Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ

Հունիս 29,2001 00:00

ԵՎ ՆՈՐԻՑ՝ «ԹԱՎՈՒՏՈՒՄ» Այդ երկու թոշակառու կանայք ինձ մոտեցան ԱԺ ընդունարանում. «Մեր մասին լրագրողներդ գրում եք, որ Ալվարդ Պետրոսյանի վրա հարձակվածները ստորին խավի պատկանող, լաչառ կանայք, բետեէռ ենք։ Չե՞ք ուզում նաեւ մեզնից իմանալ, թե ինչ է եղել իրականում»։ Երկու զրուցակիցներս էլ բարձրագույն կրթություն ունեին, խոսում էին բավական կիրթ, ճիշտ է, խիստ վրդովված։ Երկուսն էլ պնդեցին, թե որեւէ կուսակցության առնչություն չունեն, թեեւ մասնակցում են տարբեր հանրահավաքների։ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության օրերին երբեմն հավաքվում են դատարանի շենքի մոտ։ «Երբ Վահան Հովհաննիսյանին էին դատում, ես երկու տարի եւ չորս ամիս նստել եմ դատարանում, նրան պաշտպանելու համար,- ասաց մասնագիտությամբ քիմիկոս Ջուլիետա Գրիգորյանը։- Այժմ պարապ եմ եւ ինձ հետաքրքրում է, թե ինչ է կատարվում»։ Զրուցակիցներս նշեցին, որ խորհրդարանի մուտքի մոտ էին եկել ոչ «Հոկտեմբերի 27»-ի գործի, այլ միայն իրենց խնայողական ավանդների եւ չստացած կենսաթոշակների համար բողոքելու նպատակով։ «Ես չեմ հրաժարվում, որ ասել եմ՝ պատգամավորներն ԱԺ-ում բավական խոշոր աշխատավարձեր են ստանում, միեւնույն ժամանակ՝ գրեթե բոլորն էլ ունեն խոշոր օբյեկտներ։ Թող մեր թոշակներն էլ բարձրացնեն 100 դոլարին համարժեք դրամով։ Բայց Ալվարդ Պետրոսյանը չէր էլ ուզում լսել ինձ»,- պատմեց Ջուլիետա Գրիգորյանը։ «Ամուսիններով 9 հազար դրամ թոշակ ենք ստանում, այն էլ չեն տալիս՝ ինչպե՞ս ապրենք,- բողոքում էր Թամարա Սահակյանը, որ մասնագիտությամբ տնտեսագետ է, գլխավոր հաշվապահ է եղել եւ թոշակի անցել «Պետագրոարդում» երկարատեւ աշխատանքից հետո։- Գոնե թող քննարկեին այդ հարցը եւ բարձրացնեին մեր թոշակը»։ Նկատեցինք, թե ճիշտ հասցեով չէին ուղղել իրենց դժգոհությունը, քանզի հենց Ալվարդ Պետրոսյանն էր ՀՅԴ խմբակցության այլ անդամների հետ միասին հեղինակել թոշակները գոնե փոքր-ինչ բարձրացնելու տապալված նախաձեռնությունը։ «Նրանք ընդամենը ժամանակից շուտ քարոզարշավ էին սկսել, որ ժողովրդի աչքին բարձրանան ու նորից ընտրվեն»,- առարկեց Ջուլիետա Գրիգորյանը։ Այս կանայք կտրականապես ժխտում էին, թե իրենք հայհոյել կամ խփել են Ալվարդ Պետրոսյանին. «ԱԺ մուտքի մոտ տասնյակ ոստիկաններ էին կանգնած, եթե մենք պատգամավորի վրա էինք հարձակվել՝ թող մեզ միանգամից ձերբակալեին»։ Ի դեպ, զրուցեցինք նաեւ ոստիկանների հետ եւ նրանք հաստատեցին, որ քաշքշուկ կամ բռնություն չի եղել։ «Ուղղակի ձեռ ու ոտով խոսակցություն էր»,- ասաց նրանցից մեկը։ «Բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան այս միջադեպին, բայց ոչ մեկը չի ցանկանում մեզ էլ լսել»,- բողոքում էին կանայք։ Այս անգամ նրանք խորհրդարան էին եկել ակնկալելով ԱԺ ղեկավարության ընդունելությունը։ Նրանք անընդհատ պահանջում էին առերեսում Ալվարդ Պետրոսյանի հետ, որը թերեւս առանց այդ էլ լինելու է, քանզի վերջին օրերի միջադեպերից հատկապես այս մեկին են իրավապահներն անհապաղ արձագանքել եւ գործ հարուցել։ Թամարա Սահակյանը պատմեց. «Հունիսի 26-ի երեկոյան՝ ժամը 20-ի մոտերքը եկան Արաբկիրի ՆԳ բաժնից եւ տարան ինձ։ Հիվանդ ամուսնուս նրանք ասացին, թե տանում են ընդամենը կես ժամով։ Խոստացան հետ բերել, քանի որ ասացի, թե հետ գալու փող չունեմ։ Բայց ՆԳ բաժնում ինձ պահեցին մինչեւ ամսի 27-ի ժամը 15-ը։ Այդ ընթացքում բերեցին մյուս 3 կանանց էլ, արձանագրություններ կազմեցին։ Հունիսի 27-ի առավոտյան եկավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազի տեղակալը (կարծեմ, Գրիգորյան էր ազգանունը)։ Պարզվեց, որ գործ է հարուցվել։ Մեզնից ստորագրություն վերցրին քաղաքից չբացակայելու վերաբերյալ, ասացին, որ նորից են կանչելու»։ Նույնքան պահել էին նաեւ Ջուլիետա Գրիգորյանին. «Ի՞նչ հանցանք եմ գործել, որ բողոքել եմ այդ 4 հազար դրամ թոշակի՞ց»։ Ի դեպ, ԱԺ պատգամավոր Արամայիս Բարսեղյանն «Առավոտին» ասել էր, թե ճանաչում էր այդ օրը խորհրդարանի մոտ հավաքված կանանց, քանի որ նրանք միշտ հանրահավաքներում գոռում են. «Նաիրի Հունանյանը պիտի բոլո՛ր պատգամավորներին սպանած լիներ»։ Նախ այս կանայք նշեցին, թե իրենք երբեք նման կոչեր չեն արել։ Հետո էլ Արամայիս Բարսեղյանը տեսնելով նրանց լուսանկարն ասաց, թե սրանք այն կանայք չեն, որոնց հետ խոսել էր ինքը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել