Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Հունիս 28,2001 00:00

Սոցիալական համակարգը՝ բարեփոխումների փուլում Երեկ ՀՀ կառավարման դպրոցում «Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի» շրջանակներում տեղի ունեցավ «Բնակչության սոցիալական պաշտպանվածության համակարգի բարեփոխումների իրավական հիմքերը Հայաստանում» թեմայով սեմինար։ Չորսօրյա սեմինարի ընթացքում կքննարկվեն սոցիալական ոլորտում ծավալված գործունեության, պետական կենսաթոշակային համակարգի կազմակերպման, կառավարման եւ ֆինանսավորման հետ կապված խնդիրներ։ Քննարկման առարկա կդառնան նաեւ Հայաստանի բնակչության զբաղվածության կարգավորման իրավական հիմքերը, աշխատանքի ազատ ընտրության իրավունքի իրականացման, իսկ գործազրկության դեպքում՝ սոցիալական պաշտպանության երաշխիքները, ինչպես նաեւ անհատական համարանիշերի տրամադրման եւ օգտագործման ընթացքում ծագող խնդիրներին առնչվող հարցերը։ Կառավարման դպրոցի փոխտնօրեն եւ ծրագրի համակարգող Էդուարդ Օրդյանի խոսքերով, եթե շուրջ չորս տարի նմանատիպ սեմինարների ընթացքում քննարկվել են տարբեր ուսումնական ծրագրեր, ապա «այս տարի մենք նպատակ ունենք հնարավորինս ֆիլտրել մեր արածները եւ արդյունքները ներկայացնել ԱԺ»։ Սեմինարի մասնակիցների գնահատմամբ, մեր ներկայիս սոցիալական համակարգը գտնվում է բարեփոխումների փուլում, որը պետք է էլ ավելի զարգացնել։ Ըստ նրանց, բոլոր քննարկվելիք օրենքները կարող են իդեալական գործել միայն տնտեսական վերելքի պայմաններում, միայն այդ դեպքում դրանք կհամապատասխանեն 21-րդ դարի պահանջներին եւ մրցունակ կլինեն թե՛ տարածաշրջանում, թե՛ արտերկրում։ Անդրադառնալով պետական կենսաթոշակների խնդրին, ՀՀ սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը նշեց, որ դեռեւս 1999-ի նոյեմբերին կառավարության եւ ԱԺ-ի կողմից մշակված ռազմավարության արդյունքում հիմք դրվեց այն պարզ մոտեցմանը, որ յուրաքանչյուր ոք ինքը պետք է վաստակի իր կենսաթոշակը, «որքան որ մարդը իր ողջ կյանքի ընթացքում ներդրել եւ վաստակել է, այնքան էլ նա կփոխհատուցվի պետության կողմից։ Կարծում եմ, դա երկուստեք արդարացի կլինի»։ Պրն Մարտիրոսյանը կարեւորեց նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեությունը։ «Մենք պետք է բոլոր բուհերի գործունեությունը համապատասխանեցնենք աշխատաշուկային, որպեսզի լինեն ոչ թե մոդայիկ մասնագիտություններ, այլ բոլոր մասնագիտությունների հանդեպ բարձրանա բուհերի պատասխանատվությունը»,- շեշտեց նա։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել