Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Առավոտը»

Հունիս 30,2001 00:00

«2X2»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» «Առավոտը» մեկ անգամ արդեն անդրադարձել է Խանջյան թիվ 31 շենքի բնակիչների բողոքին՝ կապված «2×2» բար-ռեստորանում կատարվող անօրինություններին (կառուցված «Արաքս» ՍՊԸ-ի կողմից)։ Հիշեցնենք, որ շենքի բնակիչները քաղաքային իշխանություններից պահանջում էին ընդամենը մեկ բան՝ անհապաղ կանխել շենքի ներսում գործող «2×2» ռեստորան- բար-դիսկո ակումբի կողմից մինչեւ օրս շարունակվող անօրինականությունները, որոնք հղի են վտանգավոր երեւույթներով։ Շենքի տեխնիկական վիճակը եւ սեյմակայունությունը ապահովելու համար նրանք պահանջում էին քանդել ապօրինի կցակառույցները եւ անհապաղ միջոցառումներ ձեռնարկել իրենց երբեմնի անդորրը վերականգնելու համար։ Ելնելով շենքի վթարայնությունից, վերջիններս իշխանություններին խնդրել էին իրենց ապահովել նաեւ ժամանակավոր կացարաններով։ Երեկ նույն շենքի բնակիչները «Առավոտին» հայտնեցին, որ բոլորովին վերջերս Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունից ստացել են պատասխան (թիվ 18-07/2131, 19.06.2001 թ.), որում նշված է, որ Խանջյան թիվ 31 հասցեում գտնվող «2×2» ռեստորան-բարի ներքին վերակառուցման աշխատանքները կատարվել են ինքնակամ, որոնց հետեւանքով էլ շենքի կոնստրուկցիաներում առաջացել են վնասվածքներ։ Այնուհետեւ՝ քաղաքաշինության նախարարությունը հանձնարարել է «Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ» ՓԲԸ-ին կատարելու հետազննում՝ պարզելու համար շենքի վնասվածքների պատճառները եւ տալ հանձնարարություններ՝ շենքի նախագծային սեյսմակայունությունը վերականգնելու համար։ Նույն գրության մեջ նշված է նաեւ. «Հարկ ենք համարում նշել, որ ներկայումս ինքնակամ շինության փաստը ուսումնասիրվում է ՀՀ դատախազության կողմից»։ Բնակիչներին, երկար ջանք թափելուց հետո, վերջապես հաջողվում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ծանոթանալ (հունիսի 25-ին) «Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ» ՓԲԸ-ի վերջնական եզրակացությանը եւ տեղեկանալ, որ շենքը 3-րդ կարգի վթարայնության աստիճանի է, որը, ի դեպ, հետեւանք է «2×2» համալիրի կողմից կատարված ինքնակամ վերակառուցման աշխատանքների։ Ըստ ՀՀ սեյսմակայուն շինարարության նախագծման գործող նորմերի, 3-րդ կարգի վթարայնության վերականգնման եւ ուժեղացման միջոցառումներով նախատեսվում է՝ բնակիչների ժամանակավոր էվակուացում՝ շենքի վերականգնման, ուժեղացման ու վերանորոգման նպատակով, որից հետո այն նոր պիտանի է հետագա շահագործման։ Ըստ բնակիչների՝ «2×2» բարը, փոխանակ իր մեղավորությունը հանձն առնելով վերակառուցողական աշխատանքներ ձեռնարկի, զբաղված է հեռուստատեսությամբ ապատեղեկատվություն տարածելով եւ բնակիչների խոսքերն այլ կերպ մեկնաբանելով։ Խանջյան թիվ 31 շենքի բնակիչները պնդում եւ պահանջում են, որ նախագծային եւ վերանորոգման աշխատանքները կատարվեն «Երեւաննախագիծ» կամ մեկ այլ պետական կազմակերպության կողմից, որոնք ունեն ավանդական փորձ. «Ըստ մեզ հասած տեղեկությունների, շինարարական աշխատանքները պետք է կատարեն ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, ինչն անհանգստացնում է մեզ եւ կարող է պայթունավտանգ իրավիճակ ստեղծել։ Մենք համոզված ենք, որ այդ դեպքում նորմալ շինարարություն չի իրականացվի։ Ուզում ենք տեղեկացնել նաեւ, որ մենք վերահսկելու ենք ամբողջ շինարարական աշխատանքները»,- հայտարարեցին շենքի բնակիչները։ Վերջիններս լիահույս են, որ ՀՀ դատախազությունը կպարզի եւ քրեական պատասխանատվության կենթարկի այն անձանց, ովքեր խաղ են անում տասնյակից ավելի մարդկանց կյանքի հետ։ Նրանց կարծիքով, համապատասխան մարմինները, երբ արդեն ստացել են շենքի վթարայնությունը հաստատող պաշտոնական եզրակացությունը, գուցե արդեն իսկապես միջոցներ կձեռնարկեն բնակիչներին անհապաղ էվակուացնելու եւ վերակառուցողական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել