Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 26-ին Ազգային օպերային թատրոնի թատերաշրջանը վերջապես բացվեց, այս անգամ՝ Բիզեի «Կարմեն» օպերա

Հունիս 28,2001 00:00

Միայն արձանագրում ենք փաստը Հունիսի 26-ին Ազգային օպերային թատրոնի թատերաշրջանը վերջապես բացվեց, այս անգամ՝ Բիզեի «Կարմեն» օպերայով։ Այս երաժշտական դրաման, որտեղ համոզիչ ճշմարտացիությամբ եւ հրապուրիչ գեղարվեստական ուժով ծավալվում են հերոսների՝ զինվոր Խոզեի ու գնչուհի Կարմենի սիրո ու կործանման պատմությունը, հավաքել էր բազմաթիվ հանդիսականների։ Պրեմիերային ներկա էին տեր եւ տիկին Քոչարյանները, Արմեն Խաչատրյանը, մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը՝ տիկնանց հետ, պաշտոնական այլ այրեր։ Մեր թատրոնում «Կարմենը» բեմադրվել է 1934, 41,73 թվականներին։ Այս՝ 2001 թվականի բեմադրության ռեժիսորն է Արմեն Մելիքսեթյանը, որն ավարտել է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիան, երաժշտական, օպերային թատրոնի ռեժիսորի մասնագիտությամբ։ Դիրիժոր-բեմադրիչն է Կարեն Դուրգարյանը, նկարիչ-բեմադրիչը՝ Ռ. Խաչատրյանը, զգեստների նկարիչը՝ Ռ. Հովհաննիսյանը, գլխավոր խմբավարը՝ Կ. Սարգսյանը, պարերի բեմադրությունը՝ Հ. Դիվանյանն է։ Կարմենի դերերգը առաջին անգամ իր կյանքում, մեծ բեմում հաղթահարեց երիտասարդ երգչուհի Նարինե Անանիկյանը, իսկ Խոզեի դերակատար Ռուբիկ Նուրիջանյանի՝ թատրոնում մեկուկես տարվա գործունեության ընթացքում սա երրորդ բեմելն էր։ Միքաելա՝ Հասմիկ Հացագործյանին ու Էսկամիլիո՝ Կոնստանտին Սիմոնյանին, կարծում ենք, ներկայացնելու հարկ չկա։ Ներկայացման հովանավորն էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Թող այն տպավորությունը չստեղծվի, թե չենք ուզում կամ չենք կարող բացեր ու թերություններ արձանագրել (կա՞ արդյոք կատարյալ արվեստ)։ Եթե կան ստեղծագործական մտորումներ եւ որոնումներ, ճանապարհներ, որ անցնում է արվեստագետը, ուրեմն կան նաեւ բացեր ու թերություններ։ Կարճ հարցազրույցի ակնկալիքով դիմեցինք հյուրերին. Ռոլանդ Շառոյան, մշակույթի նախարար- Հավատացնում եմ, որ իմ, որպես նախարար, երեք տարիների ընթացքում այսքան չէի հուզվել։ Այսօր, մեր հարգարժան նախագահին էլ ասացի, որ մենք ունե՛նք, ունե՛նք, ունե՛նք օպերա։ Շնորհավորում եմ բոլորիս եւ շնորհակալություն հայտնում տիկին Լուիզին… Ռոբերտ Ամիրխանյան, Կոմպոզիտորների միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր- Նվագախումբն ու երգչախումբը հիացրին ինձ։ Կարմենի ու Խոզեի դեբյուտը հիանալի էր։ Հետո էլ ասում են, թե հայերը գնացել են ու հայ չի մնացել։ Ասողները թող գան ու տեսնեն։ Հա, հետո՞ ինչ՝ մենք քիչ ենք, բայց հայ ենք… Արմեն Բաբախանյան, միջազգային մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր- Աշխարհի շատ երկրներում եմ դիտել «Կարմենը»։ Ողջունում եմ բեմադրող ռեժիսորի նոր մոտեցումը այս բեմադրությանը։ Կային նույնիսկ շատ հաջողված դրվագներ։ Իսկ դերակատարները՝ ոպջցՎվՏ րՑՈՐՈսՌրՖ։ Այսքանը, բրավո… Օլգա Գաբայան, ՀՀ ժող. արտիստուհի- Ինձ համար շատ դժվար է խոսել։ Ես հարցազրույց չեմ տալիս, խնդրում եմ, ներեք։ (Հասկանալի էր հայ բեմի համարյա բոլոր տարիների Կարմենի լռությունը)։ Ինոուէ, ճապոնացի դիրիժոր- Շատ եմ սիրում «Կարմենը»։ Երկար ժամանակ չէի դիտել։ Ինձ համար հայտնություն էր Կարեն Դուրգարյանի՝ որպես դիրիժորի, օպերայի մեկնաբանումը, որին շնորհավորում եմ եւ ոչ միայն նրան։ Վերջում արձանագրենք, որ մոտ 40 աստիճան տաքության պայմաններում, չորս գործողությամբ օպերայի ընդմիջումներին չէին բացվում օպերայի դռները, որ հանդիսատեսը գոնե մի փոքր օդ շնչեր։ Սա էլ ուներ իր պատճառը, այն է՝ ներկայացմանը ներկա էին հանրապետության առաջին դեմքերը… ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել