Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ

Հունիս 29,2001 00:00

Առաջնահերթ հարցերը կլուծվեն վերջում ՀՀ կառավարության հոկտեմբերի 25-ի «ՀՀ տարածքում քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» թիվ 682 որոշման կատարումը պետք է իրականացվեր դեռեւս 2000-ին։ Առաջնահերթ քանդման էր ենթակա Աջափնյակ թաղամասի թվով չորս շենք։ Շինարարների 6, Ֆուչիկի 10, 19 եւ Սիսակյան 22 հասցեում գտնվող շենքերը համարվում էին 4-րդ կարգի (քանդման կամ հիմնովին վերանորոգման) շենքեր։ Սակայն մինչեւ օրս որեւէ աշխատանք չի կատարվել, ավելին, երբ շենքերի բնակիչները դիմել են համապատասխան պետական ատյաններ, նրանց պատասխանել են, որ «բյուջեում հիմա կողմնակի ծախսերի համար գումար չկա»։ Երեկ վերոնշյալ շենքերի բնակիչները հավաքվել էին նախագահի նստավայրի մոտ, որպեսզի, ինչպես իրենք ասացին, «գոնե այստեղ մեզ լսեն, թե չէ արդեն որերորդ անգամ է՝ խաբում են։ Դիմում ենք քաղաքապետարան, ասում են՝ «սպասեք, էլի, քանի դեռ եղանակները լավ են, ձեր շենքը չի փլվի», դիմում ենք նախարարություններին, նրանք էլ բարդում են կառավարության վրա, դե, իսկ կառավարությունն էլ իր հերթին՝ նախագահի վրա։ Դրա համար էլ որոշեցինք դիմել նախագահին, տեսնենք, թե նա ում կհանձնարարի մեր հարցով զբաղվել»,- բորբոքված պատմում էին բնակիչները։ Դեռեւս երկու տարի առաջ շենքերի այն բնակիչներին, որոնք ունեն բնակարանային օրդերներ, խոստացվել էր փոխհատուցում, իսկ Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներին (ի դեպ, բնակիչների հիմնական մասը փախստականներ են- Ա. Դ.) առաջարկվել է ժամանակավոր կացարաններ՝ մանկապարտեզներում կամ հանրակացարաններում։ Նախագահի նստավայրի մոտ հավաքված բնակիչներին երկար սպասեցնելուց հետո խոստացան 7 օրվա ընթացքում բավարարել նրանց դիմումը։ Խնդրի շուրջ զրուցեցինք Երեւանի քաղաքապետարանի բարեկարգման եւ շինարարության վարչության պետ Աշոտ Սարգսյանի հետ, որն էլ տեղեկացրեց, որ կառավարությանն արդեն իսկ ներկայացվել է վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նոր նախագիծ, սակայն դրա իրականացման համար միայն 2002թ. պետբյուջեով է գումարներ նախատեսվում։ «Հարցի լուծման համար շուրջ մեկ ամիս է փորձում ենք գումարներ հայթայթել այլ օբյեկտների իրացման միջոցով եւ կարծում եմ, եւս մեկ ամիս, եւ կհավաքենք չորս վթարային շենքերի համար սահմանված 272 մլն դրամը»,- ասաց պրն Սարգսյանը։ Ինչ վերաբերում է բնակարանային օրդերներ ունեցող բնակիչներին եւ փախստականներին, պրն Սարգսյանը նշեց, որ տարբերություններ չեն դրվելու, «բոլորն էլ կստանան կամ նոր բնակարաններ, կամ էլ փոխհատուցում»։ Իսկ քաղաքաշինության նախարարության բնակարանային վարչության պետ Կամո Խաչատրյանի հավաստմամբ, վերաբնակեցված փախստականները սկզբից կբնակվեն վարձակալական հիմունքներով եւ «երբ ՀՀ քաղաքացիություն ստանան, մեկ տարվա ընթացքում կկարողանան նաեւ մասնավորեցնել իրենց բնակարանները»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել