Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ ապրիլի 12-ին՝ Տիեզերագնացության միջազգային օրը, պիտի բացվեր Գառնիի տիեզերական աստղագիտության ինս

Հունիս 28,2001 00:00

ՏԻԵԶԵՐՔԻ ԹԱՆԳԱՐԱՆ՝ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ Դեռ ապրիլի 12-ին՝ Տիեզերագնացության միջազգային օրը, պիտի բացվեր Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի Տիեզերքի թանգարանը։ Ինչ-ինչ պատճառներով հետաձգված բացումը կայացավ երեկ՝ մեծաթիվ մտավորականների, գիտնականների, օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ։ Հատուկ թանգարանի բացմանը մասնակցելու համար Մոսկվայից ժամանել էր ԽՍՀՄ կրկնակի հերոս, տիեզերագնաց Վիտալի Լեբեդեւը։ Ի դեպ, նա եղել է ԳՏԱԻ-ի հիմնադիր եւ ներկայիս տնօրեն Գրիգոր Գուրզադյանի սանը, ինչպես շատուշատ այլ անվանի աստղագետներ եւ տիեզերագնացներ։ Վ. Լեբեդեւն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ ԳՏԱԻ-ում ստեղծված «Օրիոն-1», «Օրիոն-2» տիեզերական աստղադիտարանների փորձարկմանը։ Թանգարանի բացման պատիվը տրված էր Գրիգոր Գուրզադյանին եւ Խոսրով Հարությունյանին։ Նշենք, որ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների գրասենյակը եւ անձամբ Խոսրով Հարությունյանը անուրանալի ներդրում են ունեցել թանգարանի կայացման հարցում։ «Այս թանգարանը շատերի համար է, բայց նախեւառաջ մեր երեխաների համար է, որոնք վաղը կստեղծեն մեր երկրի, մեր ժողովրդի, մեր տիեզերագնացության ապագան։ Եվ այն օրը, որ այսօրվա փոքրիկը դուրս գալով այս թանգարանից, գիշերը երկնքում աստղեր փնտրի ու քնի՝ աչքերում տիեզերք, կլինի առաջին քայլը՝ դեպի Կոսմոս»,- թանգարանի նշանակությունն իրեն հատուկ ռոմանտիկայով բնորոշեց մեծագույն մտավորական, հրաշալի նկարիչ, տաղանդավոր արձակագիր եւ փայլուն գիտնական Գրիգոր Գուրզադյանը։ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը նշեց. «Գիտությունը միայն ազգային երեւույթ չէ, միջազգային է։ Իսկ մեր ժողովրդի հաջողությունները հատկապես աստղագիտության բնագավառում հայտնի են բոլորին»։ Տիեզերագնաց Վիտալի Լեբեդեւը եւս անդրադարձավ հայ աստղագետների նվաճումներին. «Այս թանգարանը ստեղծվել է հպարտանալու համար, որովհետեւ ԽՍՀՄ փոքրիկ հանրապետությունը կարողացավ սովետական եւ համաշխարհային տիեզերագնացության բնագավառում գրանցել իր փայլուն էջը։ ԽՍՀՄ-ում ոչ մի նպատակային ծրագրով թռիչք չկար, որ անցներ հանրապետություններից որեւէ մեկի դրոշի ներքո։ Եվ միայն ՀՀ ԳԱԱ-ն կարողացավ իրականացնել «Օրիոն-2» ծրագիրը՝ «Սոյուզ-13» տիեզերանավի վրա։ Դա հսկայական նվաճում էր, հատկապես՝ իր արդյունքներով։ Այս թանգարանի ստեղծումը իրականացավ «Օրիոն-1», «Օրիոն-2» ծրագրերի հեղինակների շնորհիվ։ Նրանք հրաշալի ինժեներներ են՝ հայ ժողովրդի պանծալի զավակ Գ. Գուրզադյանի ղեկավարությամբ։ Ես երբեք չեմ մոռանա այստեղ, այս տանիքի ներքո իմ անցած դասերը, որ տվել է Գրիգոր Արամիչը»։ Մի փոքր ուշ Գ. Գուրզադյանի որդին՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, Հռոմի աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը եւ ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչ Ջեֆ Հորովիցը մի ուրախ լուր հայտնեցին։ Այսօր ԱԳՆ-ում պետք է ստորագրվի փաստաթուղթ, որը կավետի բազմամիլիոնանոց մի ծրագրի առաջին փուլի սկիզբը, որին մասնակցում են 16 երկրներ՝ Եվրոպական տիեզերական գործակալության անդամ երկրները, ԱՄՆ-ն (ՆԱՍՍԱ), Ռուսաստանը, Ճապոնիան եւ Հայաստանը (ԳՏԱԻ)։ «Խոսքը վերաբերում է միջազգային տիեզերական կայանին, որի վրա կլինի առանձին գիտական մոդուլ՝ հատուկ առաքելությամբ։ Դա առաջին ծրագիրն է՝ գիտական տեխնոլոգիաների առումով, որը ԱՄՆ-ն իրականացնում է ԱՊՀ որեւէ երկրի մասնակցությամբ։ Այս յուրօրինակ նախագծի հեղինակը Գրիգոր Գուրզադյանն է։ Առաջին անգամ ուղեծիր կմտնի նման էֆեկտիվությամբ տելեսկոպ եւ հետազոտության արդյունքները կլինեն շատ ունիվերսալ, ազդեցություն կունենան աստղաֆիզիկայի բոլոր բնագավառների վրա»,- խոստացավ պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը։ Եվ այնուամենայնիվ, չնայած բոլոր տնտեսական, քաղաքական եւ սոցիալական ճգնաժամերին, Հայաստանի գիտական միտքը շարունակում է իր հաղթարշավն աշխարհում։ Իսկ դա նշանակում է, որ ամեն ինչ դեռ կորած չէ։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել