ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ԹՌՉԵԼ Պատգամավոր Նորիկ Պետրոսյանը խորհրդարանի դահլիճում հայտարարեց, թե ինքը իրավունք ունի՞ մասնակցել որեւէ հարցի քվեարկության, եթե վերցրել են իր անձնագիրը։ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը գրեթե «պապայական» հոգատարություն ցուցաբերեց, ասելով, որ կզրուցի կոմունիստ պատգամավորի հետ եւ, եթե պարզվի, որ ընկերը ճիշտ է. «Թույլ չենք տա որեւէ օրգան, որեւէ մարմին մեր ԱԺ-ի պատգամավորներից որեւէ մեկի մազին կպնի»։ Իսկ ի՞նչ էր պատահել, ինչո՞ւ էր աղմկում ընկեր Պետրոսյանը, «Առավոտն» արդեն անդրադարձել էր խնդրին։ Ներկայացնենք մի փոքր մանրամասն։ Պատգամավորը հունիսի 22-24-ը Աթենքում կայանալիք միջազգային կոմունիստական եւ արհմիութենական համագործակցության խնդիրներին նվիրված համաժողովին էր հրավիրված։ Բոլոր անհրաժեշտ ծախսերը կատարված էր հրավիրվող կողմի հաշվին։ Հունական դեսպանատանը եւ օդակայանում բոլոր անհրաժեշտ ձեւակերպումներից հետո, թռիչքից մի քանի րոպե առաջ, ըստ Նորիկ Պետրոսյանի, հատուկ ծառայության աշխատակիցները ներկայացրել են նախագահ Քոչարյանի հրամանագիրը եւ արգելել են պատգամավորի թռիչքը՝ վերցնելով նրա դիվանագիտական անձնագիրը։ Նորիկ Պետրոսյանը սա քաղաքական քայլ է որակում։ Երեկ խորհրդարանում տարածվեց վերջինիս ստորագրությամբ մի թերթիկ, որում մասնավորապես ասվում է նաեւ հետեւյալը. «Տարակուսանք է առաջացնում նաեւ այն հանգամանքը, որ անվտանգության մարմինների առկայության պայմաններում երկրից անարգել հեռանում են նույնիսկ հետախուզության մեջ գտնվող հանցագործները, բայց ահա ԱԺ-ի Կոմկուսի խմբակցության անդամը, առանց որեւէ պատճառաբանության, զրկվում է պատգամավորի եւ քաղաքացու իր իրավունքներից»։ Ընկեր Պետրոսյանը այս միջադեպը համարում է «Կոմկուսի դեմ ուղղված հանցավոր սադրանք»։ Անցած օրերի ընթացքում պատգամավորը կատարվածի վերաբերյալ որեւէ պաշտոնական բացատրություն դեռ չի ստացել։ Սեփ. լր.