Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունիս 30,2001 00:00

Բա որ չգիտեք, ինչո՞ւ եք խոսում ԱԺ երեկվա արտահերթ նիստում «Օրինաց երկիր» խմբակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Ցավոք, կասկածներ ունենք ոչ հրապարակային, գաղտագողի մասնավորեցման վերաբերյալ»։ Հետո նա ավելացրեց, որ կան ձեռնարկություններ, որոնք արդեն սեփականաշնորհվել են, բայց ընդգրկված են մասնավորեցվելիք օբյեկտների դեռեւս չհաստատված ցանկում։ Ասվածը որոշակիացնելու վերաբերյալ «Առավոտի» խնդրանքին ի պատասխան ՕԵ-ի ղեկավարն ասաց. «Ճիշտն ասած, ուղղակի հասցեն չգիտեմ»։ Փոխարենը գիտեր պետական գույքի կառավարման նախարարի տեղը. «Դավիթ Վարդանյանը կարող է հստակ ասել»։ Պարոն Վարդանյանն իր հերթին բացառելով ոչ հրապարակային մասնավորեցումը, ասաց, որ թող պատգամավորները նշեն այդպիսի օրինակներ։ «Առավոտին» ոչինչ չէր մնում, քան Դավիթ Վարդանյանի եւ նախորդ օրը նման պնդումներ արած Մանուկ Գասպարյանի միջեւ «առերեսում կազմակերպելը»։ Պրն Գասպարյանը նկատեց, որ Արթուր Բաղդասարյանը «երեւի կրկնեց իմ բառերը», բայց իր հերթին էլ ձեռնպահ մնաց կոնկրետ օբյեկտների անուններ նշելուց։ Միակը «Հրազդան» հյուրանոցն էր, որի վերաբերյալ նախարարն ասաց, որ ոչ մի խախտում էլ չկա. «Դա ծրագրում ընդգրկված օբյեկտ չի, որովհետեւ պետական բյուջետային հիմնարկի գույք էր հանդիսանում եւ մեր նախարարության միջոցով չի մասնավորեցվել։ «Հրազդանն» ընդգրկված է եղել կառավարության աշխատակազմի հաշվեկշռում եւ օտարվել է»։ Դավիթ Վարդանյանը, չբացառելով, որ չհաստատված ցանկից օբյեկտներ են մասնավորեցվել, պարզաբանեց, որ, այնուամենայնիվ, դա օրենքի խախտմամբ չի տեղի ունեցել, որովհետեւ քանի դեռ պետական գույքի մասնավորեցման նոր ծրագիրը չի հաստատվել, հինն ուժի մեջ է։ Մանուկ Գասպարյանն էլ, թե՝ «Բայց եթե նորը չհաստատենք, ի՞նչ է լինելու։ Իրավական վերլուծությունն անհնարին է»։ Իրականում դրանցից առնվազն մեկի վերաբերյալ «Առավոտին» տեղեկություն է հասել, թե իրոք «ստվերային» վաճառք է տեղի ունեցել (այն էլ ոչ անհայտ մեկին է վաճառվել), ինչի կապակցությամբ առանձին հրապարակում կլինի առաջիկայում։ Մանուկ Գասպարյանը քաղաքական ենթատեքստ չի դնում այդ պնդումներն անելով, իսկ Արթուր Բաղդասարյանը, որը չգիտի, թե որ օբյեկտների մասին է խոսքը, երեւույթը մեկնաբանում է «գաղտագողի մասնավորեցմամբ, առանձին յուղոտ կտորներ, առանձին մարդկանց սեփականությունը դարձնելու ընդգծված մոլուցքով» եւ դատապարտում է։ Ըստ նրա, «հնարավոր է, որ ձեւակերպումներն օրինական են, բայց որ գործարք(ներ)ը գաղտնի է, պարզ է»։ Արժանանալով պատգամավորների ընդդիմությանը, կառավարությանը ոչինչ չէր մնում, քան որոշակի զիջումների գնալը. «աչքի, ֆիզիոթերապեւտիկ, մանկական կլինիկական հիվանդանոցները կհանվեն ցանկից։ Սեւան- Հրազդան, Որոտանի կասկադները, Երեւանի ՋԷԿ-ը առանձին օրենքով կմասնավորեցվեն։ Լեռնամետալուրգիան կմասնավորեցվի կոնցենսիայի մասին օրենքի ընդունումից հետո, «Զվարթնոցը» ոչ թե կմասնավորեցվի, այլ կհանձնվի հավատարմագրային կառավարման (այսինքն՝ առանց բաժնետոմսերի փոխանցման)»։ Այս ամենից հետո արդեն՝ պատգամավորները 66 «կողմ», 15 «դեմ» եւ ոչ մի «ձեռնպահ» ձայներով հաստատեցին մասնավորեցման ծրագիրը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել