Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին ընթերցմամբ ընդունվեց

Հունիս 27,2001 00:00

Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ի արտահերթ նստաշրջանի երեկվա նիստում քննարկվեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը։ ՀՀ կառավարության օրենսդրական այդ նախաձեռնությամբ նախատեսվող մոտ 30 լրացում-փոփոխությունները ներկայացրեց ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը։ Դրանք «Առավոտը» ներկայացրել է հունիսի 22-ի համարում։ Միայն մի պատգամավոր՝ Արտակ Գրիգորյանը, հարց տվեց ԿԳ նախարարին։ Նա էլ, իր իսկ խոստովանությամբ՝ «ամենայն մանրամասնությամբ չէր հասցրել ծանոթանալ օրենքին»։ ԱԺ պատգամավորին մտահոգում էր, որ բուհերը իրավունք չունեն աճուրդների մասնակցել, սեփականություն ձեռք բերել, ասենք՝ պոլիկլինիկաներ, լաբորատորիաներ կամ այլ օբյեկտներ գնել։ ԿԳ նախարարը պարզաբանեց, որ բուհերը, ըստ օրենքի՝ ոչ առեւտրային, շահույթ չհետապնդող, իրավական անձի կարգավիճակ ունեցող հիմնարկներ են։ Բուհերի ունեցվածքը պետական սեփականություն է համարվում, բայց բուհն իրավունք ունի գնել նոր գույք, սարքավորումներ եւ դրանք արդեն բուհի սեփականությունը կհամարվեն։ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը կառավարության ներկայացրած այդ լրացում-փոփոխությունները հրատապ ու կարեւոր որակեց եւ առաջարկեց ԱԺ պատգամավորներին ընդունել դրանք առաջին ընթերցմամբ։ Հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը եւս հանձնաժողովի անունից դրական գնահատեց կառավարության նախաձեռնությունը։ Ու, ընդհանրապես, հատուկենտ ելույթ ունեցող պատգամավորները նույնպես առանձնապես թթու, կծու խոսք չասացին։ Քննարկումը շատ կարճ տեւեց, ընդամենը մի կես ժամ։ Եվ ԿԳ նախարարը, բնականաբար, շնորհակալանքի խոսքերով ընդունեց պատգամավորների նման վերաբերմունքը։ Վերջիններս օրենքի լրացում-փոփոխությունները երեկ ընդունեցին առաջին ընթերցմամբ, իսկ ԿԳ նախարարը դրանից առաջ շեշտել էր, թե ցանկալի է, որ այդ փոփոխությունները նաեւ երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունվեն, քանի որ մինչեւ սեպտեմբերի 1-ը դրանք պետք է ընդունվեն։ Ինչի առթիվ ԱԺ նախագահն էլ նկատեց, որ կառավարությունն այդ մասին նախապես հատուկ առաջարկով պետք է հանդես գար։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել