Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ԵՆ»,

Հունիս 27,2001 00:00

«ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ԵՆ», երբ խոսվում է «Ընդհանուր պետության» մասին «Փուլային», «Փաթեթային» եւ «Ընդհանուր պետություն» անվանումը ստացած տարբերակների գաղտնազերծումից եւ հրապարակումից հետո լույս տեսան մի շարք համեմատական վերլուծություններ։ Այստեղ օրինակներով հիմնավորվում եւ ապացուցվում էր, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք բանակցված «Ընդհանուր պետությունը» էական շատ հարցերում առավել նահանջողական էր, քան առաջին նախագահի օրոք քննարկված տարբերակները։ Այս պնդումների առնչությամբ նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ալեքսան Հարությունյանն ասաց, թե համաձայն չէ, որ «Ընդհանուր պետությունն» ավելի շատ զիջումներ էր պարունակում։ «Նման վերլուծությունների նպատակը ցույց տալն էր, թե այն ժամանակ լավ էր, հիմա վատ է։ Սակայն պարզ տրամաբանությունը հուշում է. եթե «Ընդհանուր պետություն» տարբերակը շատ վատն էր, բնականաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ Հայաստանն ու Ղարաբաղն ընդունեցին այն, իսկ Ադրբեջանն այդքան կտրուկ մերժեց եւ լսել անգամ չի ցանկանում դրա մասին։ Եթե ազնիվ են, պիտի ընդունեն, որ այդ տարբերակը մեզ համար շատ ավելի շահեկան էր։ Փաստը մնում է փաստ, «Ընդհանուր պետության» մասին խոսելիս Ադրբեջանի քաղաքական եւ պետական գործիչներն ուղղակի հիվանդանում են»։ Վերլուծաբանները բացատրություն ունեն նաեւ այդ «ախտանիշի» համար։ Ադրբեջանն իր դիրքերն անհամեմատ ուժեղացրել է եւ հիմա պահանջում է շատ ավելին, քան ակնկալում էր 1997-ին։ Այս մեկնաբանությանն Ալեքսան Հարությունյանը ծիծաղով արձագանքեց. «Այսինքն, ընդամենը մի քանի ամիս անց մեր դիրքերն անմիջապես թուլացա՞ն Ադրբեջանի համեմատ։ «Ընդհանուր պետություն» տարբերակը ներկայացվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից մի քանի ամիս անց»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել