ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԿՆՔՎԱԾ ԿԼԻՆԵՐ Եթե իշխանությունները չխանգարեին Վահան Փափազյանը Հայաստանի ԱԳ նախարար է եղել 1993 թ. փետրվարից մինչեւ 1996թ. նոյեմբերը։ Պրն Փափազյանի հետ մեր զրույցի ընթացքում քննարկեցինք հայ-թուրքական, հայ-իրանական եւ տարածաշրջանային այլ խնդիրներ։ Հասկանալի է, այս ամենը անմիջականորեն քննվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայի շրջանակում։ Այսօր կներկայացնենք զրույցի մի հատվածը։ – Չե՞ք կարծում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը բարդացել է նաեւ այն պատճառով, որ Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից։ Թերեւս սա հասկանալի է: Ի վերջո, Քոչարյանն ընկալվում է որպես մեկը, որը պատասխանատու է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ղարաբաղի համար։ – Դուք կարծում եք, Ադրբեջանը պատրա՞ստ է պատերազմի։ – Ես չգիտեմ՝ Ադրբեջանում ի՞նչ վիճակ է իրականում։ Բայց գիտեմ, որ այնտեղ պատերազմական կոչերով հանդես եկողների թիվը օր օրի շատանում է եւ հասարակությանը ներարկվում է ռազմական գործողությունների վերսկսման անհրաժեշտությունը։ Այն, որ Ադրբեջանում ինչ-որ շրջանակներում այդ ձգտումը եւ ցանկությունը կա, կասկածից վեր է, բայց ես կարծում եմ, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել այն դեպքում, երբ Ադրբեջանը կստանա համապատասխան «օրհնություն»։ Չեմ բացառում նաեւ, որ ինքնագլուխ որոշի գնալ այդ քայլին, բայց սրա հավանականությունն ավելի քիչ է։ – Այսինքն, Դուք գտնում եք, որ ինչքան ձգձգվում է ղարաբաղյան խաղաղ կարգավորումը, ավելի իրական է դառնում պատերազմի՞ վտանգը։ – Մեկ անգամ առիթ ունեցել եմ ասելու, նորից շեշտեմ՝ Հայաստանը բաց է թողել պահը։ 97 թվականը այն տարին էր, երբ անհրաժեշտ էր իշխանության ներսում համախմբվել եւ գնալ հանգուցալուծման։ Դրանից ավելի լավ տարբերակ (փուլայինը թե փաթեթայինը) չէր կարող լինել։ Պահը բաց է թողնված։ – Իշխանությունը, կարծեմ, ձեր ձեռքին էր, ինչո՞ւ չհամախմբվեցիք, ինչո՞ւ բաց թողեցիք պահը։ – Ճիշտն ասած, անձամբ ես 97թ. արդեն իշխանության մաս չեմ եղել, եւ լավ կլիներ այդ հարցը ժամանակին ուղղվեր այն մարդկանց, ովքեր իրականացրին «իշխանափոխությունը»։ Ինչո՞ւ ժամանակին, որովհետեւ հիմա արդեն դա էլ է ժամանակավրեպ։ Ի դեպ, շատ է խոսվել եւ խոսվում, թե ժողովուրդն իրականացրեց իշխանափոխությունը։ Դրանք դատարկ խոսակցություններ են։ Ժողովուրդը որեւէ առնչություն իշխանափոխության հետ չի ունեցել։ Ընդհանրապես, քաղաքացիական հասարակություն, որպես այդպիսին, Հայաստանում չի ձեւավորվել։ Հակառակը, եթե դրա սաղմերը կային 90-ականների առաջին կեսին, ապա այժմ ընդհանրապես գոյություն չունեն։ Իշխանափոխությունը տեղի է ունեցել իշխանության ներսում, բոլորս դա շատ լավ գիտենք։ Տեղի ունեցավ այն պարզ պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը եւ իրենց անմիջական շրջապատի մարդիկ ասում էին, թե իրենք ունենալու են ավելի լավ լուծում, քան առաջարկում էր Տեր-Պետրոսյանը։ Ակնհայտ էր, իսկ այժմ առավել քան ակնհայտ է, որ ավելի լավ լուծում լինել չի կարող, կարող է լինել միայն ավելի վատ լուծում։ Ժամանակի ճիշտ ընտրությունը քաղաքական լուրջ որոշումներ ընդունելու համար կարեւորագույն գործոն է։ – Որպես արտաքին գործերի նախարար աշխատած դիվանագետ՝ Ձեր դիտարկումը. ինչպե՞ս է լինում, որ ԱԳ նախարարը որեւէ ինֆորմացիա է հրապարակ նետում, հետո էլ արդարանում լեզվական սայթաքումով։ – Կարծում եմ, Օսկանյանն ուղղակի փորձ արեց հասարակական կարծիքն ինչ-որ չափով շոշափելու։ Լինում է, պատահում են նման «սայթաքումներ»։ Իմիջիայլոց, ես չգիտեմ, իրականում հասարակության ռեակցիան այդ «օկուպացված տարածքների» հանդեպ այդքան բո՞ւռն էր։ Իմ կարծիքով՝ ոչ։ Եթե մի քանի հոգի արտահայտվեցին դրա դեմ, դա դեռ չի նշանակում, որ ամբողջ հասարակությունը նույնքան բուռն եւ բացասական ռեակցիա ունեցավ Օսկանյանի հայտարարության նկատմամբ։ Իսկ համանախագահողների այն հայտարարությունը, թե իբր, Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակությունները պատրաստ չեն համաձայնության, ընդհանրապես որեւէ քննադատության չի դիմանում։ Հասարակությունները վաղուց են պատրաստ խաղաղության։ Եվ, եթե իշխանությունները չխանգարեին, խաղաղությունն արդեն կնքված կլիներ։ Այլ հարց է, որ քաղաքական ղեկավարությունը դրան պատրաստ չի։ Սա բնական է, շեշտում եմ՝ խաղաղության ճանապարհը շատ ավելի փշոտ է, շատ ավելի վտանգավոր է եւ ծանր, քան՝ պատերազմի ընթացքը։ Պատերազմի ընթացքը պարզ է ու հստակ՝ կա թշնամի, որի դեմ պետք է կռվել։ Իսկ երբ գնում ես խաղաղության, հասարակությանը պիտի բացատրես, թե ինչո՞ւ ես գնում այս կամ այն զիջմանը։ Այս կապակցությամբ կուզենայի խոսել մեկ այլ միֆի մասին։ Դիվանագետներն ընկալվել են, ընկալվում են եւ կընկալվեն որպես մարդիկ, որոնք ռազմի դաշտում ձեռք բերածը պատրաստ են դարձնել առեւտրի առարկա։ Բայց մոռացվում է, որ դիվանագիտության էությունը փոխզիջումն է։ Չկա փոխզիջում, չկա դիվանագիտություն։ Չկա դիվանագիտություն, այլընտրանքը պատերազմն է։ Եվ մի բան էլ։ Հաշվի չի առնվում կամ մոռացվում է, որ ռազմական հաջողություններ ընդհանրապես չեն կարող լինել, եթե դրանք չուղեկցվեն ճկուն դիվանագիտությամբ։ Ուզում եմ ընդգծել, խոսքս ռազմական գործողությունների ընթացքի մասին է, երբ առանց դիվանագիտական ապահովման հնարավոր չէ հաջողություն ունենալ։ Մանավանդ, երբ պատերազմողները փոքր երկրներ են եւ կարիք ունեն այլեւայլ աջակցության։ – Եթե 97-ի փաստաթղթերը, ըստ Ձեզ, այդքան լավն էին եւ շահեկան էին Հայաստանի եւ Ղարաբաղի համար, ինչո՞ւ Ադրբեջանը համաձայն էր ընդունել դրանք։ – Նախ, ես չեմ ասել, թե դրանք լավն էին։ Դիվանագիտական լուծումները լինում են կամ վատը, կամ շատ վատը։ Դրանք այն առավելագույնն էին, որ կարելի էր ստանալ բանակցային ճանապարհով, իսկ Ադրբեջանն ընդունել էր, որովհետեւ այն ժամանակ այլընտրանք չուներ։ Այսօր ունի, դրա համար էլ կոշտացրել է իր դիրքորոշումները, իսկ մենք հայտնվել ենք «կոտրած տաշտակի» առաջ։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ Վահան Փափազյանի հետ հարցազրույցի շարունակությունը՝ առաջիկա համարներից մեկում։