Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բայց ես այդպես չեմ ասի»

Հունիս 27,2001 00:00

Սրանք է՞լ էին Թեհլերյաններ «Բայց ես այդպես չեմ ասի» ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանն անդրադարձավ այն պնդումներին, թե ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի վրա հարձակվողները եւ քաշքշողները իբր եղել են ՀԺԿ-ի «բետեէռ» կանայք. «Նախ զարմանում եմ՝ ինչու են իշխանամետ լրատվամիջոցները շեշտում, թե հատկապես Ալվարդ Պետրոսյանի հետ է դա կատարվել, երբ այդ նույն ժամանակ հարձակվել են նաեւ այլ պատգամավորների վրա, որոնց թվում նաեւ ՀԺԿ-ականներ են եղել՝ Արամայիս Բարսեղյանը, Սերգեյ Իսրայելյանը»։ Հայտնի դարձավ, որ պրն Իսրայելյանից այդ կանայք պահանջել են ժամանակին վճարել թոշակները եւ ավելացնել դրանց չափը։ Իսկ Արամայիս Բարսեղյանը հայտնեց. «Անձամբ ես ճանաչում եմ այդ կանանց։ Այդ 10-15 հոգին միշտ մասնակցում են հանրահավաքներին, տարբեր տեսակ մեծ ու փոքր միջոցառումներին։ Եվ միշտ նույն կոչերն են անում, թե Նաիրին ճիշտ է վարվել եւ դեռ պիտի բոլոր պատգամավորներին սպաներ։ Այդ կանանց տեսնելով ԱԺ դարպասների մոտ՝ մոտեցա եւ հարցրի, թե ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք հավաքվել։ Նրանք էլի սկսեցին, թե «Նաիրին պիտի բոլորիդ ոչնչացրած լիներ, բոլոր պատգամավորներդ հայ ժողովրդի արյունը ծծողներ եք»։ Արամայիս Բարսեղյանի կարծիքով, այդ կանայք հատուկ ֆինանսավորվում են հենց նման սադրանքների համար. «Եվ լուրջ մտորումների տեղիք է տալիս, թե ինչու նրանք հարձակվեցին Ալվարդ Պետրոսյանի վրա։ Ես մեկ անգամ չէ, որ տեսել եմ այդ կանանց եւ գիտեմ, որ նրանք իշխանություններին, ըստ էության, միշտ էլ պաշտպանել են։ Եվ ինձ համար զարմանալի է, որ նրանք այժմ նախագահի դեմ ուղղված արտահայտություններ են արել։ Սա մտածելու տեղիք է տալիս՝ գուցե նախագահի նկատմամբ կասկածնե՞րն են ցանկացել փարատել, թե՝ տեսեք, նրա հասցեին էլ այսպիսի բաներ ենք ասում»։ Մեր կողմից հավելենք. հակված ենք ենթադրելու, որ այդ կանայք որեւէ քաղաքական ուժի պատվերն էլ չեն կատարել՝ ուղղակի նման գռեհիկ արտահայտչաձեւերով համեմված մոտեցումները ե՛ւ Նաիրի Հունանյանի կատարածի, ե՛ւ երկրի ղեկավարների վերաբերյալ տարածված են ստորին խավերում։ «ՀԺԿ-ն որեւէ առնչություն չունի կատարվածին եւ միտումնավոր են մեզ դրա հետ կապելու փորձերը,- ամփոփեց ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը։- Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին երկու օրերին հարձակումներ եղան ոչ միայն Ալվարդ Պետրոսյանի վրա. նաեւ լրագրողներին առնչվող դեպքեր եղան (մասնավորապես՝ հրկիզվեց այն լրագրողի արհեստանոցը, որի «Հոկտեմբերի 27»-ի դեպքերի հետաքննությունը տարբերվում է պաշտոնականից) եւ մահափորձ կատարվեց Պետրոս Մակեյանի նկատմամբ։ Մթնոլորտը երկրում սարսափելի է, բայց որոշ քաղաքական գործիչներ այս առնչությամբ բողոքի ձայն են բարձրացնում միայն այն ժամանակ, երբ իրենց նկատմամբ է ինչ-որ բան գործվում։ Ալվարդ Պետրոսյանն, ասենք, հայտարարել է, թե իր հանդեպ նման միջադեպ տեղի չէր ունեցել 1988-ից ի վեր։ Բայց աննկա՞տ է մնացել, որ 1988-ից ի վեր ահաբեկչական բազմաթիվ գործողություններ են կատարվել Հայաստանում եւ ոչ միայն քաշքշուկներ, այլեւ քաղաքական սպանություններ՝ Հենրիկ Խաչատրյան, Հոկտեմբերի 27… Եթե իրենց բառապաշարով խոսելու լինեի՝ պիտի ասեի, որ պատգամավորի նկատմամբ հարձակում գործածները ռոբինհուդեր կամ թեհլերյաններ էին։ Բայց ես այդպես չեմ ասի։ Եվ այդպես չեմ էլ մտածում։ Ես կարծում եմ, որ ահաբեկչությունների այս շղթան պիտի փակվի, իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել հովանավորել ահաբեկիչներին։ Ի վերջո, գործում է բումերանգի սկզբունքը»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել