ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՀՀ վճռաբեկ դատարան ՀՀ արդարադատության խորհուրդ ՀՀ արդարադատության նախարարություն 25 ամիս մեր տնօրենը՝ Աշոտ Բլեյանը, կալանավորված է։ Այդ ամիսների ընթացքում կամաց-կամաց սպառվեց մեր հավատը եւ վստահությունը հայրենի իշխանությունների, հայաստանյան արդարադատության նկատմամբ։ Մեզ համար դժվար է հուսալը, որ այս իշխանությունների եւ այսպիսի հարաբերությունների պայմաններում դատական որեւէ ատյան իր մեջ ուժ կգտնի խոստովանելու, որ քրեական սարքովի գործի պատճառով անմեղ մարդն անտեղի պատժվել է։ Ի՞նչ ուժ կարող է ստիպել երկրի օրենսդիր, գործադիր ու դատական իշխանություններին, որ ուշքի գան եւ դադարեցնեն անիմաստ, ինքնանպատակ հաշվեհարդարը։ Աշոտ Բլեյանին չի կարող կպչել յուրացման փորձի մեղադրանքը, որովհետեւ 15 տարի շարունակ մենք ականատես ենք եղել, թե ինչպես է նա կարեւորել կրթահամալիրի՝ մեր մեծ տան բարեկեցությունը, ինչպես անընդհատ կառուցել ու բարեկարգել է՝ ծախսելով նաեւ սեփական փողերը։ Իսկ ծնողական գումարների հետ նա ոչ մի առնչություն չի ունեցել, չի մասնակցել ո՛չ հավաքմանը, ո՛չ ծախսմանը, ո՛չ բաշխմանը։ Եթե ծնողների աջակցությունը դպրոցին մեղք է, դրա պատասխանատուն բոլորս ենք՝ ծնող, ուսուցիչ եւ կոնկրետ դպրոցի գործունեությունը ղեկավարող տնօրեն։ Մենք մեկ անգամ եւս կոչ ենք անում իրավասու ատյաններին, հանրապետության ապագայի համար պատասխանատու բոլոր անձանց՝ կասեցրե՛ք առաջադեմ մանկավարժի եւ քաղաքական սթափ գործչի հետապնդումը. դա անմարդկային է, անբարոյական եւ վտանգավոր հասարակության ապագայի համար։ Հոգաբարձուների խորհուրդ՝ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ – ավագ հոգաբարձու, Թ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ – ուսուցչաց միության (450 անդամ) նախագահ, Ս. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ – ծնողական խորհրդի նախագահ Տպագրվում է որոշ կրճատումներով