Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՏԱՐՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԷՐ

Հունիս 29,2001 00:00

ՕՏԱՐՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԷՐ Երեկ «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի անդամներն ու փորձագետներն աշխատանքային հանդիպում ունեցան ԱԱՆ քննչական մեկուսարանի պետ Համլետ Խլղաթյանի հետ։ Նա հանձնաժողովականներին ծանոթացրեց Նաիրի եւ Կարեն Հունանյանների անձնական գործերին եւ պարզաբանումներ տվեց դրանց վերաբերյալ։ Հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը «Առավոտին» պատմեց, թե առկա են եղել բոլոր փաստաթղթերը նրանց այցելությունների, հանձնույթների, հարցաքննությունների վերաբերյալ։ Հակոբ Հակոբյանն էլ էր ծանոթացել այդ նյութերին, բայց պարզելով, որ դրանք խիստ մասնագիտական են՝ նախընտրել էր վստահել փորձագետների ուսումնասիրությանը։ Այնուամենայնիվ, այդ փաստաթղթերից պարզել էր, որ անգամ օպեր-լիազորները մեկուսարան են այցելել միայն քննչական խմբի ղեկավարի գրավոր դիմումից հետո ստացված թույլտվությամբ։ Հանձնաժողովի անդամ Կիմ Բալայանը համարում էր, թե դեռ շատ վաղ է գնահատականների համար. «Համենայն դեպս, Նաիրի Հունանյանի ամբողջ շարժը (որ պահին են տարել հարցաքննության, ուր են տարել եւ այլն) ամբողջությամբ ուսումնասիրել ենք»։ Եվ այդ ուսումնասիրությունների հիման վրա պրն Բալայանն ասաց. «Անձնական գործում կարված բոլոր գրություններն օրենքով սահմանված կարգով են եւ օրենքի խախտումներ այնտեղ չկային»։ Ավելին, պրն Բալայանը նաեւ նշեց, թե քննիչների մուտքը միշտ թույլատրվել է նաեւ փաստաբանի ներկայությունը շեշտելով։ Կիմ Բալայանն այսպես պատասխանեց «Առավոտի» հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ մեկուսարան մեկը մտնի, հանդիպի կալանավորին եւ դա չարձանագրվի վերջինիս անձնական գործում. «Քննչական մեկուսարանի պետն ասաց, թե բացառված է, որ որեւիցե մեկը մտնի, հանդիպում ունենա, սակայն գրանցում չլինի»։ Մեր հաջորդ հարցին, թե Նաիրի եւ Կարեն Հունանյանների անձնական գործերում անձնագրվե՞լ են դեպքեր, որ նախաքննության ընթացքում ԱԱՆ մեկուսարան մտած լինեն գործի հետ առնչություն չունեցող մարդիկ, պրն Բալայանը պատասխանեց. «Չկա այդպիսի դեպք, որ այսօր հնարավորություն ունենայինք ասելու, թե անօրինականություն է կատարվել՝ այս մարդն իրավունք չուներ մտնելու, բայց մտել է։ Բոլորն էլ մտել են քննչական բաժնի պետի գրության հիման վրա՝ քննչական գործողություն կատարելու համար»։ Հետաքրքիր է, ինչպե՞ս են այս ամենին արձագանքելու նրանք, ովքեր պնդում էին, թե գործին չառնչվող մարդիկ են նախաքննության ընթացքում մտել ԱԱՆ մեկուսարան, խոշտանգել Հունանյաններին եւ ցուցմունքներ պարտադրել նրանց։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել