Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ ՀԱՕԿ-ի գործկոմն ամփոփեց ազատ, հունահռոմեական ըմբշամարտերի, ծանրամարտի եւ բռնցքամարտի ՀՀ հավաքակ

Հունիս 29,2001 00:00

ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽՍՏԱՑՎՈՒՄ ԵՆ Երեկ ՀԱՕԿ-ի գործկոմն ամփոփեց ազատ, հունահռոմեական ըմբշամարտերի, ծանրամարտի եւ բռնցքամարտի ՀՀ հավաքական թիմերի ավագ մարզիչների հաշվետվությունները 2001թ. առաջին կիսամյակում Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին մասնակցության արդյունքների մասին։ Նշելով, որ Սիդնեյի օլիմպիական խաղերից հետո ընկած ժամանակահատվածում որոշակի աշխատանքներ են կատարվել հավաքական թիմերը երիտասարդ մարզիկներով համալրելու, ուսումնամարզական աշխատանքները կատարելագործելու ուղղությամբ, արձանագրվել է, որ կատարվածը դեռեւս հեռու է բավարար համարվելուց։ Չնայած համապատասխան հրամաններին, հավաքական թիմերը դեռեւս չեն մշակել ու հաստատման ներկայացրել օլիմպիական խաղերին նախապատրաստվելու չորսամյա ու դրանից բխող տարեկան համալիր ծրագրեր։ Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ ավագ մարզիչները թերագնահատում են համալիր գիտական խմբի, բժշկահոգեբանական ծառայության դերը եւ նշանակությունը։ Հավաքականներում լուրջ աշխատանքներ պետք է տարվեն մարզիկների սերնդափոխությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու ուղղությամբ։ Հենց այս հարցերն անտեսելու հետեւանքով աշխարհի առաջնության օրերին բռնցքամարտի հավաքականում ստեղծվել էր ոչ աշխատանքային մթնոլորտ։ Լուրջ քննադատության տեղիք է տալիս պաշտոնական առաջնություններից առաջ մրցակցական փորձ ձեռք բերելու եւ մարզավիճակը բացահայտելու նպատակով միջազգային մրցաշարերին մասնակցելու ընտրության կարգը։ Այն չի քննարկվում մարզչական խորհուրդներում եւ հավանության արժանանում հավաքականների բոլոր մարզիչների կողմից… Բոլոր մարզաձեւերում նկատվում է մարզչական խորհուրդների եւ հավաքական թիմերի մարզիչների համատեղ աշխատելու եւ միասնական որոշումներ կայացնելու ցանկության բացակայություն… Ոչ բոլոր ուսումնամարզական հավաքներն ու համատեղ մարզումներն են ծառայել նպատակին, դրանց մասնակից են դարձվել այնպիսի մարզիկներ, ովքեր երկար տարիներ ընդգրկված լինելով հավաքականի կազմում, բարձր արդյունքներ ցույց չեն տվել (հունահռոմեական ըմբշամարտ, բռնցքամարտ)։ Մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները, մարզչական խորհուրդները, սպորտվարչության մասնագետները պլանավորված աշխատանք չեն տանում մարզական հերթափոխի պատրաստման, մարզաձեւերի զարգացման աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ, աչքաթող է արվել մարզադպրոցներին գործնական օգնություն ցույց տալու խնդիրը։ Թեեւ այս չորս մարզաձեւերի հավաքականներն ապահովված են եղել բժիշկներով, անհրաժեշտ դեղորայքով ու վիտամիններով, այդուհանդերձ, առաջատար մարզիկների վերականգնման գործընթացը եւ այլ խնդիրներ դեռեւս արտացոլում չեն գտել մարզման գործընթացում եւ համալիր ծրագրերում։ Վերը նշված մարզաձեւերի հավաքականներում ընդգրկված 23 մարզիկներ հաշվետու ժամանակահատվածում մասնակցել են աշխարհի մեկ ու Եվրոպայի երեք առաջնությունների եւ նվաճել ընդամենը մեկ արծաթե եւ երեք բրոնզե մեդալ։ Նշված եւ բազմաթիվ այլ բացթողումներն ու թերացումները վերացնելու նպատակով ՀԱՕԿ-ի գործկոմը կայացրել է համապատասխան որոշումներ, սահմանել դրանց կատարման ժամկետներն ու պատասխանատուներին, մշակել մի ամբողջ շարք լրացուցիչ միջոցառումներ։ Ավագ մարզիչների հաշվետվություն լինելու է նաեւ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Եվ եթե այդ ժամանակ էլ կատարված աշխատանքները չբավարարեն ներկայացվող պահանջները, ապա կբարձրացվի նրանց, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ մարզչական խորհուրդների կազմը վերանայելու հարցը։ Օրակարգի երկրորդ հարցը նվիրված էր 2001 թ. երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանը հաստատելուն։ Բացի ընթացիկ աշխատանքներից, որ ՀԱՕԿ-ը պետք է կատարի մինչեւ տարեվերջ, ծրագրում շեշտը դրված է նաեւ 19-րդ ձմեռային եւ 28-րդ ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստությանն ու մասնակցությանը, ինչպես նաեւ ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխություն» կազմակերպության ներկայացրած ծրագրերն իրականացնելուն։ Գործկոմը քվեարկությամբ հաստատեց ներկայացված աշխատանքային ծրագիրը։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել