Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԵԶՎԱԿՌԻՎՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հունիս 30,2001 00:00

ԼԵԶՎԱԿՌԻՎՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Ծանր ու գերլարված արտահերթ նստաշրջանի ավարտին երեկ բազմիցս խոսքային փոխհրաձգություններ հնչեցին։ Դրանք առավել սաստիկ էին «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամների եւ պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանի միջեւ։ Վերջինիս զայրացրել էր Արտաշես Գեղամյանի այն հայտարարությունը, թե հարկերը հավաքվում են 40-45%-ով, իսկ մնացածը հաշվանցումներ են։ Անդրանիկ Մանուկյանն ասաց, թե դա բացարձակ կեղծիք է եւ սուտ՝ կառավարությունն արգելել է հաշվանցումները։ Թերեւս այստեղ էլ պիտի կանգ առներ, բայց շարունակեց, թե այս պարագայում ինքն էլ կասկածում է, որ 60%-ով կեղծ են նրա այլ հայտարարությունները։ Հիշեց, որ Մաշտոցի ՀԿԿ շրջկոմը Գեղամյանի ղեկավարության օրոք «կաշառակերության բուն» էր դարձել։ Նշեց, որ երբ Գեղամյանը Երեւանի քաղսովետի նախագահն էր՝ «ուզում էր Վանոյի եւ Լեւոնի հետ լեզու գտնել, որ երկար մնա այդ պաշտոնում» եւ այլն։ «Քաղաքական վեճերը երբեք անձնական վիրավորանքների հարթություն մի՛ տեղափոխեք,- տեղին խորհուրդ տվեց Աղասի Արշակյանը։- Պետք չի՛ նման բան անել։ Եվ ինքներդ էլ լավ գիտեք՝ եթե Գեղամյանի դեմ նման փաստարկներ ունենային, այդ մարդուն վաղուց «կերել» էին»։ Քիչ անց ԱԺ ամբիոն բարձրացավ «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը եւ դարձյալ անձնական վիրավորանքներ հնչեցին, որոնց հետո կրկին արձագանքեց ՊԵՆ նախարարը։ Հազիվ էին այս վեճերը հանդարտվել, երբ մեկ էլ Արշակ Սադոյանն ու Ֆիլարետ Բերիկյանն իրար «կպան». «Սա մանկապարտե՛զ չի»,- գոռում էր պրն Բերիկյանը։ «Տո այ մանո՛ւկ»,- փոխադարձում էր պրն Սադոյանը։ … Այս ամենում մի մխիթարական բան կա։ Ֆիլարետ Բերիկյանը խոստացավ, թե երբ «Ընտրական օրենսգիրքը» քննարկեն, ինքն առաջարկելու է, որ պատգամավորության թեկնածուներն անպայման հոգեբուժարանից տեղեկանք ներկայացնեն։ «Համամիտ եմ եւ կիսում եմ Ձեր մտահոգությունը»,- ասաց ԱԺ նախագահը։ Բա մենք ինչպե՜ս ենք կիսում… Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել