Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ 1700-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ

Հունիս 29,2001 00:00

ՆՈՐԻՑ 1700-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ Օրերս արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի հայկական ընկերությունում (ԱՕՔՍ) բացվեց նկարիչ Խաչիկ Հովհաննիսյանի գրաֆիկական ու գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցադրվող 27 նկարները՝ «Խաչից իջեցնելը», «Մկրտություն», «Երկրպագություն», «Տիրամայր», «Խաչելություն» եւ այլն, նկարիչը վրձնել էր քրիստոնեության մոտիվներով, իսկ ցուցահանդեսը՝ նվիրել քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ «Իմ գործերի արմատները գնում են դեպի միջնադար՝ մանրանկարչություն, քանդակագործություն։ Եվ միջնադարի մշակույթը համարում եմ շատ զուլալ, սնուցող աղբյուր»,- ասում է Խ. Հովհաննիսյանը։ Նա նշեց նաեւ, որ նկարները ցուցադրվում են արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապի հայկական ընկերության նախաձեռնությամբ։ Ի դեպ, նշենք, որ թեեւ ցուցահանդեսը ներկայացնում էր ընդամենը մի քանի տասնյակ գործ, այդուհանդերձ բոլոր նկարները նախասրահում չէին ցուցադրվում։ «Գրաֆիկական նկարների մի մասը ներսում է»,- նոր եկող հյուրերին զգուշացնում էր նկարիչը։ Իսկ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ իրենց միության դահլիճները շատ մեծ են, եւ առաջիկա աշնանը նախատեսել են Նկարիչների միությունում Խ. Հովհաննիսյանի գործերի ավելի ընդգրկուն ցուցադրություն կազմակերպել։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել