Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն

Հունիս 26,2001 00:00

ՆԵՐԵՑԻՆ, ԲԱՅՑ՝ ՍԽԱԼ Դատարանն իրավունք չուներ համաներում կիրառել 1999 թվականի «Հոկտեմբերի 27»-ի գործով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 2001թ. հունիսի 20-ին համաներում կիրառեց 1999 թվականի «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալներ՝ Արմեն Գասպարյանի, Ավետիք Մինասյանի, Սարգիս Եթիմյանի, Սարգիս Ղլեչյանի, Միսակ Մկրտչյանի եւ Արմեն Հարությունյանի նկատմամբ, որոնցից Արմեն Գասպարյանը եւ Ավետիք Մինասյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածով, Սարգիս Եթիմյանը, Սարգիս Ղլեչյանը եւ Միսակ Մկրտչյանը՝ 232 հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Հարությունյանը՝ 84 հոդվածով: Համաներում կիրառելիս դատարանը, անշուշտ, պետք է ղեկավարվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածով, որտեղ թվարկված են քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները: Այդ հոդվածի 1-ին կետում քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների շարքում նշվում է համաներման ակտի ընդունումը (13-րդ կետ): Նույն հոդվածի 5-րդ կետում ասված է՝ «5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքները, լուծում է (ընդգծումն իմն է՝ Վ.Ն.) մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»: Համաներման մասին ՀՀ Ազգային ժողովի որոշումը Պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է 2001թ. հունիսի 12-ին եւ ենթակա է կատարման հրապարակման պահից մինչեւ 2001թ. սեպտեմբերի 13-ը (14-րդ կետ): Ինչ խոսք, 8 օր ժամկետը միանգամայն բավարար էր, որ դատարանը «հայտնաբերեր» այդ որոշումը՝ որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք: Սակայն խնդրի էությունն այն է, որ նման հայտնաբերումից հետո դատարանը պարտավոր էր հենց այդ նույն համաներման որոշման հիման վրա, դրա բովանդակությանը լիովին համապատասխան, կիրառել համաներումը, այսինքն՝ դատարանը պետք է ղեկավարվեր ոչ թե «համաներում» բառով, այլ համաներման մասին որոշման բովանդակությամբ: Նման ճշմարիտ մոտեցման դեպքում դատարանը պարտավոր էր համաներում չկիրառել այդ որոշման 5-րդ կետով նախատեսված գործերով հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ, ինչպես նաեւ այն անձանց նկատմամբ, ովքեր կատարել են (կամ մեղադրվում են կատարման մեջ) 5-րդ կետով չնախատեսված հանցագործություններ, սակայն որոնց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործի դատաքննությունն արդեն իսկ սկսվել է, սակայն չի ավարտվել (տես՝ համաներման մասին որոշման 2-րդ կետը եւ 9-րդ կետի «ա» ենթակետը), ինչպես նաեւ խրոնիկական ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ եւ վեներական հիվանդություններով տառապող անձանց նկատմամբ «մինչեւ դատարանում գործի քննության ավարտը» (տես՝ 7-րդ կետի 2-րդ մաս) կամ մինչեւ բուժման համապատասխան կուրսն անցնելը (նույն կետի 1-ին մաս): Եթե մի կողմ թողնենք խրոնիկական ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ եւ վեներական հիվանդություններով տառապող անձանց, ապա համաներման մասին որոշման 2-րդ կետի եւ 9-րդ կետի «ա» ենթակետի պահանջների վերլուծությունից միանգամայն ակնհայտ է, որ 1999 թվականի «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների նկատմամբ դատարանն իրավունք չուներ համաներում կիրառել, քանի որ այդ գործի դատաքննությունն արդեն իսկ սկսված է եւ դեռեւս չի ավարտված: Այսպես, համաներման մասին որոշման 2-րդ կետի պահանջն է՝ «2. Կարճել այն անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության, նախաքննության մարմինների, ինչպես նաեւ դատարանների վարույթներում գտնվող, բայց դատաքննությունը չսկսած գործերը, որոնց համար օրենքով սահմանվում է ազատազրկում մինչեւ 3 տարի ժամանակով կամ ազատազրկման հետ չկապված պատիժ, ինչպես նաեւ սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում թվարկված անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնց համար օրենքով սահմանվում է ազատազրկում մինչեւ 5 տարի ժամանակով»: Այս դրույթից ակնհայտ է, որ դատարանն իրավունք ունի համաներում կիրառել իր վարույթում գտնվող քրեական գործով միայն այն դեպքում, երբ գործը գտնվում է դատարանի վարույթում, սակայն գործի դատաքննությունը դեռեւս չի սկսվել կամ արդեն իսկ ավարտվել է եւ դատավճիռը մտել է ուժի մեջ: Մինչդեռ 1999 թվականի «Հոկտեմբերի 27»-ի գործով դատաքննությունը, ինչպես հայտնի է, սկսվել է, սակայն չի ավարտվել: Հետեւաբար, ակնհայտ է, որ տվյալ պարագայում դատարանը պետք է ղեկավարվեր համաներման մասին որոշման 9-րդ կետի «ա» ենթակետով, որը դատարաններին պարտավորեցնում է համաներում կիրառել՝ « – այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը գտնվում են դատարաններում, սակայն մինչեւ սույն որոշման ուժի մեջ մտնելը (այսինքն՝ 2001թ. հունիսի 12-ը) չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել»: Հետեւաբար, համաներումը չէր կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերի քննությունը դատարանում արդեն իսկ սկսվել է: Համաներման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահին վերը թվարկված անձանց նկատմամբ քրեական գործն արդեն իսկ քննվում էր դատարանի կողմից, հետեւաբար, նրանց նկատմամբ համաներում կիրառել չէր կարելի: Դատարանը դատաքննության ընթացքում, եթե պարզեր նրանց (կամ նրանց մի մասի) անմեղությունը, ապա պետք է նրանց նկատմամբ գործը կարճեր ոչ թե համաներման, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված քրեական հետապնդումը բացառող այլ հանգամանքներով (տես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին կետի 1-ից մինչեւ 12-րդ ենթակետերը եւ 2-րդ կետը), իսկ եթե նրանց (կամ նրանց մի մասի) մեղքն ապացուցվեր, ապա դատարանը դատավճիռ կայացնելիս պետք է կիրառեր համաներումը եւ նրանց ազատեր պատիժը կրելուց եւ ոչ թե կարճեր գործը: * * * Հարցի էությունն ավելի մանրամասն բացատրելու համար մոտիկից անդրադառնանք ՀՀ Ազգային ժողովի համաներման մասին որոշմանը: Այդ որոշման բովանդակությունը կարելի է պայմանականորեն բաժանել հետեւյալ մասերի. I Ո՞ւմ նկատմամբ է կիրառվում համաներումը (1-4-րդ կետեր), այսինքն՝ ովքե՞ր են ազատվում պատիժը կրելուց (1-ին կետ) կամ ու՞մ նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատվում է կիսով չափ (3-րդ կետ), կամ մեկ երրորդով (4-րդ կետ) եւ ո՞ր անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության, նախաքննության մարմինների, ինչպես նաեւ դատարանների վարույթներում գտնվող գործերը կարճվում են (2-րդ կետ): II ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ համաներում չի կիրառվում (5-րդ կետ): III Համաներման մասին որոշումն ինչպիսի՞ հանգամանքներում չի ազատում դատավճռով նշանակված լրացուցիչ պատժից՝ բացի աքսորից, արտաքսումից, ինչպես նաեւ գույքի բռնագրավումից (6-րդ կետ): IV Խրոնիկական ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ վեներական հիվանդություններով տառապող անձանց նկատմամբ համաներումն ի՞նչ հանգամանքներում եւ ի՞նչ ժամկետը լրանալուց հետո կարող է կիրառվել (7-րդ կետ): V Ո՞ր մարմինները եւ պաշտոնատար անձինք են կիրառում համաներումը (9-րդ կետ): VI Ինչու՞մն է արտահայտվում դատախազության մասնակցությունը համաներման գործընթացին (10-րդ կետ): VII Մինչեւ ո՞ր ժամկետը հանցագործություն կատարած անձանց վրա է տարածվում համաներումը (11-րդ կետ): VIII Ո՞ր ժամկետում անձը պետք է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչվի կամ նրա 60 տարին լրանա, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի համաներումը (12-րդ կետ): IX Համաներման կապը դատվածության հետ (13-րդ կետ): X Համաներման մասին որոշման կատարման ժամկետը (14-րդ կետ): * * * Համաներման մասին որոշումից բխում է, որ այն կիրառվում է բոլոր քրեական գործերով, բացի այդ որոշման 5-րդ հոդվածում նախատեսված գործերից, այլ կերպ ասած՝ որոշումն արգելում է համաներում կիրառել 5-րդ կետով նախատեսված հանցագործություններով: Այդ որոշումից բխում է, որ համաներում չի կարող կիրառվել նաեւ մի շարք գործերով, որոնք, թեկուզեւ նախատեսված չեն 5-րդ կետով, սակայն համաներում դրանց նկատմամբ կիրառելու համար այլ իրավաբանական փաստեր են պահանջվում: Խոսքը վերաբերում է որոշակի ժամանակահատվածների, որոնց ընթացքում համաներում չի կարող կիրառվել: Դրանք են՝ 1) դատարանի վարույթում գտնվող այն գործերը, որոնց դատաքննությունն արդեն իսկ սկսվել է (2-րդ կետ եւ 9-րդ կետի «ա» ենթակետ). 2) խրոնիկական ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ վեներական հիվանդություններով տառապող անձանց նկատմամբ՝ «մինչեւ դատարանում գործի քննության ավարտը» (7-րդ կետի 2-րդ մաս). 3) նույն անձանց նկատմամբ բուժման համապատասխան կուրսն անցնելու ժամանակահատվածում (7-րդ կետի 1-ին մաս): Այսպիսով, համաներման մասին որոշումն իր կիրառման համար սահմանում է ինչպես հանցակազմային (5-րդ կետ), այնպես էլ ժամանակահատվածային (2-րդ, 7-րդ կետեր, 9-րդ կետի «ա» ենթակետ) արգելքներ: Հետեւաբար, 1999 թվականի «Հոկտեմբերի 27»-ի գործով համաներումը չի կարող կիրառվել մինչեւ գործի դատաքննության ավարտը (2-րդ կետ եւ 9-րդ կետի «ա» ենթակետ) ճիշտ այնպես, ինչպես համաներում չի կարող կիրառվել խրոնիկական ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ եւ վեներական հիվանդություններով տառապող անձանց նկատմամբ, մինչեւ դատարանում գործի քննության ավարտը եւ բուժման համապատասխան կուրսն անցնելը (7-րդ կետ): * * * Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածով եւ համաներման մասին որոշման հիման վրա լուծելով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, պետք է ելներ համաներման մասին որոշման ոչ թե վերնագրից, այլ՝ բովանդակությունից եւ դատաքննության փուլում համաներում չկիրառեր 1999 թվականի «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների նկատմամբ, քանի որ այդ գործի քննությունն արդեն իսկ սկսվել էր եւ չի ավարտվել: Համաներման կիրառման նման ժամանակահատվածային կամ փուլային արգելքը պատահական չէ: Խնդիրն այն է, որ դատաքննության ընթացքում արդեն իսկ սկսվել է ճշմարտության հայտնաբերման գործընթացը: Դատարանը, եղած ապացույցների հիման վրա եւ իր նախաձեռնությամբ նոր ապացույցներ ձեռք բերելով ու դրանք վերլուծելով եւ գնահատելով, պարզում է անձի մեղավորությունը կամ անմեղությունը, այսինքն՝ բացահայտում է գործով ճշմարտությունը: Այս գործընթացը չի կարող ընդհատվել, այն պետք է ավարտվի կա՛մ ամբաստանյալի մեղավորության, կա՛մ նրա անմեղության ապացուցմամբ: Ահա թե ինչու համաներման մասին որոշումն իրավացիորեն բացառում է դատաքննության փուլում համաներման կիրառման հնարավորությունը: ՎԼ. ՆԱԶԱՐՅԱՆ իրավագիտության դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել