ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐԱԾ-ՀԵՏ ԲԵՐԱԾ ՕՐԵՆՔ Երեկ քննարկվեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրինագիծը, որը ստվերում մնաց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կողքին։ Ընդամենը 6 հարց տրվեց կառավարության ներկայացուցչին, հնչեց 3 ելույթ։ Արժանահիշատակ են պատգամավորների հետեւյալ դիտարկումները. Շավարշ Քոչարյանը նկատեց, որ այս օրենքը վերաբերում է միայն Հայաստանի քաղաքացիներին եւ չի ապահովում, ասենք, փախստականների համար հանրահավաք անելու հնարավորությունը։ Արշակ Սադոյանը հետաքրքրվեց, թե ո՞րն է հրապարակային միջոցառման համար թույլտվություն հայցելու եւ իրազեկելու տարբերությունը։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի պատասխանն էր, որ իրազեկման պարագայում եթե առկա չեն օրենքով սահմանված հիմքեր արգելելու հրապարակային միջոցառումը՝ այն ի սկզբանե համարվում է արտոնված։ Ճիշտ է, ըստ էության, անպատասխան մնաց Սերգեյ Երիցյանի հարցադրումը, թե ինչպես են որոշելու, օրինակ, այս հիմքի՝ «սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն եւ պատերազմ քարոզելու» առկայությունը։ Չէ՞ որ իրազեկման մեջ կազմակերպիչը չի նշի, թե պատրաստվում է բռնություն քարոզել։ Վազգեն Խաչիկյանն էլ չափազանցված էր համարում միջոցառում անցկացնելուց առաջ՝ ոչ ուշ, քան 7 օր առաջ գրավոր իրազեկում ներկայացնելու դրույթը. «Չէ որ կարող են լինել հրատապ իրադարձություններ, որոնց հարկ կլինի անդրադառնալ անմիջապես»։ Իսկ ընդհանրապես, այս մի տարած-հետ բերած օրենքի նկատմամբ պատգամավորներն ավելի բարեհոգի էին տրամադրված եւ այն թերեւս կընդունվի այսօր։ Միայն Համլետ Հարությունյանն ընդվզեց, թե «իրազեկումը գործակալական հաղորդում է, իսկ իրազեկիչներն էլ գործակալներ են»։ Սակայն Դավիթ Հարությունյանը հանգստացրեց նրան. «Կփորձենք ճշտել լեզվի տեսչության եւ ԱԱՆ-ի հետ»։ Ա. Ի.