Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես

Հունիս 29,2001 00:00

«ՆԱՏՕ-Ն ՔԸԽ ՉԻ, ՊՈՒՊՈՒՇ Է» Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թբիլիսիի «Շերատոն Մետեխի» հյուրանոցային համալիրում հունիսի 26-27-ին տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի կազմակերպած սեմինարը։ ՆԱՏՕ-ի լրատվական գրասենյակի ղեկավար Սամանտա Դե Բենդերնի եւ քաղաքականության մշակման բաժնի աշխատակից Ջեմս Ապպատուրայի կարծիքով, Ռուսաստանի եւ Կովկասի ժողովուրդների մեջ ստեղծվել է այնպիսի կարծիք, որ ՆԱՏՕ-ն կոպիտ գործողությունների գործակալություն է, որը թելադրում է ԱՄՆ-ն։ Սակայն նրանք պնդում են, որ 19 անդամ երկրներից բաղկացած ՆԱՏՕ-ն աշխատում է հանուն Երկրի խաղաղության եւ բարգավաճման։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները նշեցին, որ թե ռազմատեխնիկական եւ թե ֆինանսական ամենախոշոր ներդրումը կատարել է ԱՄՆ-ն։ «Սակայն դա չի նշանակում, որ որոշումները ԱՄՆ-ն է ընդունում, եթե 19 երկրներից որեւէ մեկը դեմ լինի քննարկվող խնդրին, ապա այդ հարցի որոշումը չի կայանում»,- ասաց Ս. Դե Բենդերնը։ ԱՄՆ-ից հետո երկրորդ խոշոր ռազմատեխնիկական ներդրողը Թուրքիան է։ Չնայած տարբեր պետություններ կատարել են տարբեր չափերի ֆինանսական ներդրումներ, այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի բյուջեն անհամեմատ քիչ է, ասենք, Նյու Յորքի բյուջեից։ Ս. Բենդերնը ասաց, որ իրենք չունեն նորմալ լրատվական տեխնիկա, «մեր տեխնիկան քարե դարի է, մենք չունենք բջջային հեռախոս… ես ինքս եմ գնել իմ հեռախոսը եւ ինքս եմ վճարում իմ խոսակցության համար»։ ՆԱՏՕ-ն նպատակ ունի ընդլայնվելու։ Որքան շատ պետություններ համալրեն ՆԱՏՕ-ի շարքերը, այնքան կշատանան տարբեր բնագավառի ներդրումները։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները նշեցին, որ կազմակերպությունը չի ընդունում նրանց, ովքեր ցանկանում են ՆԱՏՕ-ի անդամ դառնալ իրենց քաղաքական խնդիրները լուծելու համար, իրենց պետք է անդամագրվեն արդեն դրանք լուծած։ Առաջիկայում ՆԱՏՕ-ի շարքերը համալրելու է 9 պետություն։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները նշեցին, որ ԱՄՆ-ն հիմնադրելու է հակահրթիռային պաշտպանությունը, որին դեմ է Ռուսաստանը: Այնուամենայնիվ, այդ ծրագիրը, անկախ Ռուսաստանի ցանկությունից, իրականացվելու է։ ՆԱՏՕ-ի գլխավոր ցանկությունն է տեսնել Ռուսաստանին իր շարքերում։ Սակայն տարիներ շարունակ Ռուսաստանի հետ համագործակցումը չիրականացրեց ՆԱՏՕ-ի երազանքը։ Նրանց կարծիքով, «Ռուսաստանը մեզ համարում է հակադիր, խանգարիչ ուժ եւ մեր ընդլայնման ու հակահրթիռային պաշտպանության ծրագիրը դիտում է որպես սպառնալիք»։ Ըստ նրանց, Կովկասը չի մտնում ՆԱՏՕ-ի շարքերը ոչ միայն ֆինանսական ճգնաժամի պատճառով, այլ նաեւ նրա համար, որպեսզի չխզվեն կապերը Ռուսաստանի հետ։ Ս. Բենդերնը եւ Ջ. Ապպատուրան շեշտեցին, որ իրենց միջամտությունը Կոսովոյի հարցին որոշ պետությունների մեջ ստեղծել է այն կարծիքը, որ «ՆԱՏՕ-ն ամեն տեղ խոթում է իր քիթը»։ Սակայն «դա այդպես չէ. Կոսովոն բացառություն էր, քանի որ այն հանդիսանում էր մեր անդամ երկրներից մեկի սահմանագիծը, եւ մեր միջամտությունն ինչ-որ տեղ բերեց Կոսովոյում խաղաղության, տնտեսական եւ մշակութային բարգավաճման»։ Նրանք նշեցին, որ Կոսովոյի խնդիրների կարգավորումը առանձնապես մեծ հաճույք չի պատճառում իրենց, քանի որ արդեն հասցրել են ծախսել 5 միլիարդ ԱՄՆ դոլար։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն ասացին, որ իրենք պատրաստ են համագործակցել ցանկացած պետության հետ. «Մենք ցանկանում ենք լրատվական գործակալություններ բացել տարբեր պետություններում, սակայն դրա համար պետք է ՆԱՏՕ-ի բոլոր 19 երկրների համաձայնությունը»։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ Թբիլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել