Լրահոս
Օրվա լրահոսը

2000թ. նոյեմբերի 28-ին Մուրադ Աբրահամյանի «անվան» զորամասում դաժան ծեծի է ենթարկվում Սուրեն Գրիգորյա

Հունիս 27,2001 00:00

ՈՎՔԵՐ՝ Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ ԶԻՆՎԱԾ ՄՏԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ 2000թ. նոյեմբերի 28-ին Մուրադ Աբրահամյանի «անվան» զորամասում դաժան ծեծի է ենթարկվում Սուրեն Գրիգորյանը, որը մարմնական վնասվածքներ ստանալուց զատ կորցնում է խոսելու ունակությունը։ Զինդատախազությունը, որն իրականացնում էր նախաքննությունը, ճակատագրի քմահաճույքին է թողնում զինվորին, կամայական վերաբերմունք ցույց տալիս բոլոր այն միջնորդությունների նկատմամբ, որոնք տուժած զինվորի շահերի ներկայացուցիչն ու նրա փաստաբանն էին անում։ Տուժող Ս. Գրիգորյանին իրենց «ձեռքի» տակ ունենալով (տեղավորելով զինվորական հոսպիտալ), նրանք փորձում էին նրա միջոցով ջարդարարների նկատմամբ ցուցմունքներ կորզել։ Դեռ դա էլ մի կողմ դնենք։ Ս. Գրիգորյանին հոգեբանորեն ընկճելու ցանկությամբ, նրան տեղավորում են երկու էպիլեպսիկ հիվանդների հետ նույն պալատում, իսկ պալատ երբեմն-երբեմն այցելում էին վերոնշյալ զորամասի կտրիճները՝ զինված։ Այս հունիսի 1-ին դռնբաց կոչվող նիստում (Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան, դատավոր՝ Գոռ Հակոբյան) որոշվեց հաջորդ դատական նիստն անցկացնել դռնփակ։ Տեղեկացնենք, որ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եւ քննիչ Սամվել Հովհաննիսյանի գործողությունների հարցն էր վիճարկվում այդ դատարանում եւ հայցվորն էլ տուժող կողմն էր։ Վկայակոչելով քրդատօրի 201 հոդվածը (ուր խոսք է գնում նախնական քննության տվյալների հրապարակման թույլատրելիության մասին), դատարանը գերադասեց դռնփակ նիստ անցկացնելու տարբերակը։ Տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Մերի Դանիելյանին փակ նիստում չհաջողվեց որեւէ հարց տալ։ Մենք չենք խոսում որեւէ միջնորդություն անելուց։ Ս. Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Սեդա Սաֆարյանը երեկ մեր զրույցի ժամանակ նկատեց, որ «քննիչ Սամվել Հովհաննիսյանը վախեցավ հրապարակայնությունից»։ – Իսկ Ջհանգիրյանը եկա՞վ որեւէ նիստի,- իմ հարցին էլ պատասխանեց. – Ջհանգիրյանը չեկավ, ուղարկել էր Թադեւոսյան ազգանունով ինչ-որ ներկայացուցիչ, որն իր լիազորությունները հաստատող որեւէ փաստաթուղթ չներկայացրեց։ Փակ նիստի արդյունքում տուժողների բողոքը մի մասով մերժվել է, այն պատճառաբանությամբ, թե «որոշ անձանց քրպատասխանատվության ենթարկելն արդեն տեղի է ունեցել»։ «Ինձ հետաքրքիր է,- շարունակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը,- թե ՀԿԳ քննիչն ի՞նչ է ներկայացրել, քանզի նրա յուրաքանչյուր պատճառաբանություն, որն ուղղված է եղել դատարանին որեւէ ապացույց ներկայացնելուն, նախաքննության գաղտնիք էր։ Եթե դա այդպես է, ապա դատարանը ո՞ր ապացույցներն է հունիսի 18-ի որոշման հիմքում դրել, եթե վերոնշյալ ապացույցները չեն հետազոտվել»։ Մինչդեռ, իրավական տարրական գիտելիքներ ունեցողներին պարզ է քրդատօրի 358 հոդվածի հետեւյալ կետը. դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե դրա հետեւությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա։ Կամ՝ դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին։ Դատարանում գոնե մեկ հատիկ ապացույց չի հետազոտվել։ Հավանաբար, ամենամեծ ապացույցն այն է եղել, որ պարետ Վ. Շառոյանի, արդեն քանի ամիս, արձակուրդում գտնվելու հանգամանքն է վերահաստատվել։ Զինմասից որեւէ մեկի արձակուրդում գտնվելը՝ նշանակում է դրսում ակտիվ աշխատանք որոշ ցուցմունքների համաձայնեցման հարցում։ Տեղեկացնեմ, որ տուժող Սուրեն Գրիգորյանը չի մասնակցել Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում իր քաղհայցի քննությանը եւ, երբ հետագայում նա հոսպիտալում հրաժարվել է ծանոթանալ վերոնշյալ որոշմանը, քննիչը հայտարարել է՝ թե «զինվորական ոստիկանություն կտանի, որ ծանոթանա»։ «Մենք գործ ունենք հիվանդ Սուրեն Գրիգորյանի հետ։ Եվ նրա կարգավիճակում որոշակիություններ չմտցնելով, փորձում են հլու կամակատար ստանալ։ Նրանք սիրում են այն տուժողներին,- շարունակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը,- որոնք իրենց հլու կամակատարն են»։ Փաստաբանն, ի դեպ, երբ դատարանում քննիչին հարցրել է, թե ծանո՞թ են այն հեռագրերին, որով տեղեկացնում ենք, որ Սուրենի մոտ զենքով մարդիկ են մտել, պատասխանում է հարցով. – Ի՞նչ է, դուք տեղյակ չե՞ք, չէ որ նրանք ներկայացել են։ «Նման քննության ավարտը կհանգեցներ նրան, որ արհեստական մեղադրանքի հիմքեր կստեղծվեին եւ վերջապես կմոռացվեր այն կարեւոր հանգամանքը, որ մենք գործ ունենք ծեծված, իր մեջ ծեծի վախ պարունակող եւ խոսելու ունակությունը կորցրած հիվանդի հետ». սա փաստաբանն ասում էր ամիսներ առաջ։ Իսկ հիմա՞։ Սուրեն Գրիգորյանը, որը 7 ամիս անցկացրեց հոսպիտալում, իր այդ վիճակով օգնում էր նախաքննության գործի հանգամանքների բացահայտմանը, ստիպված էր հեռանալ հոսպիտալից։ Նրա գտնվելու վայրը կպարզվի այնժամ, երբ հայտնի կդառնա, թե ովքե՞ր եւ ի՞նչ նպատակով զինված մտան հոսպիտալ։ Սակայն սա դեռ վերջը չէ։ Հունիսի 22-ին, որպես տուժողի շահերի պաշտպան, Սեդա Սաֆարյանը միջնորդություն է ներկայացնում քննիչ Ս. Հովհաննիսյանին, որպեսզի նա իրեն ծանոթացնի «նոր ներգրավված անձանց առաջադրված մեղադրանքի հետ»։ Քննիչը 11/14 գրությամբ հայտնում է, որ «թիվ… քրգործով Ս. Գրիգորյանի կարգավիճակը 18.06.01թ. փոխվել է։ Որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ուստի քրեական գործով դուք այլեւս հանդես չեք գալիս որպես տուժողի ներկայացուցիչ եւ չեք կարող օգտվել տուժողի ներկայացուցչին ընձեռված իրավունքներից» (22.06.01)։ Լսենք նորից Ս. Սաֆարյանին. «Միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ դատախազին, զինդատախազին, ինձ ապօրինի տուժողի ներկայացուցչի իրավունքներից զրկելու եւ շարունակվող օրինախախտումների վերաբերյալ»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել