւույթ է, պարզապես մեր դժբախտությունն այն է, որ «նժարը» խախտվել է։ Եթե մենք մաս ենք կազմում շուկայական հարաբերությունների, ապա պետք է պայմաններ ստեղծել շուկա դուրս գալու համար։ Իսկ երբ պետությունը չի կարողանում 5-6 տարվա ընթացքում իր միակ ակադեմիական թատրոնը տանել փառատոների, հյուրախաղերի, այս դեպքում շուկայական հարաբերությունների մասին խոսելն ավելորդ է։ Չի կարողանում, թե՝ չի ուզում՝ չգիտեմ, արդեն խառնում եմ իրար։ – Գուցե ա՞յս դեպքում է մշակութային քաղաքականության կարիքը զգացվում։ – Մշակութային քաղաքականությունը անհրաժեշտություն է։ Սրանք պարզապես բառեր չեն, այլ հարկավոր են ավելի ռեալ երաշխիքներ։ Նախ եւ առաջ պետք է մշակույթի մասին օրենք ունենալ, որով եւ կկարգավորվի մշակութային կյանքը։ – Իսկ ինչքանո՞վ են փոխկապակցված քաղաքականությունն ու արվեստը։ – Արվեստագետը, անշուշտ, պետք է զերծ մնա քաղաքականությունից։ Սակայն նա այսօր այնպիսի անբարենպաստ, ոչ շահեկան վիճակում է, որ ակամայից հայտնվում է քաղաքական դաշտում։ Քանզի արդի պայմաններում քաղաքական գործիչն ավելի բարձր վարկանիշ ունի, քան արվեստագետը։ – Այսօր գրեթե յուրաքանչյուր ոլորտ հեղափոխություն ապրեց։ Իսկ ե՞րբ է կայանալու մշակութային արժեքների վերաիմաստավորումը։ – Անշուշտ, դա լինելու է։ Գուցե սերունդներ կորցնենք, բայց եւ այնպես կհասնենք դրան։ Իսկ հույսեր կան։ Ես բեմ եմ դուրս գալիս, իսկ այն նույն հանդիսատեսը, որին շատ հաճախ անուն ենք կպցնում, երկու ժամ անընդմեջ Ալբեր Քամյու է լսում, այդ ժամանակ հասկանում եմ, որ ամեն ինչ կորած չէ։ – Ի՞նչ եք մտածում հեռուստաթատրոնի անկման մասին։ – Անկումը կապակցված է ֆինանսական վիճակի հետ։ Հեռուստատեսությունը հեղեղված է ցածրորակ հայկական ներկայացում-ֆիլմերով։ Դրանց դերակատարներն էլ իրենց դերասան են համարում։ Դերասանի մասնագիտությունն է վարկաբեկվել։ Տարիներով քրտնաջան աշխատող, տարբեր դերեր մարմնավորողն ու երկու անեկդոտ պատմողը հավասարվել են։ Չեն հասկանում, որ միայն մի դերը, թեկուզ եւ փայլուն կատարման դեպքում, բավական չէ դերասան կոչվելու համար։ Նախկինում հեռուստաթատրոնները նաեւ հանդիսատես էին ապահովում թատրոնի համար։ – Ձեր մուտքը «Արմենիա» հեռուստաընկերություն ինչպե՞ս ստացվեց, գուցե Արեւմուտքի ազդեցությո՞ւնը կապ ունի։ – Ազդեցություն չի կարելի անվանել, ուղղակի ճիշտ է դերասանի մուտք հեռուստատեսություն։ Այստեղ կարեւորը հաղորդման ճիշտ ընտրությունն է։ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությունը հրավիրեց ինձ ու կնոջս՝ Նելլի Խերանյանին, համատեղ հաղորդում ստեղծելու։ Եվ, կարծում եմ, գտել ենք հաղորդման հետաքրքիր տարբերակ։ Այն կատարյալ չեմ համարի, քանի որ կան դեռ չլուծված խնդիրներ, բայց ինքնատիպություն հաստատ կա։ Իմ մուտքը հեռուստատեսություն ունի իր բացասական կողմերը եւս. պատահում է, փողոցում ինձ հանդիպելիս ճանաչում են հաղորդումով եւ ոչ թե թատրոնով։ – Միգուցե հեռուստատեսության միջոցով ցանկացաք իմի՞ջ ձեռք բերել։ – Կարող էր եւ հակառակը լիներ։ Ոչ, ճանաչված լինելու համար ինձ թատրոնը բավական է։ Պարզապես ցանկացա փորձել ուժերս նաեւ այդ բնագավառում։ Բացի այդ, ես պոեզիայի մեծ սիրահար եմ եւ հաղորդման ընթացքում հնարավորություն է ընձեռվում մեր գրականության մասունքներից գոնե փշրանքների հաղորդակից դարձնել հասարակությանը։ Քանզի մենք մեր միջի պոեզիան, պոետիկ շունչը կորցրել ենք։ ԱՆԱՀԻՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել