Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հանրապետություն»

Հունիս 30,2001 00:00

«ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ» ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵ՞Ն «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներ Ալբերտ Բազեյանին, Արամ Սարգսյանին ու Սուրեն Սուրենյանցին, ինչպես նաեւ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին Արմավիրում գրկաբաց ընդունեցին՝ եռագույն դրոշներով ու ինքնագործ խմբերի մասնակցությամբ։ Տեղացիների հետ հանդիպումը տեղի ունեցավ նախկին Հոկտեմբերյան քաղաքի մշակույթի տանը։ Լեփ-լեցուն դահլիճը կուսակցության առաջնորդներին հոտնկայս ընդունեց։ Ալբերտ Բազեյանը կուսակցության խնդիրների մասին խոսելիս, նախ հարկ համարեց ընդգծել, որ «Հանրապետություն» կուսակցությունը մերժում է հեղափոխականությունն ու երկրի առջեւ ծառացած հիմնահարցերը հակված է լուծել միմիայն քաղաքական մեթոդներով։ «Առաջին հերթին արձանագրենք, որ երկրի կառավարման համակարգն արդյունավետ չի գործում, ուստի անհրաժեշտ է իրականացնել համակարգային բարեփոխումներ, որոնք առնչվում են սահմանադրական փոփոխություններին»,- ասաց պարոն Բազեյանը։ Նա հիշեցրեց, որ նախագահ Քոչարյանի նախընտրական խոստումներից մեկը սահմանադրական բարեփոխումներ իրականացնելն էր, իշխանության թեւերի հստակ տարանջատումը, նախագահական լիազորությունների կրճատումն ու այդ լիազորությունների մի մասը խորհրդարանին փոխանցելը. «Ցավոք, ավելի քան երեք տարի այդ բարեփոխումները ոչ միայն չեն իրականացվել, այլեւ՝ իշխանությունների կողմից ձգձգման միտում ունեն»։ Պարոն Բազեյանի պնդմամբ, չի իրականացվել նաեւ իշխանության թեւերի տարանջատումը. «Հայաստանում այդպես էլ չձեւավորվեց անկախ դատական համակարգ, ԱԺ-ն, որը պետք է վերահսկողություն իրականացներ գործադիր մարմնի նկատմամբ, այդպես էլ չի կարողանում կենսագործել իր այդ հնարավորությունը։ Մեր երկրում, իրականում, գործադիր մարմինն է վերահսկում ոչ միայն օրենսդիրներին, այլեւ քաղաքական ուժերին»։ Ա.Բազեյանը խոստովանեց, որ 98-ին նախագահ Քոչարյանը բազմաթիվ խոստումներ էր տվել, եւ իրենք՝ երկրապահներն ու կուսակցության այսօրվա անդամները, ովքեր ժամանակին պաշտպանել էին Ռ.Քոչարյանի թեկնածությունը, ակնկալում էին այդ խոստումների, գոնե, մի մասի իրագործումը, բայց՝ ապարդյուն։ Փոխարենը, ըստ նախկին քաղաքապետի, կառավարությունները, այդ թվում նաեւ՝ վարչապետները, դառնում են քավության նոխազ. «Նրանք փոփոխվում են, իսկ նախագահն իր տեղում է։ Նախագահը լավն է, ինչպես 37 թվին էր՝ Ստալինը տեղյակ չէր երկրում տեղի ունեցող ապօրինություններին։ Դա այդպես չէ։ Երկրում տիրող իրավիճակի հիմնական պատասխանատուն հանրապետության նախագահն է, որն ունի բոլոր լիազորություններն ու իրավասությունները՝ երկրում օրինականություն եւ կարգ ու կանոն հաստատելու համար»։ Ա.Բազեյանի ելույթին հաջորդեց Արամ Սարգսյանի ելույթը։ Դահլիճում հավաքված արմավիրցիները նախկին վարչապետին առանձնակի ուշադրությամբ էին լսում՝ երբեմն-երբեմն այն ընդմիջելով ծափահարություններով։ Միայն հանդիպումից հետո նրանք լրագրողներին պետք է հայտարարեին, որ՝ «Ապշած ենք Ա.Սարգսյանի փայլուն ելույթից։ Թե մի բան փոխեն՝ էլի Արամ Սարգսյանն ու Բազեյանն են լինելու»։ Իսկ Ա.Սարգսյանն անդրադարձավ ինչպես երկրի ներքաղաքական, տնտեսական վիճակին, այնպես էլ՝ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությանն ու գործով այսօր ընթացող դատավարությանը։ Առայժմ ներկայացնենք պարոն Սարգսյանի տեսակետները կուսակցության ու «նախկինների» վերաբերյալ։ Իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությանը, սեփականաշնորհմանը, Ղարաբաղի հիմնախնդրին ու «27»-ին առնչվող նրա դիրքորոշումներին կանդրադառնանք առանձին՝ «Առավոտի» հաջորդ համարներում։ «Նախ ասեմ, որ մեր կուսակցությունը չի ստեղծվել ընդդեմ. ընդդեմ Քոչարյանի կամ առանձին կուսակցությունների։ Այսօր ակնհայտ է, որ «ընդդեմի» համար ուրիշ բաներ են անում։ Կուսակցությունը «հանունի» համար է. հանուն այն 6 հազար զոհված մարտիկների, 11 հազար վիրավորների, որոնք արյուն տվեցին հանուն այն բանի, որ աշխարհին ապացուցեին, թե մենք էլ ճիշտ ապրելու իրավունք ունենք։ Նրանք կռվեցին ու հաղթեցին՝ հանուն այդ հաղթանակի ապահովման ու մարդավայել ապրելու։ Մենք այդ իրավունքը վաստակել ենք։ Այդ իրավունքն ունեն բոլոր նրանք, ովքեր պատերազմի տարիներին իրենց մի պարկ ցորենը կամ կարտոֆիլը չէին խնայում տալ ճակատին»,- այսպես սկսեց իր ելույթը պարոն Սարգսյանը։ Անդրադառնալով Հանրապետական կուսակցությունից «Հանրապետություն» կուսակցության անդամների դուրս գալու փաստին, նա նկատեց. «Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն ու նրա գաղափարախոսությունը նորացվեցին Վազգեն Սարգսյանի ու այն մարդկանց միջոցով, ովքեր այսօր այստեղ նստած են։ Հարցը գաղափարը չէ, այլ՝ այդ գաղափարի համար կռվելն ու պայքարելը։ Հանրապետականը գաղափար ունի, բայց դրա համար չի կռվում»։ Ա.Սարգսյանն ասաց, թե «Հանրապետությունը» պահպանողական կուսակցություն է. «Ի՞նչ է դա։ Այդ հարցին լավագույնս պատասխանել է Վազգեն Սարգսյանը՝ ՀՀԿ համագումարում, երբ շնորհակալություն հայտնեց Հայաստանի երեք հանրապետությունների ստեղծողներին»։ Ա.Սարգսյանը կրկնեց իր եղբոր ելույթի այդ հատվածը, որում, ըստ արժանվույն էին գնահատվել ե՛ւ դաշնակցական, ե՛ւ կոմունիստական, ե՛ւ նորանկախ հանրապետությունների կերտողներն ու նրանց ավանդը՝ Հայաստան պետության կայացման եւ զարգացման գործում։ «Պահպանողականությունը բոլոր ժամանակների լավագույն ժառանգության ու նաեւ ազգային ավանդույթների շարունակականության ապահովումն է։ Չի կարելի այդ բոլորը մերժելու քաղաքականություն վարել։ Դա քանդում է մեր երկիրը։ Իհարկե, ամեն մի ժամանակաշրջան նաեւ բացթողումներ է ունեցել, բայց միայն վատը քննադատելով՝ երբեք լավ բանի չենք հասնի։ Քննադատելու իրավունքն էլ պետք է վաստակել։ Այսօրվա իշխանությունները եկած օրվանից քննադատում են «նախկիններին»։ Բայց եկեք տեսնենք, թե նրանք «նախկիններից» ինչո՞վ են լավը. Ղարաբաղի խնդի՞րն են նրանցից լավ լուծել, թե՞…։ Եթե «նախկինների» ժամանակ մեկ-երկու սպանություն է եղել, հիմա եկեք դրանց թիվը հաշվեք՝ փոխնախարարներ, դատախազներ, վարչապետ, խորհրդարանի նախագահ, փոխնախագահներ…Ինչո՞վ են այսօրվա իշխանությունները նախորդներից լավը»։ «Այո, ճիշտ ա»,- հնչեց դահլիճում նստած մի տարեց տղամարդու ձայն։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել