Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախկին ամբաստանյալների կարգավիճակն է վիճարկվում

Հունիս 28,2001 00:01

Լուսանկարում պատկերված պահը ստեղծվեց Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մարինա Հալաբյան-Ջանոյանի միջնորդությունից հետո, երբ մեղադրողները դադար խնդրեցին՝ կողմնորոշվելու համար։

Այդ միջնորդությամբ փաստաբանն ասաց, թե քանի դեռ համաներումը կիրառելու մասին դատարանի որոշումը ուժի մեջ չի մտել, հետեւաբար, դատական նիստերը պետք է շարունակվեն հին կազմով, այսինքն, նախկին 6 ամբաստանյալներով։ Մ. Ջանոյանը չբացառեց նաեւ, որ տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ փաստաբանները դատարանի հունիսի 20-ի որոշումը բողոքարկեն։

Հիշեցնեմ պարզապես, որ հունիսի 20-ի դատական նիստից փաստաբաններ Տիգրան եւ Մարինա Ջանոյանները բացակայում էին, իսկ առարկություններ, սպասվելիք համաներման ակտի վերաբերյալ, չեղավ այդ օրը։ Նման միջնորդություն-առարկում չի եղել նաեւ հաջորդ դատական նիստերի ժամանակ՝ հունիսի 22-ին, 25-ին։ Մեղադրող Արմեն Հարությունյանն էր, որ համաներում կիրառելուց առաջ ասաց. «Արտահայտվելու բան չկա, քանի որ ԱԺ-ի կողմից հրապարակվել է, ուստի պիտի կիրառել»։

Մեղադրող Գագիկ Ավետիսյանը ասաց. «Կա դատարանի որոշում եւ որոշման պահից մարդկանց կարգավիճակը ամբաստանյալից փոխվել է վկայի կարգավիճակի։ Եվ անկախ նրանից, թե հետագայում ինչ ընթացք կստանա, նրանց կարգավիճակը կպահպանվի այնքան, մինչեւ մյուս վերադաս դատական ատյանը, վերաքննիչը կամ վճռաբեկը իրենց վերջնական խոսքը կասեն, այս որոշումը կբեկանեն, նոր նրանց ամբաստանյալի նախկին կարգավիճակը կվերականգնեն»։

Մեղադրողը գտնում էր, որ դատարանը ճիշտ որոշում է կայացրել։ Փաստաբան Համլետ Ստեփանյանը (ամբաստանյալ Կարեն Հունանյանի պաշտպան) կողմնորոշվելու համար գտնում էր, որ պետք է ճշտվի մի հանգամանք, թե «դատարանի որոշումները ո՞ր պահից են սկսում գործել»։ Ըստ այս փաստաբանի, որոշումը գործում է հրապարակման պահից եւ, հետեւաբար, «նրանք հրապարակման պահից ազատ են արձակվել»։ Նա անհիմն համարեց փաստաբան Մարինա Ջանոյանի միջնորդությունը։

Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյան

Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը երեկ միայն միացավ իր գործընկերոջ՝ Մարինա Ջանոյանի միջնորդությանը, ասելով, որ «ունենք մի նախադեպ՝ 64 հոդվածը, որով սահմանված է ամբաստանյալի եւ դատապարտյալի կարգավիճակը, երբ ամբաստանյալը ստանում է դատապարտյալի կարգավիճակ՝ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Այս դեպքում դատարանի որոշումը օրինական ուժի մեջ չի մտել եւ ամբաստանյալները մնում են նույն կարգավիճակով։

Միեւնույն ժամանակ սա իրավաբանական վեճ է, դեռ որոշումը վերածված չի եւ դատարանի որոշումը մնում է ուժի մեջ»։ Վերջին դեպքում, փաստաբանը գտնում էր, որ կփոխվեն հանգամանքները, եթե վերոնշյալ որոշումը բողոքարկվի։ Ինչը, որքան հասկացանք, նախատեսվում է անել։ Փաստաբան Մ. Ջանոյանը որպես հավելում նկատեց, որ իր միջնորդությունը կարծես ճիշտ չի ընկալվել։

Նա ասաց. «Որոշումը կայացված է։ Անհապաղ։ Համաներում է կիրառված», սակայն դատարանի որոշման երկրորդ կետով ամբաստանյալների կարգավիճակը փոխվել է, եւ նրանք դարձել են վկա. «Մյուս բոլոր հարցերն օրինական ուժի մեջ ստանալուց հետո է լինում։ Եվ քանի որ օրինական ուժ չի ստացել որոշումը, նրանք չեն կարող մեխանիկորեն վկա դառնալ մեկ օրում։ Նրանք կդառնան, երբ կարգավիճակ կփոխվի»։ Չվիճարկելով նրանց ազատության մեջ գտնվելու հանգամանքը՝ փաստաբանը գտնում էր, որ նրանք «վկայի կարգավիճակ դեռ չեն ստացել»։ «Նրանք ամբաստանյալ են եւ պետք է մասնակցեն դատաքննությանը»,- եզրակացրեց փաստաբան Ջանոյանը։

«Արդարացման» հերթը դատավոր Սամվել Ուզունյանինն էր։ Նա հարցրեց, թե պիտի կիրառվեր համաներում եւ ամբաստանյալներին էլ ուղարկեին Նուբարաշենի մեկուսարա՞ն «ու սպասեինք, թե միգուցե հսկողական կարգով բողոք կբերե՞ն։ Ամնիստիայի կատարումը ենթադրում է անհապաղ իրականացում։ Քրեական հետապնդում է դադարեցվել»։

Այս ամենից հետո մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը շարունակեց հարցաքննությունը, որն առնչվում էր գլխավորապես Ազգային հեռուստատեսության կողմից Թուրքիա լրագրողների խումբ ձեւավորելու չափանիշներին, Թուրքիայում առանձին պաշտոնատար անձանց հետ ամբաստանյալ Ն. Հունանյանի հանդիպումներին, «բանակցությունների» նրա լիազորված լինելուն, փոխադարձ հաղորդակցմանը, թուրքական «հետքի» որոնմանը։

Մի հնարքի էլ դիմեց մեղադրողը։ – Ամբաստանյալ, օրեր առաջ մի քանի անձինք (3) սպանություններ կատարելու համար դատապարտվեցին մահապատժի։ Նրանց պարագլուխը ստանձնեց պատասխանատվությունը, դուք պատասխանատվություն զգո՞ւմ եք խմբի 7 անձանց համար։ Հարցը հեռահար էր. հասկացնել ամբաստանյալին (եւ ոչ միայն նրան), որ մեզանում մահապատժի դեռ դատապարտում են։ Հավանաբար սա էր պատճառը, որ ամբաստանյալը գերադասեց ոչինչ չավելացնել իր պատասխանին։ Մեղադրող Հ. Մարտիրոսյանը փորձեց ամբաստանյալի «հոգեկան վիճակը հասկանալ», անգամ «հուզական վիճակում» նրա գտնվելը, նախորդ նիստի մի հարցը վերստին տալով նրան (խմբի 7 անդամների գաղափարակից լինելու մասին)։

Ամբաստանյալը հայտնեց, որ ինքը «շատ սովորական վիճակում է այս պահին, իսկ խմբի 7 անդամները մտնում են իմ ասած 90%-ի մեջ»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930