Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունիսի

Հունիս 30,2001 00:00

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԽԱՂԱՂ Է Հունիսի 27-ին դպրոցների շրջանավարտները ստացան ավարտական ատեստատները, սակայն, ինչպես սովորաբար լինում է այս օրերին, բուհեր դիմողների մեծ հոսք դեռ չի նկատվում։ Երեկվա մեր հարցումների նպատակն էր դիմումների վիճակագրական պատկերը պարզել՝ քանի՞ դիմում կա, տղանե՞րն են շատ, թե՞ աղջիկները եւ հատկապես ո՞ր մասնագիտությամբ են ամենաշատը դիմել։ ԵՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ալեքսանդր Գրիգորյանի կանխատեսմամբ՝ տղա-աղջիկ համամասնության նախորդ տարվա ցուցանիշը կպահպանվի։ Նախորդ տարի ԵՊՀ դիմած ուսանողների 60%-ը աղջիկ էր, 40%-ը՝ տղա։ Երեկ օրվա առաջին կեսի դրությամբ, Մայր բուհն արդեն 80 դիմում ուներ։ Նախորդ տարի այս ժամանակ դիմումները 58-ն էին։ Ամենահեղինակավոր մասնագիտությունը, դատելով դիմումներից, հայոց լեզու եւ գրականությունն է (13 դիմում)։ Նրան շատ քիչ են զիջում ինֆորմատիկա ու կիրառական մաթեմատիկա եւ լրագրություն մասնագիտությունները, իսկ իրավագիտություն մասնագիտության համար, որքան էլ տարօրինակ է, միայն 2 դիմում կար։ Հավանաբար դա նրանից է, որ մեդալակիրները դեռ չեն «գրոհել»։ Մանկավարժական համալսարանը, որ 50 դիմում ունի, արդեն «գրոհել» են դիմորդները, քանի որ հանձնաժողովի աշխատանքը երեկ բավականին լարված էր։ 50 դիմորդից 42-ը աղջիկ է եւ միայն 8-ը՝ տղա։ Ամենից շատ դիմել են տարրական կրթության մանկավարժություն եւ մեթոդիկա ու հոգեբանություն մասնագիտությունների համար։ Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտ ավանդաբար աղջիկներն են ավելի շատ դիմում եւ այս տարի էլ հավանաբար բացառություն չի լինի։ Պատքարտուղար Գեւորգ Ադամյանի կարծիքով, դիմումների հիմնական հոսքը երկուշաբթի օրվանից կսկսվի։ Բուհն արդեն ուներ 36 դիմում եւ դա ընդամենը մի 5-6-ով է պակաս նախորդ տարվա ցուցանիշից։ Իսկ դիմորդների նախընտրած մասնագիտությունը անգլերեն լեզուն է, ուր դիմել են նրանց մոտ կեսը՝ 15 դիմորդ։ Ի տարբերություն այս բուհի, ֆիզկուլտուրայի ինստիտուտի դիմորդների 90%-ը տղաներ են, իսկ դիմումները, ըստ մասնագիտությունների, գրեթե հավասար են բաշխված։ Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանում երեկվա դրությամբ դիմորդների շրջանում ամենահեղինակավոր մասնագիտությունը ճարտարապետությունն է։ Տղա-աղջիկ համամասնությունը համապատասխանաբար 60-40% է, իսկ դիմումների թիվը՝ 15։ Գյուղակադեմիա դիմել է 9 դիմորդ, սակայն պատքարտուղար Լեւոն Մարգարյանից տեղեկացանք, որ բուհ այցելող դիմորդների թիվը մեծ է, բայց դեռ հիմնականում գալիս են պայմաններին ծանոթանալու, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ճշտելու։ Առավել հարգի են տնտեսագիտական մասնագիտությունները։ Տնտեսագիտական համալսարանի 6 դիմորդները հիմնականում նախընտրել են այն մասնագիտությունները, որոնց համար հանձնվող քննություններից մեկը օտար լեզուն է՝ թեեւ աշխարհագրության քննությամբ մասնագիտություններում եւս սովորաբար թափուր տեղեր չեն լինում։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել