Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վաճառեք ԱԺՄ-ի եւ ՀՀԿ-ի շենքերը

Հունիս 30,2001 00:00

Վաճառեք ԱԺՄ-ի եւ ՀՀԿ-ի շենքերը 2000 թ. օգոստոսի 15-ին պետական գույքի կառավարման նախարարությունը տեղյակ է պահել ՀՔԴՄ-ին Աբովյան 8 հասցեում գտնվող իրենց կողմից վարձակալվող շենքի վերաբերյալ պայմանագիրը լուծարելու իր մտադրության մասին՝ հենվելով ի լրումն վարձակալության պայմանագրի համաձայնագրի վրա, որը հիմնված է 1999 թ. օգոստոսին ՔԴՄ-ի եւ ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության գերատեսչական տների շահագործման տնտեսության միջեւ հինգ տարի ժամկետով կնքված պայմանագրի 6(բ) կետի վրա: Այս առիթով հունիսի 29-ին մամլո ասուլիս էր հրավիրել ՔԴՄ-ի նախագահ Իդա Մարտիրոսյանը, եւ, ինչպես նա նշեց, զուտ իրավաբանորեն հոդվածն իրենց դարձնում է լիովին անզեն, քանի որ, ըստ դրա, վարձատուն իրավունք ունի լուծելու վարձակալման մասին պայմանագիրը, «եթե տարածքը անհրաժեշտ է պետական կամ հասարակական կարիքների համար»: Սակայն, մի կողմ թողնելով հարցի իրավական ասպեկտը, կուսակցության նախագահը ցանկացավ քննարկել հարցի քաղաքական կողմը՝ առաջ քաշելով հետեւյալ հարցերը. 1. Ինչքանո՞վ են համընկնում անընդհատ արվող հայտարարություններն այն մասին, որ մեր տնտեսությունը վերելք է ապրում՝ նրա հետ, որ այս շենքի վաճառքը էականորեն կազդի բյուջեի եւ, հետեւաբար, սոցիալական վճարների վրա: 2. Ում, այսպես ասած, «օբյեկտներն» են այսօր ընկնում սեփականաշնորհման «դանակի» տակ: 3. Կուսակցությունների կողմից վարձակալվող քանի՞ շենք է գտնվում Աբովյան-Թումանյան գծի վրա: 4. Ի՞նչ է նկատի առնվում «պետական շահերից ելնելով» այսպիսի համընդգրկուն բնորոշման տակ: Ի վերջո, Իդա Մարտիրոսյանը նշեց. – Ես շատ կցանկանայի, որպեսզի այսօր իշխանությունը երկրում իրականացնողները վերհիշեին անցյալի այն պահը, երբ իշխանության գլուխ չէին, այլ՝ ընդդիմություն, եւ այդ ժամանակվա դիրքից գնահատեին իրենց գործողությունները, եւ արդեն այսօրվա դիրքից պատասխանեին երեկվա իշխանությունների հասցեին հնչած իրենց «ամեն ինչ կվաճառեք, հետո ի՞նչ եք անելու» կշտամբանքներին: Հենց դրանից ելնելով՝ ուզում եմ ասել, որ եթե իրավիճակը տնտեսության մեջ այնքան պարադոքսալ է, որ մի կողմից այն թռիչք է ապրում, իսկ մյուս կողմից՝ այդ թռիչքի համար նրան հարկավոր է վաճառել որեւէ մի շենք քաղաքի կենտրոնում, ապա այս շենքից բացի կան նաեւ հրաշալի շենքեր Աբովյան 12 հասցեում, որը վարձակալում է ԱԺՄ-ն, որին պատկանում է պետգույքի կառավարման նախարարը, եւ Թումանյան 23 հասցեում, որը վարձակալում է Հանրապետական կուսակցությունը, որի առաջնորդն է հանդիսանում ներկայիս վարչապետը: Ես կարծում եմ, որ քաղաքականապես կոռեկտ կլիներ, որպեսզի բոլոր երեք շենքերը վաճառվեին միաժամանակ, կամ էլ՝ նախ՝ այդ երկուսը, հետո՝ մերը: Այդ ժամանակ, թերեւս, մենք առիթ չէինք ունենա ասելու, որ գործը կրում է բացառապես քաղաքական բնույթ: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել