Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 15-ից պետական բուհերում սկսվել է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը, սակայն երեկ օրվա առաջ

Հունիս 26,2001 00:00

Դիմորդները դեռ սպասում են Հունիսի 15-ից պետական բուհերում սկսվել է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը, սակայն երեկ օրվա առաջին կեսին անցկացրած մեր հարցումների արդյունքներով ընդամենը մի քանի դիմում-հայտ կար յուրաքանչյուր բուհում։ Նախորդ տարիների համեմատ սա աննախադեպ երեւույթ չէ, այլ օրինաչափություն։ Սովորաբար դիմում-հայտերի հոսքը սկսվում է հուլիսի 1-ից հետո եւ մինչեւ հուլիսի կեսերը շատ դժվար է կանխատեսել, թե այս տարի դիմումների հոսքը այս կամ այն բուհ կաճի՞, թե՞ կնվազի։ Համենայնդեպս, այս օրերին բուհերի ընդունող հանձնաժողովները գրեթե մատնված են անգործության, իսկ դիմում-հայտերի հանձնման վերջին օրերին հերթեր կառաջանան եւ ստիպված կլինեն աշխատել մինչեւ ուշ գիշեր։ Բուհերի ընդունող հանձնաժողովների պատասխանատու քարտուղարները դիմում-հայտերի քիչ լինելը հիմնականում պայմանավորեցին նրանով, որ հունիսի 27-ին դպրոցների շրջանավարտները դեռ նոր պետք է ստանան ատեստատները, եւ միայն դրանից հետո բուհ դիմելու հնարավորություն կունենան։ ԵՊՀ-ն, ինչպես միշտ, առաջատարն է դիմում-հայտերի քանակի առումով։ Բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ալեքսանդր Գրիգորյանից ճշտեցինք, որ արդեն 27 դիմում-հայտ ունեն։ Այս տարի ԵՊՀ-ին հատկացված է 671 պետպատվերով եւ 1141 վճարովի տեղ եւ եւս 171 տեղ վճարովի համակարգում, բայց առանց բանակից տարկետման իրավունքի։ Պրն Գրիգորյանի վկայությամբ, նախորդ տարիների այս օրերի համեմատ դիմում-հայտերի քանակը գրեթե նույնն է։ Իսկ Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանում այդ թիվը մի քիչ նվազել է։ Ընդունող հանձնաժողովի պատքարտուղար Հրաչիկ Չփլասյանից ճշտեցինք, որ բուհն ընդամենը 12 դիմում է ստացել, ինչը մյուս բուհերի համեմատ վատ ցուցանիշ չէ։ Այս տարի բուհին պետպատվերով հատկացվել է 288 տեղ, իսկ վճարովի համակարգում՝ 522 եւ 142 տեղ՝ առանց տարկետման իրավունքի։ Երեւանի տնտեսագիտական ինստիտուտը միայն մեկ դիմում-հայտ է դեռեւս ստացել։ Բուհի ընդունող հանձնաժողովի անդամ Ատոմ Վարդանյանը դա պայմանավորեց ատեստատների բացակայությամբ։ Բուհը պետպատվերով 272 տեղ ունի, իսկ վճարովի համակարգում 514 եւ 77 տեղ էլ այն ուսանողների համար, ովքեր տարկետման իրավունքից չեն օգտվի։ Այդպիսիների համար Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանում հատկացված է 38 տեղ, իսկ վճարովի համակարգում տեղերի թիվը 408 է։ Պետպատվերով տեղերի թիվը 157 է։ Երեկվա դրությամբ բուհը 4 դիմում էր ստացել եւ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռուդիկ Եփրեփյանի հավաստմամբ՝ նախորդ տարիների ցուցանիշը պահպանվում է։ Սակայն պրն Եփրեփյանը դիմումների մեծ հոսք է ակնկալում. «Եթե չսպասեինք, որ շատ դիմումներ կլինեն, չէինք աշխատի»։ Հայկական գյուղատնտեսական ակադեմիան մինչեւ երեկ դեռ ոչ մի դիմում չէր ստացել, սակայն ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Լյովա Մարգարյանը բնավ անհանգստացած չէր։ Վերջինս ակնկալում էր դիմումների մեծ հոսք հունիսի 27-ից հետո, երբ շրջանավարտները ատեստատներ կստանան։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել