Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ, ՊԱՐՈՆԱՅՔ

Հունիս 27,2001 00:00

Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ, ՊԱՐՈՆԱՅՔ Հետաքրքիր մի «հայտնագործություն» կատարեցինք ՀՀ պետական արարողակարգի ասպարեզից։ Պարզվում է, որ օտարերկրյա առաջնորդներին եւ պատվիրակություններին ընդունելիս օգտագործվող շքեղ «Մերսեդեսները» պատկանում են ոչ թե պետությանը, այլ անհատ անձանց, որոնք շքերթի ժամանակ հաճախ իրենք են վարում իրենց մեքենաները։ Ինչպես պարզաբանեց Պետարարողակարգի ծառայության ղեկավար Վահագն Մելիքյանը, շքաշարասյունը համապատասխան փոխադրամիջոցներով ապահովելու համար պատասխանատու է ՆԳ նախարարությունը։ Կարելի է եզրակացնել, որ բարձրաստիճան ՆԳ պաշտոնյան, որին վստահված է այս գործը, իր ձեռքին ունի պետությանը «բարեգործություն» անել ցանկացող «Մերսեդեսների» տերերի մի ցուցակ, ըստ որի եւ կատարվում է ընտրությունը։ Սրա անհրաժեշտությունը առաջացել է այն պատճառով, որ Արարողակարգի ծառայությանը սպասարկող ՀՀ կառավարության ավտոպարկի շարժակազմը համալրված է հիմնականում «Վոլգաներով» եւ «Չայկաներով»։ Միջոցների մշտական սղությունը թույլ չի տալիս թարմացնել շարժակազմը օտարերկրյա VIP ավտոմեքենաներով։ Ըստ պրն Մելիքյանի, Արարողակարգի ծառայությունը վաղուց արդեն զգում է սեփական շքաշարասյունն ունենալու պահանջը եւ դա բնավ չի պահանջում աստղաբաշխական գումարներ։ Սակայն պահանջվող գումարն այդուհանդերձ չկա։ Արարողակարգի մեր ասպետները հասկանում են պետության վիճակը եւ աշխատում են եղածով բավարարվել։ Ինչ խոսք, խնդրելով մասնավոր անձանց՝ իրենց մեքենաներով մասնակցել բարձրաստիճան հյուրերի ընդունելությանը, մեր կողմը ստիպված է լինում լրացուցիչ անվտանգության խնդիրներ լուծել։ «Առավոտի» թղթակցին ոչ մի կերպ չհաջողվեց պարզել ալտրուիստ «Մերսեդեսների» տերերի անունները։ Շատ ափսոս, քանի որ երկիրը պետք է ճանաչի իր պատիվը պահող համեստ ծառաներին, որոնց պետությունը փոխհատուցում է միայն ծախսած վառելիքը։ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել