Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարարն,

Հունիս 29,2001 00:00

«ՄԻ ԲԱՆ ԱՅՆ ՉԷ» «Նախարարն, իմ կարծիքով, ստախոս դուրս եկավ»,- ԱԺ արտահերթ նիստում «Պետական գույքի ասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի մասին» օրինագծի քննարկման ժամանակ հնչած պատգամավոր Մանուկ Գասպարյանի խոսքը էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի մասին էր։ Պրն Գասպարյանը հետո պարզաբանեց, որ այդ ինտելիգենտ (բնորոշումն իրենն է) մարդուն ստախոս է անվանել դիտավորյալ. «ԲԷՑ-երի վաճառքի ժամանակ եւս երկու անգամ նրան հարցրել եմ, թե արդյոք էներգիա արտադրող ձեռնարկությունները չե՞ն վաճառվելու, նա հավաստիացրել է, որ՝ ոչ»։ Այնուամենայնիվ, պատգամավորն «Առավոտին» ասաց, որ «Եթե վաղը (այսօր) իր ելույթի ընթացքում նախարարն ասի, որ կառավարության նիստում դեմ է եղել էներգիա արտադրող ձեռնարկությունների մասնավորեցմանը, բայց կառավարությունը հաշվի չի առել իր կարծիքը, ստախոս բառի համար ես պատրաստ եմ ներողություն խնդրել»։ Բայց, ըստ ամենայնի, Մանուկ Գասպարյանը ներողություն չի խնդրի, որովհետեւ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանն ասաց, որ մասնավորեցման այս ծրագիրը կառավարության նիստում միաձայն է ընդունվել։ Իսկ ընդհանրապես, պատգամավորները հիասթափված էին այս նույն՝ խաբված լինելու պատճառով։ Օրինագծի ընդդիմադիրները գտնում էին, որ մասնավորեցման ցուցակից պետք է հանվեն ոչ միայն էներգիա արտադրող ձեռնարկությունները (Սեւան-Հրազդան, Որոտանի կասկադները), այլ նաեւ «Զվարթնոց» օդանավակայանը։ Ըստ Արամայիս Բարսեղյանի, Վիկտոր Դալլաքյանի՝ ֆիզիոթերապեւտիկ ԳՀԻ-ն, ակնաբուժական, մանկական կլինիկական, մանկական ստոմատոլոգիական հիվանդանոցները, ըստ Արշակ Սադոյանի՝ նավթամթերքների ամբարները։ Չի կարելի չհամաձայնել պատգամավորների այն դիտարկման հետ, որ դրանցից առնվազն «Զվարթնոցի» եւ նավթամթերքների ամբարների ապապետականացումը կիսապատերազմական այս վիճակում անթույլատրելի է. «Աստված մի արասցե, պատերազմի ժամանակ մեր նավթառազմամթերքը մասնավորի մո՞տ պետք է պահեստավորվի, կամ օտարի՞ց պիտի թույլտվություն խնդրենք օդանավակայանից օգտվելու համար»,- հարցնում էին պատգամավորները։ Ա. Բարսեղյանը նկատեց, որ «այն ժամանակ կառավարությունը ճգնում էր ապացուցել, որ ԲԷՑ-երը ռազմավարական օբյեկտներ չեն, այլ ընդամենը լարանցում են։ Այսօր կառավարությունը խնդիր ունի ապացուցել, որ կասկադները, ՋԷԿ-երը նույնպես ռազմավարական չեն»։ Հակառակ դեպքում, ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ այդպիսի օբյեկտների գոնե հսկիչ փաթեթը պետք է պետությանը պատկանի։ Իսկ Դավիթ Վարդանյանը հակադարձում է. «Պետությունն ազդեցության բավականին լծակներ ունի, 51%-ի առկայությունը պարտադիր չէ, բացի այդ, 49%-ի համար ոչ ոք փող չի ծախսի։ Այլ լծակներ կան՝ հարկային, մաքսային քաղաքականությունը»։ Այդ դեպքում, ըստ Արշակ Սադոյանի, «Կառավարության անունը պետք է փոխել, դնել հարկային-մաքսային։ Սա, իհարկե, տեսակետ է»։ Բայց պրն Սադոյանի համոզմամբ, եթե 49%-ը ոչ ոք չի «առնում», չի նշանակում, որ երկրի ապագան պիտի վաճառեն։ Իսկ նրա նախկին կուսակից Ֆիլարետ Բերիկյանը երեկ ողջ օրվա ընթացքում կառավարությանը «տՏՊՊպՐՋՍՈ» անելուց բացի, մի հետաքրքիր դիտարկում արեց. «Էական տարբերություն չկա պետական կարգավիճակո՞վ կփլուզվի տվյալ ձեռնարկությունը, թե՞ կտանք մեկին, ինքը կփլի»։ Ուզում էր ասել՝ կարեւորն առաջադրվող նախապայմաններն են։ Օրինակ, Արծրունի Աղաջանյանը եւ մի շարք այլք գտնում են, որ աստղաբաշխական թվերի հասնող տույժ-տուգանքների համաներում պետք է հայտարարվի. «Չէ՞ որ քրեական գործերով համաներում արեցինք»։ Վիկտոր Դալլաքյանի տվյալներով, տարեկան մոտ 40 մլն դոլարի ստվերային շրջանառություն կա, բայց ինքը գտնում է, որ մինչեւ ընդերքի մասին օրենք չընդունվի, ոլորտի մասնավորեցման մասին խոսելն անգամ ճիշտ չէ։ Ինչ վերաբերում է գիտահետազոտական ինստիտուտներին, ինչի թեմայի արծարծումն արդեն ափերից հանում է նախարար Վարդանյանին, ապա «հարց է առաջանում՝ պետությունը գիտության նկատմամբ ռազմավարություն ունի՞, թե՞ ոչ։ Շենքի սեփականաշնորհումով հարց չի լուծվում»։ Մանուկ Գասպարյանի տեսակետը մի քիչ տարբերվում է. նա գտնում է, որ Երեւանի եւ Հրազդանի ՋԷԿ-երը պետք է մասնավորեցվեն, որովհետեւ գազի մեծ կորուստներ կան այդտեղ, ինչի հետեւանքով արտադրված էլեկտրաէներգիայի ինքնարժեքը բարձր է լինում (համապատասխանաբար՝ 20 եւ 21 դրամ), իսկ մյուս արտադրող ձեռնարկությունները՝ ոչ, որովհետեւ պետությունը գերշահույթներ ունի, օրինակ՝ Որոտանի կասկադի արտադրած հոսանքի ինքնարժեքը 2,7 դրամ է։ Մանուկ Գասպարյանը նկատեց նաեւ, որ 10 ընկերություններ (օրինակ՝ «Հրազդան» հյուրանոցը) մասնավորեցվել են՝ առանց սեփականաշնորհման ցուցակում ընդգրկվելու. «Վաճառքն արդեն ձեւակերպված է։ Պատկերացնո՞ւմ եք։ Եթե այն ժամանակ իրենք իրավունք են ունեցել սեփականաշնորհելու, էլ ինչո՞ւ են հիմա ցուցակ մտցրել։ Նշանակում է, մի բան այն չէ»։ Այս ցուցակն Արամայիս Բարսեղյանին «մտածելու տեղիք է տալիս, թե ուրիշ խնդիր է լուծվում։ Լուրջ վտանգ է սպառնում մեր պետականությանը։ Վաճառում են մեր հանրապետությունը։ Բայց եթե խելքները բավարարի, օդանավակայանը վերջում կվաճառեն, հակառակ դեպքում՝ իրենք էլ կարող են այստեղ մնալ վաճառված»։ 932 օբյեկտների ճակատագիրը պատգամավորները կորոշեն այսօր։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել