Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԱԾՔԱԿՌԻՎ

Հունիս 28,2001 00:00

ՏԱՐԱԾՔԱԿՌԻՎ Մինչ աշխարհը հիանում է Գրիգոր Գուրզադյան գիտնականով, մտավորականով, Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի «Գալակտիկա» ՓԲԸ-ի մի խումբ նախկին աշխատակիցներ՝ միջակություններին հատուկ ոճով գրված նամակներով հեղեղում են տարբեր ատյաններ՝ պրն Գուրզադյանին մեղադրելով աշխարհի բոլոր մեղքերի մեջ, համեմելով իրենց խոսքը «տխրահռչակ ակադեմիկոս», «մտացածին փառքի տեր» եւ այլ ցածրաճաշակ որակումներով։ Երեկ էլ՝ Տիեզերական թանգարանի բացման օրը, նրանք փորձեցին խափանել միջոցառումը՝ մինի-ցույց անելով։ Լրագրողներին պատմում էին պատմություններ՝ «ավերված կաթսայատան», «քանդված սպորտհրապարակի», «թալանված ունեցվածքի» մասին։ Ընդ որում, անհասկանալի ուրացությամբ նրանք պնդում էին, թե ԳՏԱԻ-ն ի սկզբանե որեւէ լուրջ ներդրում չի ունեցել աստղագիտության բնագավառում։ Եվ դա՝ թանգարանի ֆոնի վրա, որտեղ հե՛նց հակառակի իրական ապացույցներն էին։ Նրանց նպատակն է՝ հասնել ԳՏԱԻ-ի սեփականությունը հանդիսացող հանրակացարանի բնակարանների սեփականաշնորհմանը։ Ինչպես նշեց ակադեմիկոս Գուրզադյանը. «Գալակտիկան» արտադրական ձեռնարկություն էր։ ՀՀ-ում ֆինանսների բացակայության պատճառով գրեթե արտադրություն չկա։ Մեզ մոտ էլ եղան կրճատումներ։ Աշխատանքից ազատել եմ ընդամենը երկու գիտաշխատողի՝ նրանք տարիներ շարունակ ոչ մի գիտաշխատանք չեն ներկայացրել։ Պետք է գիտական միջավայրը մաքրել մոլախոտից։ Հիմա նոր ծրագրեր կան, նոր ուժեր եմ ուզում ներգրավել, բայց նախկին աշխատողները չեն ազատում բնակարանները։ Հանրակացարանը ԳՏԱԻ-ի սեփականությունն է, այստեղ պետք է ապրեն միայն մեր աշխատակիցները։ Բացառություն եմ արել միայն փախստականների համար, նրանք կարող են բնակվել՝ որքան անհրաժեշտ է։ Բայց ես պետք է գիտության մասին մտածեմ, իսկ այդ մարդիկ բնակարանի կռիվ են տալիս, երբ դրա կարիքը չունեն, բոլորն էլ ապահովված են»։ Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել