Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՂՋԻ ԳԵՏԸ ԹԱՓՈՆՆԵՐԻՑ ԿԱՊՏԵԼ Է

Հունիս 29,2001 00:00

ՈՂՋԻ ԳԵՏԸ ԹԱՓՈՆՆԵՐԻՑ ԿԱՊՏԵԼ Է 1951թ. հիմնադրված Հայաստանի արդյունաբերական հսկաներից մեկը՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը 90-ականների ճգնաժամից հետո 8-րդ տարին անընդմեջ աշխատող եւ արտադրական կարողությունները մեծացնող եզակի ձեռնարկություններից է։ Նրա արտադրանքն աշխարհում որակյալ է համարվում եւ միշտ էլ պահանջարկ է վայելում։ Իսկ կոմբինատում աշխատանք ունենալու շնորհիվ հարյուրավոր քաջարանցիներ, խուսափելով արտագաղթից, բարեկեցիկ ապրում եւ աշխատում են։ Փաստն ինքնին ուրախալի է, եթե դիտենք հանրապետությունում տիրող գործազրկության ֆոնի վրա։ Սակայն քիմիական գործարանների գործունեության մասին խոսելիս անհնար է չխոսել «ստվերոտ» կողմի՝ արտադրական թափոններից առաջացած հիմնախնդիրների մասին։ Քաշաթաղի շրջանի գյուղվարչության պետ Արեն Գալստյանը հայտնեց, որ նախկինում Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանին կից եղել են հսկա հորեր, որոնց մեջ լցվել է թափոններով լի ջուրը։ Ժամանակի ընթացքում թափոնները հորերի հատակին նստվածք են տվել, իսկ որոշ չափով մաքրված ջրերը բաց են թողնվել՝ շրջապատին էկոլոգիական վնաս չհասցնելով։ Այժմ ֆիլտրման այդ մեխանիզմը չի գործում. արտադրական թափոնները լցվում են Քաջարանի մերձակայքով անցնող Ողջի գետը, որն ամբողջովին կապույտ գույն ընդունած՝ հասնում է մինչեւ Կովսականի շրջան (Զանգելան)։ Այնտեղ թափոնները կուտակվում են ջրանցքների հատակին, փակում ճանապարհները։ Բանից անտեղյակ վերաբնակիչներն էլ իրենց կենցաղային կարիքները հոգում են թափոններից թունավորված արտեզյան ջրհորների ջրով, ոռոգում են բանջարանոցները։ Դժվար չէ գուշակել, թե տարիներ անց ինչ հետեւանքներ կարող է ունենալ կեղտաջրերի օգտագործումը մարդկանց առողջական վիճակի, ոռոգվող հողերի, վերջապես, ստացվող բերքի վրա։ Այն ժամանակ բոլորը միմյանց կհարցնեն, թե ինչո՞ւ արտագաղթի շոշափուկները հասան հաջողությամբ վերաբնակեցված Կովսական։ ԼԻԱՆԱ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել