Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեկ իր աշխատանքներն ավարտեց Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության ջկառավարական հանձնաժողովը։

Հունիս 30,2001 00:00

Մեր վրացի դրացիները Երեկ իր աշխատանքներն ավարտեց Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության ջկառավարական հանձնաժողովը։ Վրացիները հայերի հետ այնպիսի հետաքրքիր «ախպերություն» են անում, որ մենապաշտոնական հանդիպումներում անգամ պաշտոնականություն չի զգացվում։ Հանձնաժողովը երեկ պայմանագիր կնքեց, որը հայկական կողմից ստորագրեց կապի եւ տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանը (որը նաեւ հայկական կողմից հանձնաժողովի նախագահն է), վրացական կողմից՝ պետնախարարի տեղակալ Կոբա Գվենետաձեն։ Պայմանագիրը թրջեցին շամպայնով, եւ միայն վրացական երգն էր պակասում։ Թեպետ, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, հանձնաժողովի երկօրյա աշխատանքների ընթացքում քննարկվելիք հարցերը հաճախ էին ձգձգվում, քանի որ հայերի վրացի ախպերներն անընդհատ մի բան ուտել- խմելու ցանկություն էին ունենում։ Ինչեւէ, եղավ-պրծավ։ Վրաստանը Հայաստանին պարտք է 16 միլիոն դոլար։ Վրաստանի կառավարությունը դիմել է ՀՀ կառավարությանը միջպետական պարտքը վերակառուցելու խնդրանքով։ Մերոնք չեն մերժել, բայց կհամաձայնե՞ն։ Հարցը դեռեւս քննարկման փուլում է։ Էներգետիկ ոլորտի վրացական պարտքը կազմում է արդեն 4,4 միլիոն։ Երկու երկրների ֆինանսների նախարարները քննարկում են նաեւ այս պարտքի խնդիրը, որոշվել է կազմել պարտքի վճարման ժամանակացույց։ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ արդեն հունիս ամսից կգործի պարտքերի մարման գրաֆիկը։ Ապրանքափոխանակության ոլորտում տեղի է ունենում որոշակի աշխատանք, վրացական կողմին եւս ապրանքափոխանակության ծավալները մեծացնելու հարցը շատ է հետաքրքրում, վրացիները դեմ չեն նաեւ համատեղ ձեռնարկություններ ստեղծել եւ գտնում են, որ այս ոլորտում անելիքներ շատ կան։ Վրաստանի պետնախարարի տեղակալը վստահեցրեց, որ Վրաստանում ապրող հայերն ապրում են վրացիների պես եւ որեւէ խնդիր չպետք է որ ունենան։ ՀՀ էներգետիկայի փոխնախարար Կարեն Կարապետյանին խնդրեցինք «Առավոտի» համար մեկնաբանել, թե ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Ջավախքի էլեկտրաէներգիայի մատակարարման վերաբերյալ։ Պրն Կարապետյանն ասաց. «Մենք գտել ենք մեր գործընկերոջը, որի հետ պայմանագիր ենք կնքել։ Էլեկտրաէներգիան Ջավախքին մատակարարվելու է նույն պայմաններով, ինչպես որ կատարվում է Թբիլիսիի համար։ Մենք այս գծով աշխատել ենք երեք ընկերությունների հետ։ Որոշ ընկերությունների հետ փորձը եղել էր անհաջող։ Վճարումները կատարվում են պարբերաբար, ըստ պայմանագրի, եւ մենք այսօր պայմանագրի եւ փոխանցված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներից գոհ ենք։ Ուզում եմ ասել, որ մենք աշուն-ձմեռ մատակարարել ենք երեք գծով՝ Աշոցք-Մինոծմինդա-Լալվար գծով եւ Ալավերդի գծով։ Բոլոր գծերով վճարումները հարյուր տոկոսով ապահովված են, Մինոծմինդա գծով մի մաս է մնացել»։ Կապի եւ տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանը հայտնեց, որ երկաթուղային բեռնափոխադրումների վրա կիրառվող տարիֆները կպահպանվեն մինչեւ մյուս տարի եւ, բացի դրանից, կոնկրետ համաձայնություն է ձեռք բերվել. 2-3 ամիսների ընթացքում պետք է ուսումնասիրվի Բաքվում ստորագրված ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում բազմակողմ համաձայնագրի դրույթները։ Այս դրույթները պահանջում են ընդհանուր բեռնափոխադրումների սակագների 50 տոկոս իջեցում։ Հարցի վերջնական լուծումը կտրվի հոկտեմբերին։ Նախարարը հույս ունի, որ 2002 թվականից երկաթուղային փոխադրումների սակագների իջեցում կլինի։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել