Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1999թ. հունվարի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով Մարինե Մարինոսյանը նշանակվեց Արմավիրի մարզի առաջին ատյա

Հունիս 30,2001 00:00

ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑԻՆ. ՀԵՏՈ՞ 1999թ. հունվարի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով Մարինե Մարինոսյանը նշանակվեց Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։ 2000թ. նոյեմբերի 13-ին հանրապետության նախագահի առաջարկությամբ Արդարադատության խորհուրդը բավարարեց նախարար Դ. Հարությունյանի միջնորդությունը, ինչի արդյունքում նախկին դատավորի կարգավիճակ ստացավ Մ. Մարինոսյանը։ Նրա լիազորությունները դադարեցվեցին։ Այս պահին դատավորը գործազուրկ է եւ իր իրավունքներն է փորձում պաշտպանել տարբեր ատյաններում։ Մ. Մարինոսյանի՝ դատավորի լիազորությունների դադարեցման հիմք է համարվել «7 հանցագործների ձերբակալման ձախողումը», ինչի կապակցությամբ նախկին դատավորը փորձեց մեր զրույցի ժամանակ պարզաբանել վերոնշյալ «հանցանքը». «Նախ, 7 հանցագործների ձերբակալման ձախողում չի եղել։ Եթե նույնիսկ ընդունենք, որ եղել է, ապա՝ ոչ իմ մեղքով»։ Նա ասաց, որ խոսքը վերաբերում է 2000թ. հոկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փորձի եւ դիտավորյալ սպանության համար Արմավիրի մարզի դատախազության կողմից Ա. Ա.-ի, Ա. Ա.-ի, Ա. Հ.-ի, Մ. Խ.-ի, Ա. Ս.-ի, Վ. Հ.-ի եւ Գ. Չ.-ի նկատմամբ հարուցված քրգործին (սպանվել է Գոռ Սեդրակյանը, իսկ նրա եղբոր՝ Գեորգի Գաբոյանի նկատմամբ սպանության փորձ է եղել)։ «2000թ. հոկտեմբերի 16-ին, 20-ին, 24-ին եւ 26-ին,- շարունակում է ներկայացնել Մ. Մարինոսյանը,- Արմավիրի մարզի դատախազության ավագ քննիչի անունից դատարան ներկայացվեցին 15 միջնորդություններ՝ խափանման միջոցը կալանք ընտրելու, նամակագրության, փոստային, հեռագրական ու այլ հաղորդումները վերահսկելու, բնակարաններում խուզարկություններ կատարելու մասին։ Բոլոր միջնորդությունները բավարարվել են անհապաղ եւ կայացված որոշումներն անմիջապես հանձնվել քննիչին»։ Ըստ քննիչի հոկտեմբերի 16-ի հայտարարության էլ՝ հանցագործությունը կատարած անձինք թաքնվում էին Մոսկվա քաղաքում։ (Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ քննիչը այդ ժամանակ չի ներկայացրել միջնորդությունները)։ Խափանման միջոց՝ կալանք ընտրելու մասին 7 որոշումների ռուսերեն օրինակներն առանց հայերեն բնօրինակների հոկտեմբերի 27-ին են ներկայացվում հաստատման։ Հետեւաբար, դատավորը զրկված է լինում համեմատություններ անելու նախնական հնարավորությունից (նկատենք, որ դատավորը կարող էր առանց բնօրինակի չհիշել այդ 7-ի անուն-ազգանունները)։ Ի դեպ, հայերենը պարտադիր էր նաեւ այն պարզ պատճառով, որ ՀՀ Սահմանադրությամբ մեր պետական լեզուն հայերենն է։ Թե «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, թե ՀՀ քրդատօրի 15 հոդվածի համաձայն «քրեական դատավարությունը տարվում է հայերեն»։ Եվ նաեւ՝ քրեական դատավարության ընթացքում յուրաքանչյուր ոք իրավունք ունի հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է։ Ի դեպ, ես բազմաթիվ անգամ ականատես եմ եղել նախագահի՝ ՍԴ ուղարկված դիմումների մերժման, երբ դրա հիմքերը եղել են այլ լեզուներով եւ գործից էլ բացակայել է դրա հայերեն տարբերակը։ Ի՞նչ է, ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնեին, որ միջազգային կարեւորագույն պայմանագրերի ընդունո՞ւմն են ձախողել։ Արդարադատության նախարարի միջնորդությունը վերընթերցելիս այն տպավորությունն ես ստանում, թե Մ. Մարինոսյանը խուսափել է որոշումները ստորագրել, քանի որ չի տիրապետել ռուսերենին։ Չնայած միջնորդության մեջ կա այսպիսի պարբերություն էլ. «Մարինե Մարինոսյանի կողմից 1998թ. նոյեմբերի 20-ին լրացրած կադրերի հաշվառման անձնական թերթիկում 8-րդ կետի «օտար ի՞նչ լեզուներ եք տիրապետում» հարցին՝ նա իր ձեռքով լրացրել է՝ «ռուսերեն, ֆրանսերենն ու գերմաներենը՝ բառարանով», որից հետեւում է, որ Մ. Մարինոսյանը տիրապետում է ռուսերեն լեզվին»։ Ուրեմն, ի՞նչն է պատճառը։ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը դիմում է արդարադատության նախարար Դ. Հարությունյանին. «դատավորի՝ իր լիազորությունների դադարեցման մասին Արդարադատության խորհրդի եզրակացությունն անարդար է, հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ Խորհրդի նիստը ընթացել է ընթացակարգային խախտումներով, ուստի եւ ՀՀ նախագահի հրամանագիրը՝ Մ. Մարինոսյանի լիազորությունների դադարեցման մասին եւս հակաօրինական է»։ Հավանաբար, ԱԺ վերոնշյալ հանձնաժողովը «ընթացակարգային խախտում» ասելով նկատի է ունեցել այն հանգամանքը, որը գործող Սահմանադրության գործող հոդվածն է մատնանշում։ Ըստ 95 հոդվածի, «դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս Արդարադատության խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը»։ Մինչդեռ, Մարինե Մարինոսյանի «հանցանքն» այնքան մեծ է եղել, որ նոյեմբերի 10-ի նիստին մասնակցել են հանրապետության նախագահը, արդարադատության նախարարը, որոնք չպիտի մասնակցեին։ Վերադառնանք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով, որին այս տարվա փետրվարի 2-ին պատասխան գրություն է ուղարկում Դավիթ Հարությունյանը. «Մ. Մարինոսյանի կողմից Արդարադատության խորհրդի նիստի ընթացակարգային խախտումների վերաբերյալ բարձրացված հարցը համարում եմ անհիմն» (նկատենք, որ ԱԺ հանձնաժողովն էր վերոնշյալ գնահատականը տվել)։ Նա հաստատում է… այո, որ «ԱԽ-ի մասին» օրենքի հոդված 20-ի համաձայն, դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս նիստերը վարում է վճաբեկ դատարանի նախագահը։ Եվ սակայն հղում է անում «Դատավորի կարգավիճակի մասին» օրենքի 30, 31 հոդվածները, ըստ որի, «դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Արդարադատության խորհուրդը», երբ հիմքում ընկած է արդարադատություն իրականացնելիս օրենքի խախտում թույլ տալը։ ՀՀ քաղաքացիներն ունեն դատական, հազարումի պաշտպանության իրավունքներ։ Հետաքրքիր է, որ դատավորին, նաեւ քաղաքացուն իրավունք չի վերապահված բողոքարկելու կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ լիազորությունների դադարեցման մասին որոշումը, հետեւաբար, խոսել հավասար պաշտպանության իրավունքի ինստիտուտի մասին (դատարան դիմելու չարգելված միջոցներով իր իրավունքները պաշտպանելու)՝ այս դեպքում անիմաստ է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Քրդատօրի 197 հոդվածով «քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում»։ Հետեւաբար, 11-րդ օրը խոսել հանցագործության ձախողման մասին՝ աբսուրդ է։ Ի դեպ, նույն քրդատօրենսգրքով «դատավորը, դատախազը, քննիչը… դատավարության այլ մասնակիցները… իրավունք չունեն թարգմանիչ լինելու», հետեւաբար, մեղադրել նախկին դատավորին նաեւ թարգմանիչ «չդառնալու» համար, մեղմ ասած, ճիշտ չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել