Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀՃ-ն կպայքարի Քոչարյանի կլանի դեմ

Հունիս 29,2001 00:00

ԱՀՃ-ն կպայքարի Քոչարյանի կլանի դեմ Ինչպես պնդում է Ազգային համաձայնության ճակատը, նախագահ Քոչարյանի վարչախումբը՝ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի ձեռքերով, հերթական անգամ տապալեց Ճակատի՝ երեկ նախատեսված հանրահավաքը։ Դա միաժամանակ ե՛ւ լավ նշան է, ե՛ւ վատ։ Լավ, որովհետեւ դա, թերեւս, նշանակում է, որ իշխող վարչակազմին ընդդիմադիր որեւէ ուժի հանրահավաքներին մասնակցող եւ օրեցօր ավելի հոծ բազմության բողոքի ձայնը, այնուամենայնիվ, լսելի եւ նյարդայնացնող է նախագահական պալատի պարիսպների ներսում գտնվողների համար։ Դատելով իշխանությունների կողմից ճարահատյալ ձեռնարկված միջոցառումներից, այդ դժգոհությունը, հավանաբար, սասանում է նախագահի վարչախմբի դիրքերը։ Վատ է, քանի որ հասարակության դժգոհությունը խլացնելուն միտված իշխանությունների քայլերը մի օր կարող են սպառվել կամ ապարդյուն լինել։ Իսկ դա կարող է քաղաքական հետապնդումների նոր ալիք բարձրացնել։ Ընդդիմադիր ուժերը դրան, իհարկե, պատրաստ են։ Երեկ Ազատության հրապարակում նախապես հայտարարված հանրահավաքի փոխարեն մինի-հանրահավաք տեղի ունեցավ՝ առանց բարձրախոսների։ Բայց հռետորների պակաս այս անգամ էլ չկար։ ԱՀՃ ներկայացուցիչ Աշոտ Մանուչարյանից ավելի բարձր խոսում, իշխանություններին պիտակավորում եւ վերջիններից հրաժարական էին պահանջում քաղաքականապես ակտիվ ու բոլոր հանրահավաքների մշտական մասնակից մեր համաքաղաքացիները։ Ճակատն էլ ասելիք ուներ։ «Իշխանությունների կողմից վարվող ներքին եւ արտաքին քաղաքականության մեր գնահատականները շատ կոնկրետ են։ Կոնկրետ են նաեւ այն միջոցառումները, որոնք Ճակատը ձեռնարկելու է երկրում ստեղծված վտանգավոր իրավիճակը շտկելու համար։ Այդ ուղղությամբ նախատեսվող քայլերից մեկը Ռոբերտ Քոչարյանի կլանի դեմ պայքարն է, որին Ճակատն այսուհետ հետամուտ է լինելու։ Կարծում եմ, սա նոր որակ է»,- ասաց ԱՀՃ ներկայացուցիչ Էդուարդ Սիմոնյանցը։ Ըստ նրա, այդ դեպքում նկատի է առնվում ոչ թե ղարաբաղյան կամ որեւէ ուրիշ, այլ հենց Քոչարյանի կլանը, քանի որ՝ «այսօր գործում է միայն Քոչարյանի կլանը, իսկ մյուսները կամ նրա հետ են, կամ ոչնչացվում են»։ ԱՀՃ-ն հայտարարում է, որ պայքարելու է նաեւ կոռուպցիայի դեմ։ «Դա նաեւ Վազգեն Սարգսյանի ծրագրային դրույթներից մեկն էր, որը նա չհասցրեց իրականացնել «27»-ի ողբերգության պատճառով։ Վ. Սարգսյանը զոհվեց, բայց կոռումպացված անձանց եւ իշխող կլանների մասին նրա ունեցած տեղեկատվությունը կա»,- նկատեց պարոն Սիմոնյանցը։ Ճակատի ուշադրության կենտրոնում է լինելու նաեւ Ղարաբաղի հարցի կարգավորումն ու այդ ենթատեքստում՝ Մեղրիի խնդիրը։ Այն, պարոն Սիմոնյանցի համոզմամբ, եղել եւ այսօր էլ մնում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում։ Ինչ վերաբերում է ժողովրդի հետ տարվող աշխատանքներին, ապա՝ Ճակատը բացի հանրահավաքներ անցկացնելը, նաեւ ուրիշ եւ ոչ պակաս արդյունավետ միջոցներ ունի իր «զինանոցում»։ Ուրեմն, սպասենք նրա հաջորդ քայլին։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել