Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքական պահմտոցին վերջ չունի՞

Հունիս 30,2001 00:00

Քաղաքական պահմտոցին վերջ չունի՞ Գործարարությունը եւ օրենսդիր աշխատանքը համատեղել փորձող մարդիկ հաճախ են հայտնվում ոչ նախանձելի իրավիճակներում։ Մի կողմից, որպես որեւէ քաղաքական ուժ ներկայացնող գործիչ, ստիպված են ենթարկվել կուսակցական կարգ ու կանոնին, կուսակցական որոշումները կատարել, մյուս կողմից՝ խելքները հացի հետ չեն կերել, որ իրենց ձեռքով իրենց գործին խփեն եւ տվյալ պահին իշխանությունն իրականացնողի կամքին հակառակ գնան։ Բա որ գործարանը ձեռքից վերցնեն, սեփական բիզնեսը խանգարեն։ Ու տապակվում են ոմանք երկու քարի արանքում։ Բայց երբեք հնարավոր չէ համ նալին խփել, համ՝ սալին։ Մի օր, ի վերջո, կողմնորոշվելու պահը գալու է։ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծի քվեարկության արդյունքները հերթական անգամ ապացուցեցին, որ ՀԺԿ-ից շատերն ուզում են միաժամանակ երկու կողմի համար լավը լինել. իբր՝ տեսեք՝ հոգով-սրտով կուսակցության հետ ենք, բայց՝ կներես, կուսակցություն ջան, մի նեղացիր, որ քեզ դավաճանում ենք։ Ի վերջո, կողմնորոշվել է հարկավոր՝ ով՝ ում հետ է։ Արդեն բազմիցս լրատվամիջոցներն անդրադարձել են օրենքի նախագծին կողմ քվեարկածների հետագա ճակատագրին, նրանց սկզբունքային կամ ոչ սկզբունքային դիրքորոշմանը։ Բոլոր մյուսներից տարբերվում է ՀԺԿ-ական պատգամավոր Ռոբերտ Ենգոյանի պահվածքը։ Վերջինս մի կողմից խոստովանում է, որ եթե դրսի ուժերն ավելի խելոք են իրենցից, ուրեմն, ինչի՞ մասին է խոսքը։ Մյուս կողմից ասում է, թե կուսակցությունը ճիշտ որոշում էր ընդունել՝ դեմ քվեարկել օրենքին։ Մենք լուրջ կասկածներ ունենք, որ «ԿանԱԶ» ԲԸ-ի խորհրդի նախագահ պատգամավորի վրա իշխանության վերին օղակներից հատուկ ճնշում է գործադրվել՝ օրենքի նախագծին կողմ քվեարկելու պահանջով։ Ինքը, Ռոբերտ Ենգոյանը, իր մասով փորձեց հերքել հնարավոր ճնշումների մասին լուրերը. «Երբեք չեմ ղեկավարվել այդ սկզբունքով, միշտ նայել եմ օբյեկտիվությանը եւ միշտ համոզված եմ եղել, որ օբյեկտիվ մոտեցումների ժամանակ չեն լինում նման բաներ»։ Պրն Ենգոյանն առիթը բաց չթողեց գովերգել ՀԺԿ նախագահին եւ ասաց, թե «Անտեղի են բոլոր այն խոսակցությունները, թե ՀԺԿ-ն Դեմիրճյանի կուրսից շեղվել է։ Այդպես չէ։ Ես իմ գործունեությամբ հավատարիմ եմ Կարեն Սերոբիչի բոլոր մտքերին եւ այսօր էլ Ստեփան Դեմիրճյանի հետ եմ համամիտ։ Ստ. Դեմիրճյանը շատ խելոք եւ լուրջ մարդ է եւ լավ է ղեկավարում կուսակցությունը։ Մեր նպատակն է, որ կարողանանք նպաստել, օգնել այն քաղաքական գծին, որ տանում է Դեմիրճյան Ստեփանը, իսկ ինքը քաղաքական հասունություն ունի եւ ճիշտ է կողմնորոշվում»։ ՀԺԿ քաղխորհուրդը թերեւս հինգ կարգազանցների մասին մեկ շաբաթ անց հատուկ որոշում կկայացնի։ Ի վերջո, պետք է կուսակցությունն ու կուսակցականները հստակեցնեն իրենց տեղն ու դերը. մեկը՝ երկրի քաղաքական կյանքում, մյուսները՝ կուսակցության ներսում։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել