Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարցրեց

Հունիս 30,2001 00:00

«ՀԻՄԱ ՈՎ ԻՆՉ ՈՒՆԻ՝ ՊԻՏԻ ՑՈ՞ՒՅՑ ՏԱ» Հարցրեց իր գործընկերներին մի պատգամավոր, երբ երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական բարձրաստիճան անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրինագիծը։ Ըստ այս օրենքի, պետք է իրենց գույքը եւ եկամուտները հայտարարագրեն՝ Հայաստանի նախագահն ու վարչապետը, ԱԺ նախագահն ու պատգամավորները, ՍԴ նախագահն ու անդամները, ԿԲ նախագահն ու խորհրդի անդամները, դատավորները եւ գլխավոր դատախազը (նաեւ՝ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազները), նախարարները եւ փոխնախարարները, մարզպետները, Երեւանի քաղաքապետը եւ նրանց տեղակալները, ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահը, ԿԸՀ նախագահը եւ անդամները, էներգետիկայի հանձնաժողովի նախագահը եւ տեղակալը, Հայաստանի բոլոր համայնքապետերը։ Ընդհանուր առմամբ, ըստ պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանի, այս օրենքը տարածվելու է շուրջ 3-4 հազար պաշտոնատար անձանց վրա։ Հայտարարագրեր պիտի ներկայացնեն նաեւ վերոթվարկյալ բոլոր պաշտոնյաների կողակիցները, ծնողները, երեխաները։ Իսկ բարձրաստիճանի ամուսնացած չլինելու եւ երեխա չունենալու պարագայում՝ նաեւ համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած քույրերը եւ եղբայրները։ Պատգամավորներին այս ցանկն էլ լրիվ չէր թվում եւ նրանք նշում էին, թե շատ անգամ պաշտոնյաներն իրենց ունեցվածքը զոքանչի կամ հորեղբոր տղայի անունով են ձեւակերպում։ Խիստ էական է նաեւ այն հանգամանքը, որ բարձրաստիճանները պիտի շարունակեն հայտարարագրեր ներկայացնել նաեւ պաշտոնից ազատվելուն հաջորդող երկու տարիների ընթացքում։ Հայտարարագրման է ենթակա պաշտոնյաների անշարժ գույքը՝ հողամասերը, ջրային օբյեկտները, անտառները, շենքերը, շինությունները։ Պարտադիր հայտարարագրման են ենթակա նաեւ փոխադրամիջոցները, դրամական միջոցները, արժեթղթերը, բանկային գրքույկը, բաժնեմասերը եւ այլն։ Բարձրաստիճանները պիտի հայտարարագրեն նաեւ հաշվետու տարում իրենց ստացած բոլոր եկամուտները եւ դրանց գոյացման աղբյուրները։ Ընդ որում, եկամուտ են համարվում ոչ միայն աշխատավարձերը կամ շահաբաժինները, այլ նաեւ խաղատներում ստացած շահումները, այլեւայլ մրցանակները, նվիրատվությունը եւ ժառանգությունը, բոլոր տեսակի նպաստները եւ թոշակները, ալիմենտները։ Բնականաբար, առաջին հարցը, որ առաջանում էր այս ամենն ընթերցելուց հետո, թե ով է ստուգելու այդ տվյալների իսկությունը։ Օրինագծում նշված էր, թե կիրառման վերահսկողությունն իրականացնելու է կառավարության կողմից լիազորված մարմինը՝ սահմանվելիք կարգով։ Բացի այդ, «Պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրինագծով զանազան տուգանքներ են սահմանվում օրենքի դրույթները խախտելու համար։ Այսպես, հայտարարագիր չներկայացնելու համար՝ տուգանք նվազագույն աշխատավարձի 250-պատիկի չափով։ Իսկ օրենքով սահմանված տեղեկությունները թաքցնելու կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելու համար տուգանքն արդեն աշխատավարձի 500-պատիկի չափով է։ «Եթե ազնիվ աշխատողներ են՝ նրանց աշխատավարձի 500-պատիկ որտեղի՞ց»,- հռետորական հարց տվեց եւ իր հարցի վրա ծիծաղեց Արմեն Խաչատրյանը։ Հայտարարագրերը պիտի հրապարակվեն «ՀՀ պաշտոնական տեղեկագրի» հավելվածներում կամ այլ լրատվամիջոցներում։ Ուստի, մամուլն ու հանրությունն էլ կարող են հետեւել, թե որքանով են պաշտոնյաների հայտարարագրած եկամուտները համապատասխանում նրանց ապրելակերպին։ Ծախսերն առայժմ չեն հայտարարագրվելու։ ՊԵՆ նախարար Անդրանիկ Մանուկյանն ասաց, թե առայժմ մեխանիզմներ չկան վերահսկելու ծախսերի հայտարարագրման իսկությունը։ Բազմիցս շեշտվեց, որ այս օրենքը եկամուտների հայտարարագրման առաջին փուլն է միայն։ Չորրորդ եւ վերջնական փուլում ամբողջ բնակչությունն է պարտավորեցվելու նման հայտարարագրեր ներկայացնել։ Երեկվա քննարկումների ընթացքում բազմիցս նշվեց նաեւ այն հանգամանքը, որ այս օրենքը ֆիսկալ նպատակներ չի հետապնդում, այսինքն՝ առայժմ չի արծարծվում ըստ հայտարարագրված եկամուտների հարկելու հարցը։ Պատգամավորներին մտահոգում էր այն, որ օրենքը կիրառելի չէ եւ զուտ խորհրդանշական, իմիտացիոն բնույթ կունենա։ Ինչպես չգործեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրերը «Եկամուտների եւ գույքի հայտարարագրման» կամ «Կոռուպցիայի դեմ պայքարի» վերաբերյալ։ Ի դեպ, այս օրենքում բաց է մնացել, թե երբվանից է այն ուժի մեջ մտնելու։ Բայց ակնհայտ է, որ այն 2002 թվականից շուտ չի գործի՝ լավագույն դեպքում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել