Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վստահ է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վահան Փափազյանը

Հունիս 30,2001 00:00

«ԳՈՐԾՆԱԿԱՆՆ ՈՒ ԸՆԴՈՒՆԵԼԻՆ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է» Վստահ է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վահան Փափազյանը -Պրն Փափազյան, վերջերս հրապարակվեց մի լուր, ըստ որի դուք արտգործնախարարի պաշտոնում 1996 թ. սեպտեմբերի 30-ին հանդիպել եք Թուրքիայի փոխվարչապետ (նաեւ՝ ԱԳ նախարար) Թանսու Չիլլերին եւ զրույցի ժամանակ վերջինս նշել է, թե Թուրքիան շահագրգռված է Հայաստանի հետ լավ հարաբերությունների հաստատմամբ, բայց Ղարաբաղի հարցում անհրաժեշտ է, որ հայկական կողմը գնա զիջումների, նույնիսկ չնչին քայլերը հիմք կծառայեն Թուրքիայի պատասխան քայլերի համար։ – Ճիշտն ասած, ինձ համար փոքր-ինչ տարօրինակ է, թե ինչպես է ԱԳ նախարարության խորհրդապահական բնույթի փաստաթուղթը հայտնվել մամուլի էջերում։ Մյուս կողմից էլ, երեւի, այսօրվա իրողություններն իմանալով, շատ զարմանալ պետք չէ։ Ինչեւէ։ Ես բավական լավ եմ հիշում տիկին Չիլլերի հետ մեր հանդիպումը, որի նախաձեռնությունը գալիս էր թուրքական կողմից եւ տեղի ունեցավ Նյու Յորքում։ Զրույցի էությունն այն էր, որ Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ իր հարաբերությունները կարգավորել եւ պատրաստ է գնալու ինչ-ինչ քայլերի. մասնավորապես, բացելու հայ-թուրքական սահմանը, սակայն, քանի որ իշխանությունները երկրի ներսում հասարակական կարծիքն այս կապակցությամբ ավելի բարենպաստ դարձնելու խնդիր ունեն, առաջարկվում էր, որ Հայաստանն էլ, իր հերթին, որոշ չնչին քայլեր անի այս ուղղությամբ։ – Ի՞նչ էին նշանակում այդ «չնչին քայլերը»։ – Բնականաբար, նույն հարցը ես ուղղել էի զրուցակցիս։ Առաջարկվում էր հայկական զորամիավորումները դուրս բերել երկու գյուղից (հասկանալի է, որ խոսքը Ղարաբաղից դուրս գտնվող տարածքների մասին էր), ըստ որում, ընտրությունը, պարզ է, մերն էր լինելու։ Կուզենայի անկեղծ լինել, որքան որ դա այսօր հնարավոր է, եւ ասել հետեւյալը։ Ես վստահ չեմ (ոչ էլ այն օրերին էի վստահ), որ եթե այդ քայլերն արվեին, դրան կհաջորդեր հայ-թուրքական սահմանի բացումը, ապա նաեւ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ այլն, եւ այլն։ Այսօրվա տեսանկյունից շատ ավելի էական է մեկ այլ բան։ Այն, որ 93-96, վստահ եմ նաեւ 97թ. հայ-թուրքական երկխոսության ընթացքում թուրքական կողմի առաջ քաշած, այսպես կոչված, «նախապայմանները» սրանք էին։ Իսկ հիմա Թուրքիայի վարչապետ Էջեւիթը հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են բարելավվել միայն այն բանից հետո, երբ հայկական ուժերը դուրս կբերվեն Ղարաբաղից, եւ Հայաստանը միջանցք կտրամադրի Ադրբեջանի եւ Նախիջեւանի անխափան կապն ապահովելու համար։ Սա է այսօրվա դիվանագիտության «նվաճումներից» եւս մեկը եւ որեւէ մեկնաբանության կարիք այն չունի։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին ընդհանրապես, ապա իմ խորին համոզմունքն է եղել (եւ է), որ քանի դեռ մենք չենք կարողացել գտնել (մենք եւ թուրքերը) հարաբերությունների կարգավորման բանալին, խոսել տարածաշրջանային համագործակցության, տնտեսական, առեւտրական կամ այլ շփումների մասին, ուղղակի անիմաստ է։ Հայկական դիվանագիտությունը Տեր-Պետրոսյանի ժամանակ ձգտում էր թուրքերի հետ երկխոսության ճանապարհով գտնել այդ բանալին։ Այսօր, ցավոք, Հայաստանի իշխանությունները ցանկություն անգամ չունեն աշխատելու այս ուղղությամբ։ Եվ սա, երեւի, բնական է, քանի որ այն «գաղափարախոսությունը», որ դրված է արտաքին քաղաքականության հիմքում, ընդհանրապես թույլ չի տալիս խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։ Ասելը մի բան է, անելը՝ այլ։ Իհարկե, ասվում է, սակայն՝ արտաքին աշխարհի համար միայն։ Ընդհանրապես այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ցուցադրական եւ դեկլարատիվ մասը հիմնականն է։ Մինչդեռ կան պարզ ճշմարտություններ, որոնք շարքային դիվանագետներն էլ գիտեն։ Այն է՝ արտաքին քաղաքականությունը պիտի ծառայի պետության կարեւորագույն խնդիրների լուծմանը. ազգային անվտանգության հարցեր, տնտեսական զարգացում, երկրի ինքնիշխանության ամրապնդում եւ այլն։ Բոլոր առումներով էլ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը խիստ էական նշանակություն ունի մեզ համար։ – Այդ դեպքում ինչպե՞ս կգնահատեք Եղեռնի ճանաչմանն ուղղված քայլերը։ – Վերը ես արդեն ասացի, որ այսօր մեր արտաքին քաղաքականությունը դեկլարատիվ բնույթ ունի եւ հաճախ ծառայում է զուտ պրոպագանդիստական նպատակների։ Հայտարարվել է, որ Եղեռնի ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակներից մեկն է եւ, բնականաբար, Թուրքիայում այն համոզումը կա, որ վերջին շրջանի մի քանի միտումները հրահրված են Հայաստանի իշխանությունների կողմից։ Պարզ է, որ դա այդպես չէ։ Ուղղակի հանգամանքների բերումով մի քանի եվրոպական երկրներ հարմար են գտել այս պահին որոշ քայլեր անել։ Սակայն Թուրքիայի հակազդեցությունն ուղղվում է առաջին հերթին Հայաստանի դեմ։ Այս ամենից ի՞նչ է շահում Հայաստանը՝ որպես պետություն եւ Հայաստանում ապրողներս՝ որպես այդ պետության քաղաքացիներ։ Ոչինչ։ Իսկ իբր Եղեռնի ճանաչման մասին «հայրենասիրական» հայտարարությունները ծառայում են մի նպատակի՝ շեղել ժողովրդի ուշադրությունը իրական եւ առաջնահերթ պրոբլեմներից եւ, իհարկե, հաճոյանալու սփյուռքյան որոշ շրջանակների։ – Արդյո՞ք Ձեր ասածից հետեւում է, որ Հայաստանը չպետք է հետապնդի այդ հարցը։ – Ո՞րն է մեր նպատակը։ Արդյո՞ք այն, որ Կամերունը կամ Նեպալն էլ ճանաչեն Հայոց մեծ եղեռնը։ Կարծում եմ, որ ոչ։ Մենք ուզում ենք, որ Թուրքիան ճանաչի այն պետական մակարդակով։ Իմ խորին համոզմամբ՝ Թուրքիան, եթե գնա այդ քայլին, ապա կանի դա ոչ թե այլ պետությունների ճնշման տակ, այլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ բարելավմանը զուգահեռ։ Չմոռանանք, որ թուրքական պետությունը խնդիր ունի նաեւ իր հասարակության հետ։ Այդ հասարակությունը պետք է պատրաստ լինի ընդունելու Եղեռնի ճանաչումը։ Հավանաբար, սա շատերին կարող է թվալ նաիվ դատողություն։ Բայց ես հաստատ գիտեմ մի այլ բան, որ այսօրվա քաղաքականությունը տանում է փակուղի։ Իրանը, մեր անմիջական հարեւանների շարքում, Հայաստանի լավագույն եւ ամենավստահելի գործընկերն է եւ սրանով ամեն ինչ ասվում է։ Հասկանալի է, որ սրանից չի հետեւում, թե կարելի է ձեռքերը ծալած նստել, եւ հայ-իրանական հարաբերություններն էլ ինքնաբերաբար կզարգանան։ Անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք, ինչը որ 92-97 թթ. հետեւողականորեն կատարվում էր։ Եվս մեկ անգամ ցավով պետք է նկատեմ, որ այդ հետեւողականությունն այսօր ես չեմ տեսնում։ Մասնավորապես, ո՞ւր են Իրան-Հայաստան-Հունաստան կամ Իրան-Հայաստան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության զարգացմանն ուղղված տարեկան մի քանի անգամ հանդիպումներն ու քննարկումները։ Ինչո՞ւ է անգործության մատնված Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովը։ Չլինի՞ թե Հայաստանի ներկայիս ղեկավարներին թվում է, թե, Եվրոպական կառույցներին ինտեգրվելով, Հայաստանը փոխելու է իր աշխարհագրական դիրքը։ Ե՞րբ են այս մարդիկ հասկանալու, որ աշխարհագրությունը ճակատագիր է, եւ տարածաշրջանային համագործակցության ճանապարհով է, որ մենք իրապես կարող ենք զարգացնել մեր տնտեսությունը եւ երաշխավորել մեր անվտանգությունը։ – Դուք ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի համանախագահների առաջարկը, որ Իրանը եւս մասնակից դառնա ղարաբաղյան բանակցություններին, նաեւ՝ Բաքվի ժխտողական պատասխանը դրան։ – Իրանի մասնակցությունը բուն բանակցային պրոցեսին դժվար է պատկերացնել, մանավանդ, որ բանակցային պրոցես, որպես այդպիսին, չկա էլ։ Բայց, որ Իրանն ինչ-որ ձեւով պետք է առնչվի հնարավոր հանգուցալուծմանը, կասկածից վեր է։ Կարող եմ ասել, որ 92-97 թթ. հայկական կողմը մշտապես եւ պարբերաբար իրանական կողմին տեղյակ է պահել բանակցային պրոցեսներին եւ, անկասկած, ճիշտ է վարվել։ Արդյո՞ք այսօր էլ է այդպես՝ վստահ չեմ։ Համենայն դեպս, ամերիկյան կողմն էլ է հայտարարում, թե Իրանը պետք է տեղյակ պահվի, այլ ոչ՝ հայկականը։ Ինչ վերաբերում է բանակցային ֆորմատին, ապա այն գտնված էր 1994 թ. ԵԱՀԿ գագաթաժողովում, երբ ԼՂՀ-ն պաշտոնապես ճանաչվեց որպես հակամարտության եւ, համապատասխանաբար, բանակցությունների լիարժեք կողմ։ Եվ պատահական չէ, որ 95-97 թթ. ընթացքում բանակցային պրոցեսը խիստ ակտիվ էր, որի արդյունքում էլ ծնվեցին հայտնի տարբերակները։ – Բայց հայտնի է, որ փուլային կամ փաթեթային տարբերակները խիստ տարաձայնություններ առաջացրին։ – Վեճն արհեստական է եւ ոչ առարկայական։ Իրականում հարցի էությունն այն էր, որ ղարաբաղյան կողմն ընդհանրապես ձգտում էր պահպանել ստատուս-քվոն։ Սա ինչ-որ առումներով հասկանալի էր, քանի որ Ղարաբաղի իշխանություններն իրենց պատասխանատու էին զգում միայն Ղարաբաղի ճակատագրի համար, մինչդեռ Հայաստանի ղեկավարությունը՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի։ Քաղաքականության մեջ սա հայտնի իրավիճակ է։ Հիշենք Կարաջիչ-Մլադիչ եւ Հարավսլավիայի իշխանություններ հակասությունը։ Ցավալին այն է, որ ո՛չ այս, ո՛չ էլ այլ նման օրինակները դաս չեղան որոշ տաքգլուխների համար։ Ինչ վերաբերում է Ձեր բուն հարցին, ապա, անշուշտ, տեսականորեն գերադասելի է փաթեթային լուծումը, սակայն շատ ավելի բարդ է ընդունելը եւ կիրարկելը։ Իսկ պրակտիկ դիվանագիտության առումով, անկասկած, շատ ավելի գործնական եւ ընդունելի է փուլայինը։ Իսկ պրակտիկ դիվանագիտության առումով, անկասկած, շատ ավելի գործնական եւ ընդունելի է փուլայինը։ Ես հասկանում եմ, որ այսօրվա իշխանությունների համար շատ ծանր է գալ այս եզրակացությանը։ Սակայն ավելի լավ է ընդունել թույլ տրված սխալները եւ գնալ հանգուցալուծման։ Ընդհանրապես, տղայական մոտեցումներն ու պահվածքը այսպիսի ճակատագրական եւ բախտորոշ հարցերում անընդունելի են։ – Ի՞նչ կարող են նշանակել փարիզյան սկզբունքները, որոնցից, ինչպես հայտարարում է նախագահ Քոչարյանը, Հայաստանը ոչ մի քայլ չի զիջելու։ – Ենթադրաբար կարող եմ ասել, որ դա պետք է նշանակի Ղարաբաղի անկլավային վիճակի բացառում, ԼՂՀ բնակչության միջազգայնորեն երաշխավորված անվտանգություն եւ Ադրբեջանի ու Ղարաբաղի, ինչպես այսօր սիրում են ասել, հորիզոնական կապեր։ Վերջին ձեւակերպումը խիստ հեղհեղուկ է, եւ Ադրբեջանն այսօր այն այլեւս չի ընդունի։ Բոլորս ենք տեսնում, որ Ադրբեջանը, ինչպես նաեւ՝ Թուրքիան, իրենց դիրքորոշումները Հայաստանի նկատմամբ կարծրացրել են։ – Մենք չխոսեցինք Ռուսաստանի մասին։ – Ռուսաստանը մշտապես լինելու է այս գործընթացների ակտիվ մասնակիցը։ Այստեղ էականն այլ բան է, թե Ռուսաստանն ինքը ինչպիսի քաղաքականություն է որդեգրելու։ Տպավորությունն այն է, որ անցել են այն ժամանակները, երբ կար առանձնակի վերաբերմունք Հայաստանի հանդեպ։ Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը, ինչպես Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը, գալիս է տարածաշրջանային քաղաքականության առաջնայնության գաղափարին։ Մի խիստ էական տարբերությամբ, իհարկե, որ Ռուսաստանը տարածաշրջանի անմիջական հարեւանն է, դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել