Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առյուծի կաթ» էր խմել

Հունիս 26,2001 00:01

«Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությանն արդեն երկրորդ անգամ բացակայում է փաստաբան Աղասի Աթաբեկյանը։

Երեկ դատարան չներկայացավ 3 հոգեբաններից եւ ոչ մեկը։ Ամբաստանյալին, արդեն 7-րդ նիստն է, ինչ հարցեր է տալիս մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը, ընդ որում, նկատելի էր, որ փոխվել էր հարցադրման ձեւը։ Հարցերը կարճ էին, կտրուկ։

Մեղադրողն ընդհանրապես «ամբաստանյալ» բառից բացի այլ կերպ չի դիմում նրան։ Որոշ հարցեր, ինչպես նախորդ նիստերում, կրկնվում էին։ Փոխարենը, երեկ ամբաստանյալ Նաիրի Հունանյանն իրեն ագրեսիվ էր պահում, նույնիսկ այն աստիճան, որ մեղադրողի հարցերից մեկն «անհեթեթ» եւ ապա «սադրիչ» գնահատեց։ Իսկ դրան չհետեւեց համարժեք պատասխանը, որ առայժմ ինքն է հարցաքննվողը եւ, որ իր կատարած գործողություններն են գնահատվելու։ Ամբաստանյալ Հունանյանի մարտավարությունն էլ էր փոխվել. նա երբեմն-երբեմն հրաժարվում էր պատասխանել մեղադրողի հարցերին, պատճառաբանելով, թե այդ մասին ինքը «մայրենիով ասել է», որ «ցուցմունքներում հայտնել է այն, ինչի մասին խոսել է», որ «չի պատասխանի»։

Բանը հասավ նույնիսկ նրան, որ իրեն գաղափարակից համարեց զինդատախազության քննիչներ Սամվել Հովհաննիսյանին եւ Հրաչ Այվազյանին, «ինչ-որ չափով» էլ իր նախկին պաշտպան Արտաշես Պահլավունուն։ Ամբաստանյալը մոռանալով, որ «կտտանքների» եւ «բռնության» ենթարկած քննիչների դեմ ժամանակին բացարկ էր հայտնել, նույնիսկ միջնորդել, որ նրանք, որպես վկա դատակոչվեն եւ հիշողության այս կարճ նոպայի մեջ էլ «հիշեց», օրինակ, որ Սամվել Հովհաննիսյանն իրեն ազգային հերոս է անվանել։ Այս հանելուկի բացատրությունն էլ գտավ նա, ասելով, թե իր «տպավորությամբ նրանց մեջ խոսում էր անձը, ոչ թե քննիչը, այլ՝ մարդը»։

Խոսելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հանցավոր ռեժիմը տապալելու մասին, նա հայտնեց, որ դիմել է նրա մամուլի խոսնակ Լ. Զուրաբյանին՝ աշխատանք ակնկալելու հույսով։ Այս ռեբուսն էլ լուծվեց հետեւյալ պատասխանով. «Պետական աշխատանքի անցնելու համար դիմել եմ իրենց, որը ռեժիմը տապալելու ամենակարճ, լավագույն ճանապարհն էր»։

Նա չթաքցրեց էլ, որ իր նպատակը (անկախ աշխատանքի բնույթից) «նախագահի շենքում» հայտնվելն էր։

– Ի՞նչ նպատակ ունեիք,- հարցրեց մեղադրողը։

– Շենքում աշխատելու նպատակն այն էր, որ ես այդպիսով շատ ինֆորմացիա կունենայի եւ շատ հնարավորություններ՝ ռեժիմը տապալելու։

– Դուք նախապես պլա՞ն էիք ունեցել իշխանությունը կործանելու։

– Կարծում եմ, որ դժվար չէ եզրակացություն անելը։ Դեռեւս 1992 թվականից խոսել եմ այդ մասին Հրայր Մարուխյանի հետ։ – Նշեք գոնե 3 մարդ, որ ձեր խելքին են եղել, ձեզ գաղափարակից։

– Եթե անջատված գործով պարապ են մնացել, ապա չեմ պատասխանի։

– Դուք ձեր հայացքով փնտրում էիք դահլիճը եւ հրապարակային դատ էիք պահանջում։ Ի՞նչն է խանգարում, որ անուններ տաք։ Ինչո՞ւ եք տեղում դոփում, թե քայլվածքով։

– Հարցին անիմաստ եմ համարում պատասխանել։ Իր ծրագրի մասին խոսելով, ամբաստանյալը մեկ անգամ եւս շեշտեց, որ այն «ծայրահեղ անհրաժեշտության պաշտպանությունից» եւ «օրենքի շրջանակներից դուրս չի եղել»։

– 92-ին ինչի չէիք գնում իշխանափոխության,- հարցրեց մեղադրողը, քանի որ ամբաստանյալը հայտնել էր, որ Հրայր Մարուխյանին ասել է այդ մասին։

Հետեւեց այս պատասխանը. – Առաջարկել եմ իմ կուսակցության ղեկավարությանը, ոչինչ չի արվել։ Ամբաստանյալն իշխանափոխության բուրգում գտնվողներից նկատի էր ունեցել «Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ այդ հհշածին երեւույթը»։

Ապա ամբարտավան տոնով հայտարարեց, որ անունների ցուցակ չի կազմել, որպեսզի պատասխանի մեղադրողի հարցին։ Այն ավարտվեց «ոգեշունչ» մի նախադասությամբ. «Կարող եք չկասկածել. այդ մարդկանց անունները ժողովուրդը գիտե, որ այդ գալու է, որ նրանք մեկ առ մեկ պատասխան են տալու»։

ԱԺ նախագահի, նրա երկու տեղակալների սպանության կապակցությամբ էլ ասաց, որ Յու. Բախշյանը եղել է նախկին իշխանությունների մեջ։ «Ինչ վերաբերում է Կարեն Դեմիրճյանին, այդ նույն իշխանության օրոք շատ լավ գիտեք, որտեղ էր նա աշխատում եւ ինչ էր գլխավորում»։

Ամբաստանյալը մոռանալով, որ նախորդ նիստում ասել էր, թե ով շարժում է արել, նրան են կրակել, երեկ հակառակը պնդեց, թե նման ծրագիր չի եղել։

Մեղադրողը վկայակոչելով «Առավոտ» թերթը, ամբաստանյալին «տեղեկացրեց», որ հարցման արդյունքներով նա համարվել է 20-րդ դարի ամենամեծ ոճրագործը։ Ամբաստանյալը փորձեց ճշտել հարցում անողին, աղբյուրը՝ պատասխանելու համար։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930