Լրահոս
Օրվա լրահոսը

Խտրականության սկզբունքներն են սերը… շահադիտությունը… ազգակցական կապը… քմահաճույքը… միակողման

Հունիս 29,2001 00:00

Խտրականությունը՝ որպես կաղեկաղ էթիկա Խտրականության սկզբունքներն են սերը… շահադիտությունը… ազգակցական կապը… քմահաճույքը… միակողմանի խղճահարությունը… հաճելի զուգորդումը… հաշվենկատությունը… մանեւրը… դիվանագիտությունը… հեռատեսությունը… Խտրականությունը ողորմածության ծաղրանկարն է, արդարամտության ճշմարիտ դեմքը կամ փարիսեցիական դիմակը։ Բողոքո՞ւմ ես արդյոք, երբ խտրականությունը լինում է քո օգտին։ Հավատացյալը ողորմածություն է խնդրում Տիրոջից նաեւ ուրիշների համար… «քանզի չգիտեն, թե ինչ են անում»։ Այդ անիծյալ խտրականությունը գնահատանք ու երախտագիտություն ակնկալող խեղված բարեգործություն է։ Աստված մարդանման է, երբ նույնն է ակնկալում, ու երբ չկա… տխուր ժպտում եւ ջանում է արդար ձգձգել հատուցումը։ Աստծո անսահման ու մարդկայնորեն անիմանալի ողորմածությունը առեղծվածային է։ Շուտափույթ զգուշացում-պատիժը միայն նրա զավակների համար է։ Բաբելոնյան աշտարակի վերասլաց թափով խտրականությունը գոռոզության ու սեփական զորության դրսեւորում է… աստվածանման լինելու մի ժեստ։ Պետական ներաշնորհման խտրականությունը հասարակականորեն տրամաբանական է։ Հավատացյալի համար բնության տարերքների խտրականությունը նմանապես այդպիսին է՝ ըստ տարածքի եւ անհատապես։ Զավակների հանդեպ ծնողի խտրականությունը ողջամտության բացակայությունից է եւ երկպառակության լծակ եղբայրուքույրերի միջեւ։ Ծնողների հանդեպ զավակի խտրականությունը մեծահոգության պակասից է։ Թաղման հանգամանքների խտրականությունը վերաբերում է ողջ մնացածներին։ Խտրականությունը տուժածին խորհելու նյութ է տալիս։ Կայենը խորհել չկամեցավ։ Սպորտային դատավորի խտրականությանը նվագակցում են ոչ գեղարվեստական սուլոցներով։ Պոռնիկի խտրականությունը արտապրոֆեսիոնալիզմ է… ու նաեւ խիստ պրոֆեսիոնալ՝ նկատի ունենալով վարձատրման մասշտաբը։ Քննադատի խտրականությունը ոտնահարում է նրա պրոֆեսիոնալիզմի սեփական արժանապատվությունը։ Ազգային խտրականությունը կախում ունի պատեհորեն անձնական շփումներից, նաեւ գրական ու արվեստի արտասահմանյան արտադրանքի հանդեպ սեփական կամ գովազդայնորեն արմատավորված ճաշակից։ Ազգայինը կախում ունի նաեւ սովորույթների ընդհանրությունից կամ խրտնեցնող զանազանություններից։ Աշխարհագրական հեռավորությունը հակախտրական է որպես անտարբերություն։ Կտակային խտրականությունը առավել կամ պակաս գեշ կատակ է։ Մուրացկանների հանդեպ խտրականությունը նրանց արհեստավարժության վերաբերյալ կասկածամտության աստիճանից է։ Կրոնական ուսմունքների նկատմամբ մարդկանց խտրականությունը հարուցում է Տիրոջ տարակուսանքը։ Խտրականության վախճանից է սկսվելու առավելապես բանական մարդկային քաղաքակրթությունը, իր ծավալուն հանդուրժողականությամբ։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել