Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետությունը բժշկին փող չի տալիս, ուսուցչին փող չի տալիս…

Հունիս 27,2001 00:00

Պետությունը բժշկին փող չի տալիս, ուսուցչին փող չի տալիս… Անցած շաբաթ ՀԱՕԿ-ը գործկոմի չորս արտահերթ նիստ գումարեց՝ մանրամասն քննարկելու մեր հենակետային մարզաձեւերի ազգային հավաքականների մասնակցությունը Եվրոպայի (ազատ եւ հունա-հռոմեական ըմբշամարտեր, ծանրամարտ) եւ աշխարհի (բռնցքամարտ) առաջնություններին։ Եվ որպեսզի շահախնդիր ու բաց խոսակցություն ծավալվեր, հրավիրվել էին նաեւ մարզչական խորհուրդների անդամներ, մասնագետներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Սակայն այս կարեւոր եւ օգտակար նախաձեռնությունը լրիվ չծառայեց նպատակին, քանի որ մասնագետների մեծ մասը այդպես էլ չի կարողանում (կամ չի ուզում) հաղթահարել շատ հնից եկող սովորույթը՝ ամենայն հավանականությամբ մտածելով. «Ի՞նչ գործ ունեմ անշառ գլուխս ցավի տակ դնելու հետ»։ Մինչդեռ ՀԱՕԿ-ի նախագահը թե դրանից առաջ, թե այդ օրերին հորդորում էր մասնակիցներին՝ խոսել անկաշկանդ, տալ սուր հարցեր ու հաճախ ինքն էր սրում այս կամ այն խնդիրը։ Ինչեւէ, ակնկալվող քննարկումները չկայացան, առկա խնդիրները մինչեւ վերջ չբարձրացվեցին ու շատ հարցեր այդպես էլ մնացին անպատասխան։ Ու թեեւ գործկոմը դեռ իր վերջնական գնահատականը չի տվել յուրաքանչյուր մարզաձեւի, սակայն հակված ենք ենթադրելու, որ դրանք մեծամասամբ ոգեւորող կամ հուսադրող չեն լինի։ Այսուհանդերձ, ուզում ենք խոսել մի քանի երեւույթների մասին, որոնք ընդհանուր էին բոլոր քննարկումներին։ Առաջինն այն է, թերեւս, որ հավաքականների գլխավոր մարզիչները մինչեւ վերջ չէին պատկերացնում, թե իրենցից ինչ էր պահանջվում ներկայացվող հաշվետվություններում։ Նրանք գերազանցապես վերընթերցում էին նախապատրաստական փուլում կազմակերպված ուսումնամարզական հավաքների ժամկետները, վայրերը (սրանք վաղուց հաստատված են եւ տպագրված տարեկան ծրագրերի մեջ ու հայտնի են բոլորին)։ Իսկ ճիշտն այն պետք է լիներ, որ ավագ մարզիչները Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը մասնակցելու ֆոնի վրա խոսեին, թե անելիքների ծրագիրը կազմելիս ի՞նչ նպատակներ են դրել իրենց առջեւ, ո՞ր հավաքը ինչի համար է կազմակերպվել, դրանց ովքե՞ր են հրավիրվել, հավաքականի մարզիչները ինչի՞ վրա են հիմնականում ուշադրությունը դարձրել ու այդ ամենը ծառայե՞լ է նպատակին։ Նույնը՝ նաեւ միջանկյալ ու խնդրո առարկա պատասխանատու մրցումների մասնակցության մասին։ Գուցե աշխատանքները կազմակերպվել են ա՞յլ հաշվարկներով։ Ասենք, հիմա մեդալներ նվաճելը չի մտել իրենց ծրագրերի մեջ, այլ ամեն բան արվում է, որպեսզի հայ մարզիկներն իրենց լավագույն մարզավիճակին հասնեն 2004թ. օլիմպիական խաղերի օրերին։ Ոչ մի ավագ մարզչից չլսվեց ինքնաքննադատական որեւէ խոսք, ասենք, առաջնությունից հետո վերլուծություն են արել ու եկել են այն հետեւության, որ նախապատրաստական փուլում թույլ է տրվել այս կամ այն վրիպումը (եթե չասենք սխալը), հավաքականի մարզիչներով խորհրդակցել են ու համապատասխան որոշումներ ընդունել, որոնք ներկայացրել են կամ պետք է ներկայացնեն նաեւ մարզչական խորհրդի հաստատմանը։ Ստացվում էր այնպիսի տպավորություն, որ ամեն բան արվել է անթերի, դեռ մի բան էլ ավելի՝ եղած հնարավորություններից։ Այդ դեպքում ո՞վ է մեղավոր, որ առաջին կիսամյակի արդյունքները մեծ մասամբ ցածր են ու շատ դեպքերում հեռու են գոհացուցիչ լինելուց։ Սակայն հենց այս հարցերի շուրջ խոսելու փոխարեն ամեն օր բարձրացվում էին հարցեր, որոնք ըստ էության կապ չունեին օրակարգային միակ հարցի հետ, թեեւ դրանք էլ ընդհանուր առմամբ չի կարելի անտեսել։ Օրինակ, ասենք, մարզիչների (բոլոր մակարդակներում), մարզիկների աշխատավարձերի, թոշակների խնդիրը, թե՝ քիչ է։ Հազար անգամ ասվել է, թե դա, իրոք, քիչ է, եթե համեմատելու լինենք այլ երկրների հետ։ Հանրապետության մարզական ղեկավարությունն էլ մտահոգված է այդ խնդրով եւ իրավիճակից դուրս գալու, այդ բացը ուժերի ներածին չափով լրացնելու ձեւեր ու եղանակներ է որոնում ու որոշ բաներ արվել է, սկսած եղած գումարները ճիշտ ու խելամիտ ծախսելով առաջացող խնայողությունների հաշվին աշխատավարձերի բարձրացումից, մինչեւ հովանավորներ հայթայթելը, գործարար մարդկանց այդ գործի մեջ ներգրավելը։ Եվ եթե սրան ավելացվի, որ արդյունք ցույց տվող մարզիկն ու մարզիչը տարեվերջին մի կլորիկ գումար են ստանում, ապա անընդհատ չարչրկվող վարձատրման հարցերը առժամանակ դուրս պետք է գան օրակարգից։ Քննարկումների ընթացքում ապացուցվեց նաեւ, որ անցած վեց ամիսների ընթացքում անչափ վատ են համագործակցել հավաքականներն ու բժշկական հանձնաժողովը, գիտամեթոդական լաբորատորիան, բացարձակապես անտեսվել են հոգեբանները, մոռացության մատնվել մանկավարժական դաստիարակչական աշխատանքները։ Ավելի ճիշտ, այդպիսի բան գրեթե չի եղել։ Մինչդեռ, անցած տարվա վերջերին այս հարցն առաջնային պլան է մղվել, առանց որի ժամանակակից սպորտում կայուն հաջողությունների մասին խոսելն իսկ անիմաստ է։ Ու պատահական չէ, որ որոշ մարզաձեւերում սխալ ծանրաբեռնելու պատճառով հավաքականի թեկնածուներից ոմանց առողջության հետ կապված խնդիրներ են առաջացել, կամ էլ թիմը մեկնել է մրցման ու կոլեկտիվում տիրել է փոխադարձ արհամարհանքը։ Բայց չէ՞ որ քանիցս հայտարարվել է, նույնիսկ՝ պաշտոնապես, որ այսուհետ մարզիչ-մարզիկ-բժշկական ծառայություն համագործակցությունը պարտադիր է ու արդյունքների համար բոլորն էլ հավասար պատասխանատվություն են կրելու։ Կարծում ենք, որ ՀԱՕԿ-ի գործկոմը գնահատական տալիս հաշվի կառնի այս հանգամանքը։ Թերացել են նաեւ մարզչական խորհուրդները, ֆեդերացիաները, որոնք նույնպես երեւի դեռ մինչեւ վերջ չեն ըմբռնել, որ հանրապետությունում այս կամ այն մարզաձեւի դրվածքի, մակարդակի համար այլեւս իրենք են պատասխանատու։ Եվ, վերջապես, շատ մտահոգող է մասնագետների անտարբերությունն իրենց իսկ մարզաձեւի ճակատագրի նկատմամբ։ Որպես կանոն, քննարկումների օրերին ՀԱՕԿ-ի գործկոմի անդամներից բացի, ավելի ակտիվ էին լրագրողները, որոնց հարցերին տրվող պատասխանները հաճախ կապ չէին ունենում բուն հարցի հետ։ Իսկ եթե մարզիչները, մասնագետները դիտորդի դերում հանդես չգային, բանավիճեին, արտահայտեին իրենց տեսակետները, անեին մասնագիտական, գործնական առաջարկներ (հատուկենտ այդպիսի դեպքեր էլ եղան), դրանից կշահեին հենց իրենք ու իրենց մարզաձեւը։ Ինչեւէ, ասելիք շատ կա, բայց առայժմ սահմանափակվենք այսքանով։ «Աթենք-2004»-ի նախապատրաստական շրջանը շարունակվում է։ Թվում է, թե դեռ ժամանակ շատ կա։ Բայց այն կանցնի արագ, աննկատ։ Հուսանք, որ մեր հենակետային ու նաեւ օլիմպիական մյուսի մարզաձեւերի ֆեդերացիաները, մարզչական խորհուրդները, հավաքականների գլխավոր ու մյուս մարզիչները, բժիշկներն ու գիտնականները կմիավորեն բոլոր ջանքերը ու պատվով կկատարեն իրենց իսկ ստանձնած պարտավորությունները։ Հակառակ դեպքում՝ ստիպված ենք լինելու հիշեցնել հանրահայտ ֆիլմի այն արտահայտությունը, թե «Պետությունը բժշկին փող չի տալիս, ուսուցչին փող չի տալիս…»։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել