Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի էլ երգեցինք

Հունիս 28,2001 00:00

Այս տարի էլ երգեցինք – Մենք գոհ ենք, հրաշալի օր էր ատիկա,- «Սայաթ-Նովա» համահայկական երգի մրցանակաբաշխությունն այսպես գնահատեց մշտական եւ գլխավոր հովանավոր Վահագն Հովնանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք» ասելով, անշուշտ, սփյուռքահայ բարերարը նկատի ուներ կազմակերպչական ողջ խմբին։ Հանդիպման հենց սկզբից նրանք առանձին-առանձին ապահովագրեցին իրենց աշխատանքը լրագրողների արդեն եղած եւ հնարավոր «վրաերթերից», նշելով հիմնականում մի փաստ. ոչ մի մրցույթ չի կարող անցնել կատարյալ ու առանց դժգոհությունների։ – Ամեն տեսակ խայտառակություններ կան նույնիսկ արտասահմանում,- ասաց պրն Հովնանյանը,- մերի մեջ էլ կար, մյուսին էլ կլինի, բայց կարեւորը դա չէ։ 40 հազար դոլար զոհաբերած երգասեր հովանավորի համար կարեւորը նորաստեղծ շուրջ 200 երգերն են, որոնք պիտի շարունակեն մեր երգարվեստի պատմությունը։ Փոքր-ինչ մեղմելով «խայտառակություն» արտահայտությունը, նախարար Ռոլանդ Շառոյանը շարունակեց նույն ասելիքը. – Նույնիսկ «Օսկարի» մրցանակաբաշխությունից հետո ծնունդ են առնում դժգոհություններ ու ասեկոսեներ։ Դա բնական է, արվեստի գնահատումը չունի կոնկրետ չափանիշներ։ Մենք ձգտել ենք այս տարի կատարելագործել կազմակերպչական աշխատանքները, գնահատման ձեւերը եւ, անկախ թերացումներից, արդարությունն ապահովվեց։ «Իսկ ի՞նչ չապահովվեց եւ ինչպիսի՞ թերացումների մասին է խոսքը», «Առավոտի» հարցին՝ պրն Շառոյանը պատասխանեց. – Թերեւս անհրաժեշտ է մրցույթն անցկացնել տարբերակված՝ պրոֆեսիոնալ եւ սիրողական խմբերով, իսկ մնացածը նորմալ էր։ «Նորմալի» մեջ ենթադրվում է այս տարի ներմուծված վիճակահանության տարբերակը, որով ընտրվել է ժյուրին իր կազմով եւ գնահատման 10 բալանոց մեխանիզմը։ Թե ինչո՞ւ որոշեցին ընտրություն կատարել վիճակահանությամբ, նախարարը բացատրեց. – Անցյալ տարի ընտրեցինք մեր կարծիքով լավագույններին՝ դժգոհեցիք, այս տարի որոշեցինք վիճակ գցել, եթե էլի եք դժգոհ, դուք ասեք՝ ինչպես, ձեւ ունե՞ք։ Լրագրողները «ձեւ» չունեին եւ չօգտվելով ընձեռված «բացառիկ» հնարավորությունից, անցան այլ հարցերի։ Ըստ տրված պատասխանների պարզվեց, որ Հասմիկ եւ Վահագն Հովնանյանները շարունակելու են հովանավորել ամենամյա «Սայաթ-Նովան», ավելին, նմանատիպ մրցույթներ կանցկացվեն հայ արվեստի մյուս ոլորտներում նույնպես, որոնց հովանավորության չափը դեռ պարզ չէ։ – Մենք կսկսենք, հուսալով, որ մեզ կմիանան այլ մեկենասներ,- ասաց Վ. Հովնանյանը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել