Լրահոս
Օրվա լրահոսը

Այստեղ կինո կար

Հունիս 29,2001 00:00

ՉԱԼԴՐԱՆՅԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՋՈՂ ՖԻԼՄԸ Այստեղ կինո կար Արդեն երկար ժամանակ՝ քանի տարի, խոսվում է մշակույթի տարբեր ոլորտների խնդիրների, արվեստի, մշակույթի գործիչների առջեւ ծառացած հարցերի մասին։ Եվ եկավ մի շրջան, երբ սկսեցինք բավարարվել այն մտայնությամբ, որ թող մի բան արվի, նկարահանվի, ստեղծվի՝ լավ, թե վատ, կարեւոր չէ։ Միայն թե պրոցեսը կանգ չառնի, անիվը պտտվի։ Դժվարին շրջան ստեղծվեց հատկապես կինոարտադրության համար։ Ի զարմանս մեզ, սակայն, այս մեկուկես տարվա ընթացքում հայ հանդիսատեսը հասցրեց դիտել չորս կինոնկար՝ ռեժիսորներ Ալբերտ Մկրտչյանի, Տիգրան Խզմալյանի, Ռուբեն Գեւորգյանցի եւ օրերս էլ՝ Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմերը։ Վերջինիս առաջին ցուցադրությունն էլ, սովորության համաձայն, տեղի ունեցավ Կինոյի տանը, ապա՝ «Մոսկվա» կինոթատրոնում։ Այս ֆիլմը հանդիսատեսին դուր եկավ։ Եվ, իսկապես, հաջողված էր. շատերը խոստովանեցին, որ սա Վիգեն Չալդրանյանի մինչ օրս նկարահանած ֆիլմերից ամենալավն էր։ Փարաջանովի խոսքը, թե ռեժիսոր չեն դառնում, ծնվում են, ընդ որում՝ ծնվում են աշխարհ գալուց ինն ամիս առաջ, Վ. Չալդրանյանի պարագայում, իհարկե, չի գործում։ Սակայն մեծ են Վ. Չալդրանյան ռեժիսորի ձգտումները, որոնք լավ իմաստով փոքր-ինչ մրցավազք են արդեն հիշեցնում։ Ինչպես եւ այս ձգտումը՝ «Լռության սիմֆոնիա» ֆիլմը «Օսկարի» մրցանակաբաշխությանը ներկայացնելու նրա մտահղացումը։ Հրաշալի է այդ ձգտումը, եւ, եթե անգամ «Լռության սիմֆոնիան» պարզապես մասնակցի եւ ոչինչ էլ չստանա, այդ մասնակցությունն էլ հայ կինոյին շատ օգտակար է ու գուցե մի շունչ հաղորդի։ Ի վերջո, հայ կինոյի մասին այլ՝ մեծ բեմահարթակներից կսկսեն խոսել։ Ու մեզնից բացի, ուրիշներն էլ չեն ասի, թե Հայաստանում ֆիլմ չի նկարահանվում։ «Լռության սիմֆոնիայի» սցենարը պատմում է մի երեւանցու մասին, որը տարիներ առաջ խոշոր ադամանդի գողություն է կատարած լինում Ոսկերչական գործարանից եւ հետապնդումներից, դատավճռից խուսափելու համար հոգեկան հիվանդ է ձեւանում, հոգեբուժարան ընկնում։ Հետո նա հոգեբուժարանից փախչում է ԱՄՆ։ Լուրեր են տարածվում, թե նրան այնտեղ սպանել են։ Տասնյակ տարիներ են անցնում, եւ նա մի օր վերադառնում է Հայաստան՝ Քրեյզ անունով։ Դեպքերի բերումով մասնակցում է սեփականաշնորհման մի գործընթացի եւ սեփականաշնորհում է այն հոգեբուժարանը, որտեղ եղել է ինքը։ Հոգեբուժարանը վերանորոգում է, հիվանդների համար հրաշալի պայմաններ ստեղծում, վերացնում հիվանդներին ծեծելու մեթոդը, կատարում նրանց բոլորի ցանկությունները, տոներ կազմակերպում… Դեպքերի ընթացքը շուտով փոխվում է, քանզի քիչ անց իմանում են Քրեյզի անցյալի մասին ու սկսում են հետապնդումները։ Բոլորը զարմացած են՝ ո՞վ է Ամերիկայից եկած խենթ միլիոնատերը, որ փողերը ծախսում է հոգեկան հիվանդների վրա, եւ ո՞րն է արդյոք նրա շահը։ Ֆիլմը դիտելիս համոզվում ենք՝ որքան մեծ նշանակություն ունի սցենարը, ապա՝ դերասանի խաղը եւ, ինչ խոսք, ռեժիսորական աշխատանքը։ Ֆիլմի գլխավոր դերերում էին Միքայել Պողոսյանը, Ժան Պիեր Նշանյանը, Կարեն Ջանիբեկյանը, Վլադիմիր Մսրյանը, Նինո Կասրաձեն, Բարբրա Բրիլսկան եւ այլք։ Ֆիլմի սցենարի հեղինակը Վ. Չալդրանյանն է, համահեղինակը՝ արձակագիր Գուրգեն Խանջյանը։ Սցենարը հետաքրքիր էր եւ արդեն ֆիլմի կեսից հանդիսատեսն իսկապես ներքաշված-տարված էր դեպքերի ընթացքով։ Հանդիսատեսի շարքերում անհանգստություն էր նկատվում, թե հերոսը՝ Քրեյզը, ինչպե՞ս կվարվի, գործողությունն ի՞նչ ավարտ կունենա, ինքնասպան կլինի՞, թե՞… Վաղուց հայկական ֆիլմ դիտելիս հանդիսատեսը հերոսի գործողություններով չէր անհանգստացել։ Կինոյի շունչ կար այս ֆիլմում հենց առաջին իսկ կադրից, ֆիլմի կառուցվածքից, մոնտաժից, տիտրերից, այլ խոսքով՝ փաթեթավորումից, որն, ի տարբերություն հայկական շատ ֆիլմերի, գավառական չէր եւ ներկայանալի էր իբրեւ պրոդուկտ։ Այս ամենով հանդերձ, պետք է խոստովա նել, որ «Լռության սիմֆոնիան» շահում էր մասնավորապես գլխավոր հերոսի՝ Քրեյզի դերակատար Միքայել Պողոսյանի վարպետ խաղով, որի կատարումը ե՛ւ սցենարը, ե՛ւ ֆիլմը, ե՛ւ մյուս հերոսներին համախմբում էր իր առանցքի շուրջ, լրացնում եւ որոշակի դասավորում նրանց կատարումները։ Վ. Չալդրանյանը դերասանների լավ ընտրություն էր կատարել՝ նաեւ հանձին Կ. Ջանիբեկյանի, Վ. Մսրյանի, Ջ. Գրիգորյանի, Հ. Բաբախանյանի։ Ֆիլմում հրավիրված դերասաններ Նինո Կասրաձեի եւ Բարբրա Բրիլսկայի խաղն այնքան էլ չէր առանձնանում որեւէ առանձնահատկությամբ։ Վ. Չալդրանյանի՝ նրանց այս ֆիլմում խաղալու հրավիրելու փաստին կարելի է վերաբերվել նաեւ ֆիլմը այլ երկրների էկրաններին ներկայացնելու մտադրությամբ եւ մոդայով. անվանի դերասանի հրավիրել-ներմուծելը նաեւ ռեժիսորական հնարք է եւ լայն հանդիսատեսին շահագրգռելու միջոց։ Շատ ռեժիսորներ են իրենց ստեղծած ապրանքին հնչեղություն տալիս՝ հայտնի դերասանների ընդգրկելով։ Եվ հաճախ է պատահում, որ ֆիլմը դիտում են նրանում ընդգրկված դերասանների անունների պատճառով։ Մեր թափը պարզապես հերիքեց այսքանին, չնայած Ն. Կասրաձեն հոգեբանական դերերի դերասանուհի է եւ իր մարմնավորած հերոսուհու դերում՝ ընտրությունը տեղին էր։ Այնուամենայնիվ, ամրագրենք, որ այս ֆիլմի սցենարի հետաքրքրականությունը առավել երանգավորում էին հայ դերասանները։ Նրանց խաղի վարպետությունը նույնիսկ լրացրեց ֆիլմի գործողությունների, դեպքերի պակասը։ Մի հետաքրքիր առանձնահատկություն կար այս ֆիլմում, որը բնորոշ է հայ մշակույթին՝ մասնավորապես հայ թատրոնին, գրականությանը, բնականաբար, նաեւ կինոյին։ Այն է՝ պաթետիզմը եւ աֆորիզմներով մտքեր արտահայտելու տենչը, կերպարների-հերոսների՝ թեւավոր խոսքերով փոխհարաբերությունը։ «Լռության սիմֆոնիան», օրինակ, սկսվեց այս տողերով. «Բառերն ու հնչյունները գալիս են ու անցնում, իսկ լռությունը մնում է։ Կարողացեք լսել ձայնը լռության…»։ Գուցե դա նաեւ մեր լեզվի առանձնահատկություններից մեկն է։ Բայց թերեւս մի օր հայ մշակույթը կմաքրվի «պոզայիկ» ու «գերիմաստուն», խուճուճ ու ծանր խոսքերի շարաններից։ Եվ կմնա պարզ ու մաքուր իդեան, միտքը, գործողությունը, ասելիքը, քանզի ավելորդ խելոք երեւալու թաքցրած ցանկությունն անգամ արվեստը չի հանդուրժում, հանդիսատեսը՝ նույնպես։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ Հ. Գ.1) Պրեմիերայից դեռ ամիսներ առաջ լուրջ խնդիրներ ծագեցին Վ. Չալդրանյանի եւ ֆիլմի գլխավոր դերակատար Մ. Պողոսյանի միջեւ։ Բանը նրանում էր, որ նկարահանումների ավարտից հետո Վ. Չալդրանյանը որոշել էր իր ձայնը հնչեցնել Մ. Պողոսյանի ձայնի փոխարեն։ Մ. Պողոսյանը, բնականաբար, դրանից վիրավորվել էր, այնքան, որ անգամ «Մոսկվա» կինոթատրոնում ստեղծագործական խմբի հետ բեմ չբարձրացավ։ Չալդրանյանի սույն որոշման պատճառներն անհասկանալի են, բայց փաստ է, որ հանդիսատեսը առաջին հերթին Մ. Պողոսյանի խաղին էր հետեւում, որքան էլ ֆիլմում կարեւոր է ձայնը։ Հ. Գ.2) Վ. Չալդրանյանին գոնե մի քիչ ճանաչողները դեռ պրեմիերայից առաջ զարմանում էին՝ անհնար է, Վ. Չալդրանյանը ֆիլմում վիզուալ տեսանելի չէ, ինչպե՞ս կարող է այդպես պատահել, որ մի տեղ չլինի։ Շատ չսպասեցինք. մինչ ֆիլմի դիտումը ցուցադրվեց Լ. Մարտիրոսյանի տեսաֆիլմը՝ ֆիլմի մասին։ Մոտ 10 րոպե Վ. Չալդրանյանին տեսանք՝ նա քայլում է, խոսում է, ճչում է, հրահանգ է տալիս, նկարահանում է, նորից է քայլում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել