Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անցյալ

Հունիս 27,2001 00:00

ՆԱԽԱՐԱՐԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵ՞Ջ Է Անցյալ շաբաթ «Առավոտում» հրապարակել էինք ԱԱՊՎ նախկին պետ, գեներալ-մայոր Էդուարդ Սիմոնյանցի տեսակետը «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Ն.Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից ՆԳՆ մեկուսարան տեղափոխելու վերաբերյալ։ Պարոն Սիմոնյանցն, ըստ էության, ընդամենն արձանագրել էր, որ «27»-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը Ն.Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից տեղափոխելու անհրաժեշտությունը փաստարկում է նրանով, որ Հունանյանը ԱԱՆ մեկուսարանում արտաիրավական օգնություն է ստանում եւ ուղղորդվում է։ Պարոն Սիմոնյանցն այդ առնչությամբ ասել էր, թե փաստացի այդ մեղադրանքն ուղղված է ոչ թե ԱԱՆ-ի՝ որպես կառույցի դեմ, այլ՝ Կառլոս Պետրոսյանի, քանի որ եթե ահաբեկչին արտաիրավական նպատակաուղղված օգնության եւ ուղղորդման մասին է խոսքը, ապա դա հնարավոր կարող էր լինել միայն այն դեպքում, եթե լիներ այդ համակարգի ղեկավարի, տվյալ դեպքում՝ Կառլոս Պետրոսյանի, հրահանգով կամ թողտվությամբ։ Պարոն Սիմոնյանցի այդ տեսակետը նախարար Կառլոս Պետրոսյանին յուրովի էր մատուցել թերթերից մեկի մեր գործընկերը։ Ի պատասխան՝ ԱԱՆ նախարարը Էդ.Սիմոնյանցի հայտարարությունն անպարկեշտ եւ անհեթեթ էր համարել։ Մենք հարկ համարեցինք լրացուցիչ պարզաբանման համար դիմել հենց պարոն Սիմոնյանցին։ Վերջինս խոստովանեց, որ ինքն այդ հրապարակմանն անձամբ ծանոթ չէ եւ չի էլ ցանկանում արձագանքել իր հասցեին արված որակումներին ոչ միայն այն պատճառով, որ ինքը Կ.Պետրոսյանի նկատմամբ առանձնակի հարգանք չի տածում, այլեւ այն, որ այդ մարդը պրոֆեսիոնալ չէ եւ այդ պաշտոնում ժամանակին նշանակվել է՝ լինելով ընդամենը ՆԳՆ քննչական գլխավոր վարչության պետ։ Առավել եւս այդ պարագայում, կարծում ենք, Կ.Պետրոսյանը չէ, որ պետք է Էդ.Սիմոնյանցին պրոֆեսիոնալիզմի դասեր տար։ Այդուհանդերձ, պարոն Սիմոնյանցը պարզաբանեց, որ ինքն ընդամենը կրկնել է խորհրդարանական հանձնաժողովի անդամների փաստարկը, որով վերջիններս պատճառաբանել են Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից տեղափոխելու անհրաժեշտությունը։ Էդ. Սիմոնյանցը վերստին պնդեց իր այն տեսակետը, որ եթե խոսքը գնում է ԱԱՆ մեկուսարանում պահվող Հունանյանի հետ պարբերաբար եւ նպատակաուղղված աշխատանք տանելու, նրան արտաիրավական օգնություն ցուցաբերելու եւ ուղղորդելու մասին, ապա դա հնարավոր է անել միմիայն ԱԱՆ նախարարի գիտությամբ կամ թողտվությամբ, այլկերպ՝ հնարավոր չէ։ Իհարկե, նա նկատեց նաեւ, որ ե՛ւ ԱԱՆ, ե՛ւ ՆԳՆ մեկուսարաններում հնարավոր է ավելի ցածր օղակների կողմից մասնակի անկարգապահություն եւ թողտվություն, բայց հանձնաժողովի անդամներն ակնհայտորեն այդ մասին չէ, որ ահազանգում են։ Ցավոք, պարոն Սիմոնյանցի հետ մեր նախորդ զրույցի առանձին հատվածներ դուրս էին մնացել հիշյալ հրապարակումից, որն այս դեպքում հարկ ենք համարում ընդգծել։ Պարոն Սիմոնյանցը մասնավորապես կարծիք էր հայտնել, թե իր տեսանկյունից, անշուշտ, ավելի նպատակահարմար է Հունանյանին պահել ԱԱՆ մեկուսարանում՝ մի քանի պատճառաբանություններով։ Նախ, կան հանցատեսակներ, որոնց բացահայտման ուղղությամբ նախաքննությունը պետք է իրականացնի ԱԱՆ-ն, որոնց դեպքում հանցագործը պետք է պահվի հատկապես այդ գերատեսչության մեկուսարանում։ Մյուս կողմից, ըստ պարոն Սիմոնյանցի, ԱԱՆ մեկուսարանում ավելի լավ պայմաններ են ստեղծված հանցագործին պահելու, նրան վերահսկելու, անհրաժեշտության դեպքում, նույնիսկ, մեկուսացնելու համար։ Իսկ եթե Հունանյանին օգնելն ու ուղղորդելը իշխանությունների համար կենսական անհրաժեշտություն է, ապա, ճիշտ է պարոն Սիմոնյանցը, երբ պնդում է, թե այդ դեպքում որեւէ նշանակություն չունի՝ Հունանյանը ԱԱՆ, թե՞ ՆԳՆ մեկուսարանում է պահվում։ Մեր կողմից ավելացնենք միայն, որ «27»-ի գործով տեղի ունեցող զարգացումները, թերեւս, վկայում են, որ Հունանյանին ոգեւորելը, օգնելն ու ուղղորդելը, որոշ ուժերի համար, այնուամենայնիվ, կենսական խնդիր է։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել