Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղդադի

Հունիս 28,2001 00:00

«ԱՌՅՈՒԾԻՆ ՔԱՂՑԻ ՄԻ ՄԱՏՆԵՔ» Բաղդադի «Սադամ» միջազգային օդանավակայանի հսկայական հրապարակում ընդամենը մեկ ինքնաթիռ էր կանգնած, մեկն էլ՝ մերը՝ Երեւան-Բաղդադը, վայրէջք կատարեց։ Շքեղ ու միջազգային չափանիշներով կառուցված շենքում էլ հատուկենտ մարդիկ էին ու խաղաղ լռություն, ինչպես ամենախուլ գավառում։ Ինքնաթիռից իջնելիս յուրաքանչյուր Բաղդադ այցելողի առաջին իսկ պահին դիմավորում է հատակին գրված «Կորչի ԱՄՆ-ը» արտահայտությունը։ Ինչպես հետո տեսանք քաղաքի փողոցներում, հիմնարկներում, գերատեսչություններում, հյուրանոցներում, օդանավակայանի պատերին եւս յուրաքանչյուր հինգ քայլի վրա կախված էր երկրի նախագահ Սադամ Հուսեյնի նկարը։ Ընդ որում, նկարները եւ արձաններն առաջնորդի կյանքի եւ առօրյայի ամենատարբեր դրվագներն են պատկերում, հաճախ առաջնորդի դասական՝ ձեռքը դեպի առաջ պարզած դիրքով։ Օդանավակայանից դուրս մեզ դիմավորեցին ոչ միայն շքեղ ավտոմեքենաները, այլեւ անապատի տաք խորշակը։ Հայկական պատվիրակությանը տեղավորեցին «Ալ Մանսուր» հյուրանոցում, որը կառուցված եւ կահավորված է 15-20 տարի առաջվա հնարավոր ամենաբարձր ստանդարտներով՝ սանհանգույցը, վերելակները, կահույքը։ Միայն թե այդ ամբողջը բավական մաշված էր, ընդ որում, ոչ միայն ֆիզիկապես, այլեւ բարոյապես։ Ասենք, խորհրդային «Գորիզոնտ» տիպի հեռուստացույցներ, որոնք հեռակառավարվում են մահճակալի կողքի դարակին ամրացված պտուտակներով, սանհանգույցի ժանգոտել սկսող մետաղյա մասերից որոշները բացակայում էին եւ այլն։ Նույն տպավորությունն էր քաղաքի փողոցներում. մուսուլմանական մշակույթի ավանդույթներով կառուցված փառահեղ բազմահարկերը արեւելքի այրող արեւից ու խորշակից խունացել էին։ Շքեղ բազմահարկի կամ մզկիթի հարեւանությամբ սկսվում էր նեղ, կեղտոտ ու գարշահոտ փողոց՝ լիքը պարապ մարդկանցով։ Նրանցից ամենազբաղվածները ղեյլան էին ծխում։ Խորշակից գունախաբ ու «մաշված» էին նաեւ արմավենիները։ Հյուրանոցում, առաջին իսկ ճաշի ժամանակ, լրագրողներիս մոտեցավ տեղի մշակույթի եւ ինֆորմացիայի նախարարության ներկայացուցիչը, որն առաջարկեց իր ծառայությունները քաղաքում զբոսնելիս։ Նա հավաստիացրեց, որ, առանց արաբ ուղեկցի, փողոցներում մեզ թույլ չեն տա նկարահանումներ կատարել եւ լուսանկարել։ Լրագրող Ալա Խալիլ Նասերը ամենայն պարտաճանաչությամբ էր կատարում իր գործը՝ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր հերթապահելով հյուրանոցի նախասրահում՝ կանխելու քաղաք ինքնուրույն դուրս գալու մեր բոլոր փորձերը։ Տեղի տալով մեր ուղեկցի համառությանը՝ բոլոր լրագրողներս երկու օրինակից հարցաթերթիկներ լրացրինք։ Կամուրջները, զանազան գերատեսչությունների շենքերը, Սադամի պալատները, հեռուստատեսային աշտարակը, որոշ անհատների ապարանքները նկարել շատ դժվար էր. մեր ուղեկիցն ու վարորդը խիստ զգոն էին, ամեն մի չխկոցի շրջվում ու զգուշացնում էին՝ չնկարել։ Մի անգամ նույնիսկ Ալա Խալիլը սպառնաց մեքենան կանգնեցնել եւ բողոքել ոստիկաններին։ Ամերիկացիներին եւ բրիտանացիներին չեն սիրում։ Խալիլը հենց նրանց է մեղադրում ՄԱԿ-ի խիստ պատժամիջոցների կիրառման մեջ։ Բաղդադի «Ալ Ռաշիդ» հյուրանոցի մուտքի ավտոմատ բացվող դռների արանքում գետնի վրա դեմ առանք ավագ Ջորջ Բուշի մոզաիկ դիմանկարին՝ «Բուշը հանցագործ է» մակագրությամբ։ Հյուրանոց մտնող ցանկացած մարդ չի կարող խուսափել այն տրորելուց, եթե միայն զգուշությամբ «չսողոսկի» եզրերով։ Արաբները պնդում են, որ ամերիկացիների նպատակային ռմբակոծության հետեւանքով իր ամուսնու եւ դստեր հետ սեփական բնակարանում զոհվել է «Իրաքի ամենագեղեցիկ կինը»՝ մի նկարչուհի, որին ամերիկացիներն իբրեւ թե սխալմամբ վերագրում են այդ նկարը։ ՄԱԿ-ի սանկցիաները կիրառվում են ոչ միայն նավթի վաճառքի վրա։ Ալա Խալիլը պնդում է, որ խիստ սահմանափակումներ կան Ինտերնետի կիրառության վրա (այն կառավարության հսկողության տակ է, թեեւ կան նաեւ ժամը 2 հազար դինար արժողությամբ ինտերնետ-սրճարաններ)։ Արգելված են բջջային հեռախոսները։ «Իրաքի երեխաները երկար ժամանակ մատիտ չունեին. ՄԱԿ-ի փորձագետները կարծում էին, որ այստեղ կհանեն մատիտի գրաֆիտը եւ կկիրառեն ռումբերի համար»,- պատմում էր մեր լրագրող ուղեկիցը։ Արաբները դժգոհում են նաեւ ԱՄՆ դաշնակից Թուրքիայից, որը Տիգրիսի վրա շատ ջրամբարներ կառուցելով, քչացնում է Իրաք հասնող ջուրը։ Դա նաեւ անզեն աչքով էր տեսանելի։ Մեր հյուրանոցը հենց Տիգրիսի ափին էր. ջուրը բավական քաշված էր իր ափերից։ ԱՄՆ դոլարն այստեղ արժեր 1800-1900 դինար։ 10 տարի առաջ մեկ դինարն արժեցել է երեք դոլար։ Պետական պաշտոնյաներն այժմ ստանում են 3-4 դոլարին համարժեք դինար եւ յուղի, բենզինի, ալյուրի, օճառի, երբեմն նաեւ ընդեղենի հատուկ կտրոններ։ Դինարի տարբեր անվանական արժեքներով թղթադրամների վրա պաշտպանական ոչ մի միջոց չհայտնաբերեցինք։ Տեղի հայերը բավական ապահովված են, որովհետեւ, ի տարբերություն հիմնականում պետական պաշտոններ զբաղեցրած արաբների, հայերը միշտ սեփական գործն են ունեցել։ Թեեւ տնտեսական դժվարությունները վերջիններիս էլ են ստիպում երկրից արտագաղթել։ Այնպես որ, տեղի հայերի պաշտոնապես մեզ ներկայացվող 17 հազար թիվը հայերը հերքում էին մասնավոր զրույցների ժամանակ՝ ընդամենը 10 հազար։ Եվ արաբները, եւ հայերը պնդում են, որ հայերին սիրում են, վստահում։ Իբրեւ թե հայ են նաեւ Սադամ Հուսեյնի երեխաների դայակը, խոհարարը, դերձակը։ Հայերն ազատ են՝ եկեղեցի գնալու, ակումբներ ունենալու, միություններ կազմելու, վերջիններից երկուսի հավաքին անձամբ ներկա եղանք։ Ալա Խալիլը պնդում է, որ Քուվեյթը Ամերիկայի խրախուսանքով մինչեւ հիմա էլ նավթ է գողանում Իրաքից։ Նա վերջերս էր ֆրանսիական մի խմբի ուղեկցել մինչեւ սահմանը՝ ցույց տալու Իրաքի տարածքից նավթ քաշող քուվեյթական պոմպերը։ Քուվեյթ ներխուժելով, իրենք լուծել են այդ պրոբլեմը, սակայն նրանք նորից են սկսել նավթ գողանալ։ Մեր ուղեկիցն ասաց նաեւ, որ Իրաքում իրենք չեն ուզում թշնամանք սերմանել Քուվեյթի ժողովրդի նկատմամբ։ «Վաղը, երբ նրանց նավթը վերջանա, եւ ամերիկացիներն ու բրիտանացիները հեռանան այնտեղից, մենք մնալու ենք նրանց հարեւանները՝ կողք կողքի ապրելու»,- չգիտես սպառնալիք, թե եղբայրական ջերմ սեր կար Ալա Խալիլի խոսքերում։ Իսկ Քուվեյթին ուղղված բողոքի նոտաներում Սադամ Հուսեյնը խորհուրդ է տալիս սովի չմատնել շղթայված Իրաքին։ «Քաղցած առյուծը մի օր կփշրի իր կապանքները եւ կհարձակվի իրեն տանջողի վրա,- պատմում է Ալա Խալիլը,- բայց Քուվեյթն այլ կերպ չի կարող վարվել. նա տիկնիկ է ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի ձեռքին։ Սակայն Քուվեյթի իմաստուններն ասում են՝ կարելի է փոխել պատմությունը, բայց ոչ՝ աշխարհագրությունը»։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ (շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել