Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարական պետությունների կայունության երաշխիքներից մեկը իշխանությունը ժողովրդին պատկանելու, օր

Հունիս 29,2001 00:00

ԿԱԽՅԱԼ Է ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ժողովրդավարական պետությունների կայունության երաշխիքներից մեկը իշխանությունը ժողովրդին պատկանելու, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների տարանջատման սկզբունքների անխոս իրականացումն է։ Եթե հիշյալ երեքից մեկն ու մեկը խլվում կամ հեռացվում է ժողովրդից, ապա ժողովրդավարության մասին խոսելն իսկ ավելորդ է։ Դատական իշխանության ձեւավորման մենաշնորհը տրվել է նախագահին, այսինքն՝ դատական իշխանությունը միանշանակորեն ենթարկվել է գործադիր իշխանությանը, իսկ ինչ վերաբերում է միջանկյալ արարողություններին (Արդարադատության խորհրդի, գլխ. դատախազի, արդարադատության նախարարության գործողությունները), դրանք ընդամենը ծխածածկույթ են, ուրիշ ոչինչ։ Դատելով այսօրվա Սահմանադրությունը բարեփոխողների առանձին ելույթներից, կարելի է եզրակացնել՝ դատական իշխանության առումով, ընդամենը Ազգային ժողովի եւ ՀՀ նախագահի միջեւ անհաշտ պայքար է ծավալվել դատախազների եւ դատավորների աթոռների վերաբաշխման գործում ավելի մեծ կամ հավասար իրավունք ունենալու համար։ Դատական իշխանության անկախությունն ուղիղ համեմատական է այդ համակարգում առկա պաշտոններին անկախ նշանակմանը։ Կախյալ դատական իշխանությունը գործունեության ընթացքում, կամա թե ակամա, ակտիվ ձեւով արձագանքում է իր ձեւավորողի ցանկացած վարվելակերպին։ Օրինակ, եթե նախագահը հրապարակավ հայտարարում է պայքար կաշառակերության դեմ՝ դատաիրավական ողջ համակարգը՝ սկսած հետաքննական-նախաքննական մարմիններից, վերջացրած վճռաբեկ ատյանով, սկսում է «պայքարել» միջոցների մեջ խտրականություն չդնելով, ընդհուպ «գործ սարքելու» միջոցով մարդկանց ազատազրկելը՝ չէ՞ որ հաշվետու պետք է լինել։ Գործունեության այս սկզբունքի արդյունքն է, որ այսօր Հայաստանում հանցագործությունների 47,7%-ը (պաշտոնական հրապարակումների համաձայն) խարդախություններն են։ Դատական իշխանության ե՛ւ կայացման, ե՛ւ անկախ գործելու միակ ճանապարհը իշխանության տիրոջ՝ ժողովրդի կողմից նրա ձեւավորումն է եւ ժողովրդի առաջ պատասխանատու լինելը։ Նախկինում եւս բազմիցս նշել ենք հանրապետության վարչատարածքային առկա բաժանման անտրամաբանական լինելը եւ նախկին՝ շրջանային, բաժանման վերականգնման անհրաժեշտությունը։ Շրջանների վերականգնումից հետո, յուրաքանչյուր շրջանում ե՛ւ դատավորը, ե՛ւ դատախազը պետք է ընտրվեն տվյալ տարածքի ժողովրդի կողմից՝ ուղղակի, ազատ ընտրությունների միջոցով։ Այդ նպատակով շրջաններում հանձնաժողովները պետք է կազմվեն տվյալ տարածքում գործող հասարակական, հասարակական-քաղաքական ուժերի եւ տեղական իշխանության ներկայացուցիչներից՝ հավասար թվաքանակով։ Կազմավորված հանձնաժողովը պետք է գործի դատավորի, դատախազի գործունեության համար օրենքով նախատեսված ողջ ժամանակահատվածի համար: Բնական է, որ ցմահ դատավոր լինելու օրենսդրական զավեշտը պետք է վերացվի։ Ընտրված դատախազները (շրջանային) ի պաշտոնե կազմավորում են դատախազների հանրապետական խորհուրդ, որտեղ հավասար, գաղտնի քվեարկությունով, մրցակցության ապահովման սկզբունքի պահպանումով ընտրվում է հանրապետության «գլխավոր դատախազ» պաշտոնի թեկնածուն եւ առաջարկվում է ՀՀ նախագահին, Ազգային ժողովին հաստատել առաջադրված թեկնածուին։ Օրենսդիր եւ գործադիր իշխանություններից որեւէ մեկի կողմից թեկնածուի չհաստատումը խորհրդի կողմից կարող է վիճարկվել Սահմանադրական դատարանում, իսկ եթե երկուսն էլ չեն հաստատում, ապա պետք է առաջադրվի նոր թեկնածու։ Նշանակված դատախազին աշխատանքից ազատելու միջնորդությունները (ԱԺ-ի, նախագահի եւ այլն) պետք է քննարկվեն դատախազների հանրապետական խորհրդում եւ միայն վերջինիս համաձայնությամբ պետք է նրան ազատել զբաղեցրած պաշտոնից։ Խորհրդի կողմից միջնորդության մերժումը կարող է միջնորդողի կողմից վիճարկվել Սահմանադրական դատարանում։ Շրջանային դատավորների (կամ 2/3-ի) ընտրությունների կայացումից հետո, ընտրված դատավորները, հանրապետությունում գործող փաստաբանական ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացնում են հանրապետության գլխավոր դատարանի նախագահի (նախագահների) եւ դատավորների ընտրություններ, որի արդյունքում ձեւավորվում է դատական բարձրագույն ատյանը։ Ընտրված դատավորների, դատախազների գործունեության հիմնական գնահատականը պետք է տրվի իրենց ընտրողների կողմից։ Այս պայմաններում պետք է առանձնահատուկ դեր հատկացվի Արդարադատության խորհրդին. այն հիմնականում պետք է զբաղվի իրավունքի տեսության զարգացման հարցերով, խնդիրներից մեկը պետք է լինի հանրապետությունում առկա դատական պրակտիկայի ամփոփումը, հանրապետության տարածքում օրենքի միատեսակ օգտագործման, դատաիրավական, պատժիչ համակարգի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունները։ Արդարադատության խորհուրդը պետք է ունենա նաեւ օրենքների ճիշտ կիրառմանն օժանդակելու հնարավորություն։ Օրինակ, նրան պետք է տալ դատապաշտպանների կողմից դատարանների, գլխավոր դատարանի կողմից վճիռների, որոշումների կայացման ընթացքում օրենքների առկա խախտումների կամ դրանց անտեսման անհիմն լինելու վերաբերյալ միջնորդագիր-բողոքների քննարկման, դրանց վերաբերյալ եզրակացություններ անելու եւ այն սխալի հեղինակ հանդիսացող դատարանին ուղարկելու իրավունք։ ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել