Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱՏՕ-Ի ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ»

Հունիս 28,2001 00:00

«ՆԱՏՕ-Ի ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ» Երեկ Թբիլիսիի «Շեռատոն Մետեխի» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ հյուսիս-ատլանտյան երկրներին (ՆԱՏՕ) նվիրված սեմինարը։ Տարբեր երկրներից ժամանած լրագրողները պետք է լուսաբանեն ՆԱՏՕ-ի սեմինարը, սակայն ՆԱՏՕ-ի լրատվական գրասենյակի ղեկավար Սանտա դե Բենդենը եւ քաղաքականության մշակման բաժնի աշխատակից Ջեմս Ապպատուրան դեմ էին լրագրողների ձայնագրություն անելուն, լուսանկարելուն եւ նկարահանելուն, նույնիսկ՝ սեմինարը լուսաբանելուն։ Նրանց բացատրությամբ՝ «սա սեմինար է եւ ոչ թե ասուլիս, եւ այն ուսուցողական դեր է տանում»։ Նրանք պնդում էին, որ ոչ մի ձայնագրիչ եւ տեսախցիկ չպետք է աշխատի, քանի որ իրենք հանդիսանալով ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչներ, չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի պաշտոնական կարծիքը։ Եվ, որ իրենց տեսակետը կարող է տարբերվել ՆԱՏՕ-ի ղեկավարության տեսակետից։ Երկար բանավեճից հետո լրագրողները եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները եկան հետեւյալ համաձայնության. ձայնագրիչներ չեն լինի, լրագրողները լուսաբանման մեջ շատ չեն ծավալվի եւ, ինչպես խնդրեցին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, պետք է անպայման նշվի, որ սեմինարում հնչած կարծիքները պաշտոնական չեն։ Թերեւս դժվար է ասել, արդյո՞ք արգելման պատճառներն ու վերոնշյալ բացատրությունները համապատասխանում են իրար, թե՞ դա հետագայում ղեկավարությանը բացատրություն տալուց խուսափելու մի ձեւ է։ ՆԱՏՕ-ի սեմինարի մանրամասները կարող եք կարդալ «Առավոտի» առաջիկա հրապարակումներում։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ Թբիլիսի Հ. Գ. Պարզվում է, Վրաստանը արգելված «զոնա» է։ Ոչ մի քաղաքում, առավել եւս Թբիլիսիում, չէր թույլատրվում նկարահանումներ կատարել։ Նկարահանման յուրաքանչյուր փորձ, լավագույն դեպքում, ավարտվում էր հատուկ ծառայությունների հետ «բազարներով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել