Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնավոր բուհերի ավարտական քննությունները դեռ չեն ավարտվել, սակայն «Առավոտին» հասած տեղեկություններն

Հունիս 28,2001 00:00

Ռեկտորները տոկոսներ են «ապահովում» Մասնավոր բուհերի ավարտական քննությունները դեռ չեն ավարտվել, սակայն «Առավոտին» հասած տեղեկություններն այն մասին, թե ինչ մեթոդներով են որոշ մասնավոր բուհեր, հավատարմագրման հույսով, ջանում ապահովել առաջադիմության բարձր տոկոսներ, ստիպեցին քննությունների կեսին ամփոփել որոշակի արդյունքներ։ Նման խնդրանքով դիմեցինք Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Վահագ Կիրակոսյանին, որը մասնավոր բուհերի ավարտական քննությունների ստոմատոլոգիայի առարկայական հանձնաժողովի նախագահն է։ Համաձայն կարգի՝ առարկայական հանձնաժողովների նախագահը եւ երկու անդամը անկախ մասնագետներ են, իսկ հանձնաժողովի մյուս երեք անդամները՝ տվյալ բուհի ներկայացուցիչները։ Ստոմատոլոգիա առարկայից քննություն են հանձնում «Հայբուսակ» ինստիտուտի, Գթության քույրերի եւ եղբայրների Սբ. Թերեզայի անվան քոլեջ-ինստիտուտի, Հայկական բժշկական եւ Ավանդական բժշկության ինստիտուտների շրջանավարտները։ Քանի որ նաեւ այս քննությունների արդյունքներից է կախված մասնավոր բուհերի հավատարմագրումը, որոշ բուհերի ղեկավարներ, ծանոթ-բարեկամ-«կռիշա» օգտագործելով, փորձում են ազդել իրենց շրջանավարտների գիտելիքների գնահատման վրա։ «Առավոտի» տեղեկություններով Գթության քույրերի ու եղբայրների Սբ. Թերեզայի անվան քոլեջի համար անգամ միջնորդել են ՀՀ նախագահի աշխատակազմից եւ ստոմատոլոգիայից երկու օր առաջ բավարար են ստացել նույնիսկ ոչինչ չպատասխանող շրջանավարտները։ Այս քոլեջ-ինստիտուտը պրոֆեսորի կոչում է շնորհել ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի տիկնոջը, եւ քոլեջ-ինստիտուտի ռեկտորը նաեւ այդ պաշտոնյայի անվամբ է ապահովում իր շրջանավարտների «առաջադիմությունը»։ Մեր այս տեղեկություններին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ Վահագ Կիրակոսյանը հաստատեց, որ «բոլոր տեղերում էլ ճնշումներ լինում են», սակայն ձեռնպահ մնաց հրապարակավ կոնկրետ բուհեր մատնանշելուց։ Միաժամանակ վստահեցրեց. «Ես այդ ճնշումներին փորձում եմ չենթարկվել եւ օբյեկտիվ գնահատել»։ Քանի որ հանձնաժողովի վեց անդամներից երեքը տվյալ բուհից են, վերջիններս խիստ բարձր գնահատականներ են դնում՝ չեզոքացնելու համար մյուսների ցածր, հաճախ՝ անբավարար գնահատականները։ Սա եւս պրն Կիրակոսյանը հաստատեց. «Այդպիսի բան, իրոք, կա, բայց ես փորձում եմ բոլոր այդպիսի դեպքերում օբյեկտիվությունը պահպանել»։ Սակայն նաեւ ընդունեց. «իհարկե, բացառություններ լինում են, շատ դժվար է դիմակայել, ամեն ինչի դիմում են, որ ինչ-որ դրական բանի հասնեն»։ Հայտնի է ԵԲՀ ռեկտոր Վիլեն Հակոբյանի անհանդուրժողական վերաբերմունքը մասնավոր բժշկական ինստիտուտների նկատմամբ։ Հարցին՝ ԵԲՀ ռեկտորը չի՞ պահանջել իր բուհի ամբիոնի վարիչ Վահագ Կիրակոսյանից, որ դիտմամբ ցածր գնահատի մասնավոր բուհերի շրջանավարտների գիտելիքները, պրն Կիրակոսյանը պատասխանեց. «Բացառվում է, նա այնպիսի մարդ է, որ երբեք իրեն թույլ չի տա նման բան»։ Ու վերեւից ճնշումներին անդրադառնալով նկատեց՝ «երեւի ավելի շատ ճնշումներ նրա վրա են լինում, քան իմ, բայց նա բացարձակապես չի խառնվում»։ Պրն Կիրակոսյանը նաեւ անդրադարձավ հարցաշարերի խնդրին։ Ըստ Լիցենզավորման ու հավատարմագրման ծառայության պահանջի ամեն ինչ պետք է համապատասխանի ստոմատոլոգիա առարկայի՝ պետական բժշկական համալսարանի ծրագրերին։ Արդեն պատրաստի հարցաշարը ծառայությունը տրամադրել է հանձնաժողովի նախագահին՝ քննական տոմսեր կազմելու համար։ Պրն Կիրակոսյանի գնահատմամբ, այդ հարցաշարը շատ հին էր, 1991-92թթ.։ Մինչդեռ շատ բան է փոխվել այս 10 տարում, որոշ թեմաներ ընդհանրապես հանվել են, ուսուցման մեթոդներն են փոխվել, եւ պրն Կիրակոսյանի համար շատ դժվար է եղել այդ հարցաշարերից տոմսեր կազմել։ Նաեւ քննությունների հաջորդականությունը բուհերի համար ճիշտ ընտրված չէ։ Վ. Կիրակոսյանը շեշտեց, որ միայն այս քննությունների արդյունքներով չի կարելի բուհի որակի մասին պատկերացում կազմել եւ պետք է ուսումնական ողջ գործընթացին հետեւելու հնարավորություն լինի. «Պետք է դասամատյանները նայենք, տեսնենք՝ ի՞նչ դաս են տվել, ի՞նչ թեմա են քննարկել, ինչպե՞ս են բացատրել, ինչպիսի՞ բազաներ ունեն։ Այս մասին ես ոչինչ չգիտեմ»։ Պրն Կիրակոսյանի ընդհանուր եզրակացությունն էր՝ «շատ ցածր էր ուսանողների մակարդակը, մեծ մասը՝ հազիվ բավարար առաջադիմություն ցուցաբերեց»։ Սակայն բացառություններ եւս եղել են, եւ պրն Կիրակոսյանը իր դրական կարծիքը հայտնեց Հայկական բժշկական ինստիտուտի մասին, որը, ըստ նրա՝ «շատ առավելություններ ուներ»։ Պրն Կիրակոսյանը նաեւ անցյալ տարի էր այս հանձնաժողովի նախագահը եւ, ըստ նրա, Հայկական բժշկական ինստիտուտի որակն այս տարի ավելի է բարձրացել։ Մնացած բուհերի մասին հանձնաժողովի նախագահը խիստ վերապահումներով է խոսում։ Նման թվով մասնավոր բժշկական բուհերի գոյությունը այս փոքրիկ հանրապետության համար պրն Կիրակոսյանը նպատակահարմար չգտավ. «Միգուցե դրանք միավորվե՞ն։ Ես դեմ չեմ մասնավոր բուհերին, ամբողջ աշխարհում կան եւ պետական, եւ մասնավոր բուհեր։ Մրցակցություն պիտի լինի, բայց լավ, ազնիվ մրցակցություն։ Այդ չորս բուհը որ կա, ի՞նչ իմաստ ունի, թողեք մեկը»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել