Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ նախորդ տարի սփյուռքահայ բարերարներ Հասմիկ եւ Վահագն Հովնանյանները նախաձեռնեցին «Սայաթ-Նովա» համա

Հունիս 27,2001 00:00

ԱԶՆԻՎ ԳԱՂԱՓԱՐ։ ԱԶՆԻ՞Վ ԿԱՏԱՐՈՒՄ Երբ նախորդ տարի սփյուռքահայ բարերարներ Հասմիկ եւ Վահագն Հովնանյանները նախաձեռնեցին «Սայաթ-Նովա» համահայկական երգի մրցանակաբաշխությունը, երգի ճշմարիտ արժեքը գիտակցողները, արվեստագետներն ու արվեստասերները մեծ ուրախություն ապրեցին։ Ի վերջո, անկախ մրցանակային հիմնադրամից (որն, ի դեպ, փոքր չէր), որեւէ մրցույթ, փառատոն ինքնին խթան է հանդիսանում նոր, լավ, գեղեցիկ բան ստեղծելուն։ Սակայն մրցանակաբաշխության հենց սկզբից կասկածները, որ այս հիրավի հրաշալի մտահղացումը կփչանա՝ ծանոթաբարեկամախնամիական կապերի մրցանակային տեղեր «առնել-ծախելու» հայկական սովորույթի պատճառով, ամրապնդվեցին, երբ Ռոբերտ Ամիրխանյանի հրաշալի երգը պարտվեց… Պարույր Հայրիկյանի երգին։ Ասեկոսեները նյութ ու մարմին դառնալու այլ աղբյուրներ եւս գտան ու զարգացան։ Ու քանի դեռ շարունակվում էին «Սայաթ-Նովա-2000»-ի քննարկումները, աննկատ սկսվեց «Սայաթ-Նովա-2001»-ը, որի I եւ II փուլերի կազմակերպչական ու որակական բացթողույթների մասին «Առավոտը» առիթ է ունեցել գրելու։ Սակայն, ի վերջո, եկավ գլխավոր՝ եզրափակիչ փուլ մտնելու ժամանակը։ Մրցանակաբաշխությանն առաջադրված 199 երգերից մնացել էր ընդամենը 20-ը, որոնցից ժյուրին (բավական հեղինակավոր կազմով) պիտի ընտրեր լավագույն եռյակները (I, II եւ III տեղեր)՝ չորս տարբեր բաժիններում՝ հայրենասիրական երգ, քնարական երգ, գուսանական երգ եւ մանկական երգ։ Նկատենք՝ գնահատվում էր հատկապես ե՛րգը, եւ ոչ թե կատարողը։ «Սայաթ-Նովա» համահայկական երգի փառատոնի (գուցե ավելի ճիշտ կլիներ՝ երգի համահայկական փառատոն) եզրափակիչը կայացավ նախորդ շաբաթ։ Այն դեռ չավարտված, սկսվեցին նոր քննարկումներ ու ասեկոսեներ։ Ընդ որում, եթե մանկական եւ գուսանական երգերի մրցույթի արդյունքներից գրեթե դժգոհություններ չեղան, ապա քնարական եւ հատկապես հայրենասիրական երգի մրցույթի արդյունքները տարակուսելու առիթ տվեցին ե՛ւ հանդիսատեսին, ե՛ւ երաժշտագետներին, ե՛ւ ժյուրիի որոշ անդամների, եւ, իհարկե՝ մասնակիցներին։ Մասնավորապես, շատերի համար անհասկանալի էր Լեյլա Սարիբեկյանի «Հայրենի հող» երգին տրված I մրցանակը՝ հայրենասիրական երգի բաժնում։ Իսկ Շուշան Պետրոսյանի համար (նա ներկայացնում էր Վարդ Մանուկյանի «Հայաստան» երգը՝ Հովիկ Հովեյանի խոսքերով)՝ անգամ վիրավորական. «Հազարավոր այսպիսի մրցույթների եմ մասնակցել, հաղթանակներ էլ են եղել, պարտություններ էլ, բայց եղել է ինչ-որ մակարդակ, ինչ-որ «ՍսՈրր», որը պահպանվել է։ Իսկ սա՞։ Աստված իմ, ես այսպիսի վիրավորանք չեմ ունեցել։ Հենց սկզբից էր որոշված, որ այդ երգը (Լ. Սարիբեկյանի- Մ. Բ.) հաղթելու է։ Ամենամեծ վիրավորանքն էր դա։ Փորձերի ժամանակ այդ երգչուհին իրեն այնպես էր պահում, կարծես՝ վե՛րջ, առել է տեղը, հաղթանակը կա, եւ անգամ դերասանություն չէր անում, չէր փորձում թաքցնել, որ գիտի արդյունքը։ Եվ երբ հարցրել էին՝ վստա՞հ ես, որ երրորդ փուլ ես անցնելու, ասել էր՝ առավել, քան վստահ եմ։ Դա ի՞նչ է նշանակում։ Էլ ինչո՞ւ էին մրցույթ կազմակերպել, ինչո՞ւ էին մեզ կանչել, թող իրեն կանչեին, դափնիները տային՝ գնար։ Հրաշալի պրոֆեսիոնալ երգ էի ներկայացնում, պրոֆեսիոնալ կոմպոզիտորի եւ բանաստեղծի, իրական մտավորականների գրած։ Ու դրա համար չեմ ներում էդ առեւտուրը իսկական արվեստի հետ։ Չե՛մ ներելու։ Այդ երգն, իրոք, արժանի էր I տեղը գրավելու, եւ ես դա պիտի ասեի, եթե ուրիշը կատարողը լիներ։ Ես գիտեմ, որ կարեւորը ժողովրդի գնահատականն է։ Նախորդ տարի ներկայացնում էի Մարտին Ահարոնյանի «Իմ անուշ Հայաստանը», որը ոչ մի տեղ չգրավեց, բայց մինչեւ հիմա ժողովրդի շուրթերին է։ Դա է կարեւորը, բայց վիրավորական է ծաղրված զգալը։ Ինձ խորթ է սոցմրցումի գաղափարը։ Ես տեղի կռիվ չեմ տալիս։ Գուսանական բաժնում ներկայացնում էի «Վեր կաց, Շահենը», բայց առաջին տեղը գրավեց Դավիթ Ամալյանի երգը, եւ կարող եմ միանշանակ ասել, որ չքնաղ երգ էր, փայլուն կատարում։ Ինձ հունից հանում է այն, որ խաղ են խաղում։ Մարդիկ կային, որ իրենց երեխայի բերանից կտրելով էին հայթայթել մրցույթին մասնակցելու համար նախատեսված 30 դոլարը։ Էական չէ՝ կհաղթեին, թե չէ, կարեւորը, որ արդար մրցեին, եւ եթե պարտվեին՝ ազնիվ պայքարում եւ ոչ թե պարտադրված ու նախօրոք կանխորոշված։ Ինձ համար անթույլատրելի է, որ իրենցից մեծ արժեք ներկայացնող մարդիկ լռում են ու թույլատրում այս սրիկայությունը, եւ դեռ հարց է, թե ո՞րն է հաղթանակած երգը։ Ժողովուրդը ցույց կտա, ժողովուրդն իմաստուն է՝ չի ծախվում ու չի առնվում։ Ժողովուրդն ինքն է ընտրում ամենալավը։ Բայց, այնուամենայնիվ, ցավալի է։ Ե՞րբ է վերջանալու այս կեղտը, «սրա ծանոթը, նրա մտերիմը» սկզբունքը։ Երբեք չեմ շահարկել ծնողներիս, ընկերներիս անունները։ Ինչ արել եմ՝ ես եմ արել։ Չեմ գնացել էդ գրասենյակը, չեմ քծնել, չեմ շողոքորթել։ Ափսոս չի՞ այս հրաշալի գաղափարը, որ փչացնում են»։ Վիրավորանքի ցավը դեռ կուլ չտված Շուշան Պետրոսյանը չէր կարողանում թաքցնել հուզմունքն ու վրդովմունքը։ Արցունքները հոսում էին նրա տխուր աչքերից. «Էսպիսի Շուշան տեսած կա՞ք։ Երբեւէ ինձ այս վիճակում որեւէ մեկը չի տեսել։ Ես ինքս ինձ չեմ ճանաչում։ Միայն մի բան գիտեմ, որ էլ երբեք չեմ մասնակցելու էդ ֆարսին, ինձ հերիք է իմ հանդիսատեսի սերը, նա հավատում է իմ երգին, եւ ամենակարեւորը դա է»։ Սուբյեկտիվ չլինելու ցանկությամբ (մեզ նույնպես արդարացի չէր թվում «Հայրենի հողին» տրված I մրցանակը), փորձեցինք իմանալ մասնագետների կարծիքը։ Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Սայաթ-Նովա-2001» մրցանակաբաշխության ժյուրիի անդամ Արաքսի Սարյանն ասաց, որ ինքը մասնակցել է միայն 3-րդ՝ եզրափակիչ փուլին. «Նախորդ տարի էլ էին հրավիրել, չկարողացա մասնակցել, հետո բազմաթիվ ասեկոսեներ լսեցի մրցույթի հետ կապված, եւ, անկեղծ ասած, ասած այս տարի գնում էի՝ պատրաստ լինելով կողմնակի ճնշումների, բայց վստահեցնում եմ, որ որեւէ ճնշում գոնե, երրորդ փուլում, չի եղել։ Ես ինքս այդպիսի բաներ տանել չեմ կարող։ Ժյուրիի կազմում գեղարվեստական տարբեր ճաշակի մարդիկ կային։ Հայրենասիրական երգը, ըստ իս, պետք է լինի խրոխտ, առնական, ուժ հաղորդող ելեւէջներով։ Լ. Սարիբեկյանի երգը սենտիմենտալ էր, եւ, չեմ կարծում, թե լավագույնն էր։ Ես դա այնտեղ էլ ասացի։ Երգը հզոր ուժ ունի, հիշենք Ալեքսանդրովի «Սրբազան պատերազմը», մարդիկ այդ երգով տանկի տակ էին գնում։ Հրաշալի երգ էր Վարդ Մանուկյանի «Հայաստանը»՝ Շուշան Պետրոսյանի կատարմամբ։ Բարձր պրոֆեսիոնալիզմով, ճիշտ կառուցվածքով երգ էր։ Իսկական ե՛րգ էր»։ Տիկին Սարյանին հարցրինք. «Լավ, եթե որեւէ ճնշում չկար, ժյուրին էլ բաղկացած էր հեղինակավոր եւ բանիմաց արվեստագետներից, ուրեմն՝ ինչո՞վ կբացատրեք «Հայրենի հողի» հաղթանակը»։ Պատասխանը հետեւյալն էր. «Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Ինձ ասացին, որ այդ երգը հաղթել է նաեւ I եւ II փուլերում։ Շատ տարակուսեցի։ Երեւի թե, ես, ուղղակի, ողջ խոհանոցին տեղյակ չէի։ Մենք դնում էինք մեր գնահատականները թղթերի վրա, տանում էին, հաշվում՝ միջինը հանում։ Ես այդքանին եմ տեղյակ, եւ այդտեղ ամեն ինչ արդար էր։ Ինչ վերաբերում է մանկական ու գուսանական ժանրերին՝ հաղթեցին արժանավորները։ Միանշանա՛կ»։ Ժյուրիի անդամ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Արզաս Ոսկանյանն այս ամենը բացատրում էր այլ տեսանկյունից. «Մրցույթը կատարելագործման կարիք ունի։ Կառուցվածքում է սխալը։ Պրոֆեսիոնալներն ու ինքնուսները (կամ՝ անուսները) մրցում էին իրար հետ։ Սպորտում ծանր քաշայինները թեթեւների հետ չեն մրցում, նույնն էլ այստեղ պետք է լինի։ Անցյալ տարի ես իմ երգն էի ներկայացրել, եւ երբ տեսա՝ ինչ խառնաշփոթ է, հանեցի իմ երգը։ Կոնստանտին Օրբելյանը եւս իր երգը հանեց։ Ռոբերտ Ամիրխանյանը թողեց իր երգը եւ խնդրեմ՝ ի՜նչ խայտառակություն եղավ. պարտվեց Պարույր Հայրիկյանին։ Ինչ վերաբերում է ճնշմանը՝ չի եղել եւ չէր կարող լինել։ Է՛դ էր պակաս։ Ինչպե՞ս կարելի է Վարդ Մանուկյանին համեմատել Լենա Սարիբեկյանի հետ։ Ինչո՞ւ պետք է նրանք իրար հետ մրցեին։ Վարդը պետք է մրցեր Ստեփան Շաքարյանի, Բաբա Թորոսյանի հետ եւ ոչ թե՝ Լեյլայի։ Լեյլայի երգը՝ որպես ինքնուսի, գեղեցիկ ստեղծագործություն էր։ Բայց մեկը մյուսի հետ համեմատելի չեն»։ Իսկ ահա ժյուրիի անդամներից Բելա Դարբինյանը չցանկացավ որեւէ հարցի պատասխանել. «Շատ եմ խնդրում, էդ մրցույթի, ընդհանրապես արվեստի մասին ոչինչ մի հարցրեք։ Մեր արվեստն արդեն կործանված է»։ Եվ միայն մի կարճ նախադասությամբ որակեց հայրենասիրական երգի մրցույթի արդյունքը. «Ճիշտ չէր»։ Խնդրեցինք նաեւ հայրենասիրական երգի բաժնում II մրցանակ ստացած «Հուսո առագաստ» երգի կատարողներից մեկի՝ Սյուզան Մարգարյանի կարծիքը. «Շատ լավ է, որ նման մրցույթ կա, պետք է բոլորը շնորհակալ լինեն նախաձեռնողներից։ Ինչ վերաբերում է երգին… ես ներկայացնում էի Արմեն Մովսիսյանի եւ Էդուարդ Զորիկյանի երգը։ Շատ կուզեի, որ I տեղը գրավեր, հատկապես, որ շատ սիրվել է ժողովրդի կողմից, հիթ է դարձել։ Դահլիճում նույնիսկ մեզ հետ երգող հանդիսականներ տեսա, փշաքաղվեցի։ Թեեւ II տեղը գրավեց, կարծում եմ, որ հաղթանակած է, որովհետեւ ժողովուրդն է սիրել, իսկ երգի համար ամենակարեւորը դա է»։ Սյուզան Մարգարյանին եւս հարցրինք՝ նախօրոք պա՞րզ էր հաղթողը։ Պատասխանեց. «Չեմ կարող ասել տարածված խոսակցությունների իսկության մասին, բայց այդ երգչուհու մոտ զգացվում էր ինչ-որ ինքնավստահություն, չգիտեմ դա ինչով բացատրել։ Ցանկացած մրցույթ, որտեղ գումարների հարց կա, միշտ կասկածների տեղիք է տալիս, բայց ոչինչ վստահ չեմ կարող ասել»։ Հետաքրքիր էր իմանալ նաեւ «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխության գրասենյակի ղեկավարի կարծիքը։ Սամվել Մեսրոպյանը Լ. Սարիբեկյանի ինքնավստահությանը յուրօրինակ բացատրություն տվեց. «Նախօրոք բոլոր 20 մասնակիցներն էլ ասում էին, որ իրենք են հաղթելու։ Դեռ ավելին, ի սկզբանե ներկայացված 199 երգերի հեղինակները նույնպես վստահ էին իրենց հաղթանակի մեջ։ Ժյուրին ընտրվել է եզրափակիչից 3 օր առաջ՝ վիճակահանությամբ։ Ժյուրիի անդամներին դահլիճում բաժանվել են գնահատման թերթիկները, գնահատել են, անմիջապես վերցրել ենք։ Ընդհանրապես, ժյուրիում այն մարդիկ չէին, ում վրա կարելի էր ճնշում գործադրել։ Ես լիովին բացառում եմ դա։ Առաջին տեղերը գրավել են ամենաշատ միավորներ հավաքած երգերը։ Ժամանակն է, որ ընտելանանք մրցութային հոգեբանությանը։ Լինում են հաղթողներ, լինում են պարտվողներ։ Պետք է կարողանալ ընդունել պարտությունը»։ Ինչ խոսք, պարտությունը պետք է արժանապատիվ ընդունել, եթե միայն՝ պարտվել ես արժանապատիվ պայքարում եւ արժանավորին։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել