Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես է գնահատում հունիսի 24-ի՝ լույս 25-ի գիշերը տեղի ունեցած մահափորձը՝ դրա թիրախ դարձած «Ժողո

Հունիս 29,2001 00:00

Ուղղորդո՞ղ քարոզչություն Թե ինչպես է գնահատում հունիսի 24-ի՝ լույս 25-ի գիշերը տեղի ունեցած մահափորձը՝ դրա թիրախ դարձած «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, փորձեցինք ճշտել հենց իրենից։ Վերջինս մանրամասնեց, որ դեպքը տեղի է ունեցել գիշերվա 1.45-ի սահմաններում, երբ ինքը աշխատասենյակում երկար ժամանակ նստելուց հետո փորձել է վեր կենալ ու հարեւան սենյակ անցնել։ «Բազմոցից բարձրանալուն զուգահեռ կռացա, որ գետնին ընկած թերթը բարձրացնեմ ու կրակոց լսեցի։ Միայն սենյակի ապակիների ջարդվելու ձայնից հասկացա, որ կրակոցն իմ տան վրա է արձակվել։ Այլեւս չբարձրացա ու կռացած փորձեցի միջանցք անցնել։ Դա միակ կրակոցն էր»,- պատմեց պարոն Մակեյանը։ Մարզի ոստիկանությանն ահազանգելուց կարճ ժամանակ անց դեպքի վայր էին ժամանել տեղի ոստիկանության, դատախազության եւ ԱԱ աշխատակիցները։ «Այդ կառույցները շատ օպերատիվ աշխատեցին։ Օրվա ընթացքում համապատասխան մասնագետներ ժամանեցին նաեւ Երեւանից»,- շեշտեց Պ.Մակեյանը։ Կատարվել էին դեպքի վայրի տեղազննություն եւ օպերատիվ այլ աշխատանքներ։ Ինչպես տեղեկացրեց պարոն Մակեյանը, տեղում կատարված փորձաքննության արդյունքում ակնհայտ է դարձել, որ եթե բախտը Պ.Մակեյանին չժպտար՝ արձակված գնդակը դիպչելու էր նրա ուղիղ ճակատին։ Մեր այն հարցին, թե գուցե կրակոցը միայն վախեցնելու եւ սպառնալու համար է եղել, պարոն Մակեյանը առարկեց, որ այդ դեպքում, թերեւս, կարիք չլիներ տանն այդքան մոտենալ։ «Կարող էին կրակել տան վրա եւ հեռանալ եւ ոչ թե նշանառության տակ առնել իմ գլուխը»,- նկատեց պարոն Մակեյանը։ Ակնարկը պարզ էր։ Անդրադառնալով դեպքից հետո շրջանառության մեջ դրված այն վարկածին, թե կատարվածն ընդամենը մահափորձի իմիտացիա է, պարոն Մակեյանն ասաց, որ այդօրինակ լուրեր Արթիկում եւ մարզում հենց հաջորդ օրն էին տարածվել մասնավորապես իշխանական ուժերի եւ հատկապես՝ Դաշնակցության տեղական կառույցների կողմից։ Թերեւս, այդ է եղել պատճառը, որ Պ.Մակեյանը դաշնակցական լրատվամիջոցներում հայտնված հիշյալ վարկածն անակնկալ չի համարում։ «Դեպքի հաջորդ օրն այդ առիթով իմ մտահոգությունը հայտնեցի նախաքննական մարմնին, տվեցի նման տեսակետ հայտնած կոնկրետ մարդկանց անուններ եւ խնդրեցի, որ հարցաքննեն նաեւ այդ եւ մյուս այն մարդկանց, ովքեր սեփական՝ իմիտացիոն, մահափորձի վարկած էին առաջադրել։ Նշել եմ նաեւ, որ մտահոգիչ եմ համարում դեպքից հետո Դաշնակցության տեղական կառույցում սկսված աժիոտաժը։ Նախաքննական մարմնում իմ այս խոսակցության հաջորդ օրը մամուլում հայտնվեց կատարվածի յուրօրինակ եւ տարածված լուրերին համահունչ հրապարակում»,- ասաց պարոն Մակեյանն՝ ավելացնելով, որ այդ ապատեղեկատվությունն ինքը գնահատում է որպես նախաքննական մարմնին ուղղորդելուն միտված եւ վտանգավոր քայլ. «Նման մտավախություն ունեմ, քանի որ քաջ գիտակցում եմ, թե նման տեսակետ հայտնած քարոզչամիջոցներն ում տեսակետն են արտահայտում եւ ում կողմից են ուղղորդվում»։ Մեր այն հարցին, թե կատարված մահափորձը միայն քաղաքակա՞ն մոտիվ ունի, թե՞, այնուամենայնիվ, հնարավոր են նաեւ այլ վարկածներ, պարոն Մակեյանը պատասխանեց. «Ես նախաքննական մարմնին էլ հայտնել եմ, որ տնտեսական գործունեությամբ չեմ զբաղվում եւ ոչ մի օբյեկտ չունեմ՝ կատարվածը տնտեսական մոտիվով բացատրելու համար։ Չունեմ նաեւ անձնական թշնամիներ, առավել եւս՝ այնպիսի, ովքեր նման քայլով փորձեին հարցեր լուծել։ Ուստի ամենահավանական եւ միակ վարկածը, գոնե ըստ իս, իմ քաղաքական գործունեության հետ է կապված»,- կարծիք հայտնեց կուսակցության նախագահը եւ միաժամանակ ավելացրեց, թե միանշանակ չի կարող հստակեցնել՝ մահափորձը իշխանություննե՞րն էին կազմակերպել, թե՞ այլ ուժեր։ Մեր խնդրանքով մանրամասնելով իր այդ վերջին միտքը, նա նկատեց. «Իշխանությունն, ինչպես՝ ընդդիմությունը, միատարր չէ։ Առայժմ ես ինքս եմ փորձում իրավիճակը հասկանալ»։ Անդրադառնալով երկրում տիրող ընդհանուր մթնոլորտին, որի ձեւավորման հեղինակային իրավունքը իշխող վարչախմբինն է, կուսակցության նախագահը կարծիք հայտնեց, որ, «թեեւ իշխանությունները փորձում են երկրի վիճակը գնահատել իբրեւ կայուն, այդուհանդերձ, իրականում մեր երկրում շատ վտանգավոր լիցքեր են կուտակվում։ Դրանք էլ ավելի են սրվում ոչ թե իրեն ավելի զուսպ դրսեւորող ընդդիմության, այլ՝ ընդդիմախոսների նկատմամբ կոպիտ պատժամիջոցներ եւ հետապնդումներ իրականացնող իշխանությունների, նաեւ նրանց քարոզչամիջոցների վարած քաղաքականության պատճառով»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել