Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության պետ Հրաչյա Մուրադյանի տվյալներով, այս

Հունիս 27,2001 00:00

«Քաղաքում ապօրինի շինությունները նվազել են» Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության պետ Հրաչյա Մուրադյանի տվյալներով, այս տարվա ընթացքում արձանագրվել է ապօրինի շինությունների շուրջ 123 դեպք։ Ըստ նրա, 123-ից մոտավորապես 90-ը անմիջապես կանխվել է, մոտ 10-ը արգելված վիճակում է եւ մոտավորապես 25 շինություն՝ քանդվել։ Հ. Մուրադյանը չժխտեց, որ այսօր կասեցվել են ոչ բոլոր ապօրինի շինությունները։ Դրանց մի մասը դեռ ընթացքի մեջ է, «այսինքն դադարեցնում են, բայց առավոտյան տեսնում ենք, որ գիշերը մի քար ավելացել է»։ Ըստ նրա, վարչության առաջնային նպատակը «եղած ապօրինի շինություններին նորերը չգումարելն ու չավելացնելն է»։ Քանի՞ շինություն է քանդվել այս տարի հարցին, Հ. Մուրադյանը պատասխանեց. «Քանդման թվերով չի կարելի բնորոշել մեր աշխատանքը։ Ապօրինի շինություններն ինչքան քիչ լինեն, այնքան քիչ միջոցներ կծախսվեն դրանց քանդման համար»։ Հ. Մուրադյանը տեղեկացրեց, որ ապօրինի շինություններն իրականացվում են հիմնականում քաղաքի կենտրոնական փողոցներում (Կենտրոն, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր համայնքներում) եւ բակային տարածքներում։ «Ճիշտ է, այդ բոլոր ապօրինությունները մեր կողմից արձանագրվում են, բայց քանի որ դրանց դեմ անհրաժեշտ պայքար ենք տանում, ժամանակի ընթացքում դա (արձանագրությունը) իր ուժը կորցնում է»,- ասաց պրն Մուրադյանը։ Ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչությունը, ըստ Հ. Մուրադյանի, համագործակցում է Երեւանի ՆԳ վարչության, անհրաժեշտության դեպքում նաեւ դատախազության հետ։ Քաղաքապետարանը շատ հաճախ որեւէ շինության քանդման հայցով դիմում է դատարան։ Եվ եթե դատարանը վճռում է, որ դա պարտադիր պետք է քանդվի, այդ մասով որոշում է կայացնում։ Քանդման համար մեծ միջոցներ են պահանջվում, ուստի, դրա իրականացման պատասխանատվությունը դատարանը դնում է համայնքների վրա՝ իհարկե, հետագայում գումարը կառուցապատողից բռնագանձելու պայմանով։ Ըստ Հ. Մուրադյանի, ապօրինի շինությունների կանխման պահանջով վարչությունը ստանում է բազմաթիվ դիմում-բողոքներ. «Նամակներին պատասխանում ենք 1 ամսվա ընթացքում։ Եթե պարզվում է, որ բողոքն անհիմն է, եւ շինարարությունն իրականացվում է քաղաքաշինական անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայությամբ, այդ շինությունը հսկողությունից հանվում է։ Նման դեպքում բնակիչներին պատասխանում ենք, որ բողոքն անհիմն է»։ Ըստ նրա, դիմումների մեծ մասն էլ վերաբերում է վաղեմություն ունեցող շինություններին, այսինքն՝ «երկու հարեւան իրար հետ վիճում են, եւ նրանցից մեկը հանկարծ հիշում է, որ դրացին իր բակում ապօրինի շինություն ունի»։ Հ. Մուրադյանը նկատեց, որ բողոքողները անցած տարիների համեմատ քչացել են եւ «առաջ ընդունելության օրերին ավելի մեծ հերթեր էին գոյանում, քան հիմա»։ Թեեւ վերոնշյալ վարչությունը վերահսկողությունն իրականացնում է Երեւանի համայնքների ցուցումով, սակայն ոչ միշտ են սպասում, թե երբ թաղապետարանը որեւէ կառույց կհայտնաբերի, այլ՝ «մենք ենք շրջայցեր կազմակերպում թաղամասերում եւ զեկուցում քաղաքապետին»։ Իսկ իրականում, ինչպես պրն Մուրադյանն է վկայում, ապօրինի շինությունների քանակը նվազել է. «Կան ընդամենը մի քանի դեպքեր, որոնք մեր ամենօրյա հսկողության տակ են, որպեսզի չշարունակվեն»։ Այսպիսի «կարգուկանոնի», որ տիրում է մեր մայրաքաղաքում, անշուշտ, «կնախանձեր» ցանկացած երկրի քաղաքացի։ Որքան էլ Հ. Մուրադյանը վստահեցնի, թե ապօրինի շինությունները քաղաքում նվազել են, մենք էլ մեր հերթին կարող ենք փաստել, որ խմբագրություն ահազանգողների հիմնական մասը բողոքում է իր դռանը, բակում, նաեւ քաղաքի այլ տեղերում գրեթե ամեն օր ծլող ապօրինի շինություններից։ Դատելով պրն Մուրադյանի խոսքերից, թե ինչպիսի օպերատիվությամբ ու պարտաճանաչությամբ են կատարում իրենց աշխատանքը, հուսանք, որ կարճ ժամանակամիջոցում իսկապես կնվազեն քաղաքի տեսքն աղավաղող բազմաթիվ անօրինական կառույցները, որոնց մեծ մասը հառնում է ծանոթ-բարեկամ կամ, ինչպես ասում են, «ախպերական» հարաբերությունների շրջանակներում։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել